Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու այնտեղից գնաց»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:13
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց:
Եվ ձեռքերը նրանց վրա դնելուց հետո գնաց այնտեղից:
Ձեռքը դնելու միջոցով նրանց տվեց քահանայության ու մարգարեության շնորհները, որով Իրեն աշակերտելու կանչեց [նրանց], որովհետև ինչպես որ Եղիան մաշկյակը դրեց Եղիսեի վրա, և վերջինս, ամեն ինչ թողնելով, գնաց նրա հետևից (Գ Թագ. 19։19-20), այդպես էլ Տիրոջ ձեռքերից զորացած այս մանուկները, հասունանալով, ավետարանի քարոզիչներ ու Փրկչի առաքյալներ դարձան, ովքեր նաև նահատակվեցին Նրա համար: Նրանցից մեկն էր նաև Իգնատիոս Աստվածազգյացը, ով իբրև աստվածային ցորեն, գազանների ժանիքներով աղացվելով, Աստծո համար սուրբ հաց դարձավ 1:
Իսկ այլաբանորեն` երկնքի արքայության օրինակ է այս աշխարհում սուրբ Եկեղեցին, որ ամենքին կանչում է դեպի իր [մատուցելիք] փրկությունը` ավետարանի քարոզությամբ` ըստ այսմ. «Ինձ մոտ եկողներին դուրս չեմ հանի» (Հովհ. 6։37): Ուստի ովքեր հույսով գալիս են նրա մոտ` շնորհ և օրհնություններ ընդունելու, չպետք է դուրս հանել, այլ ոմանց տալ հոգևոր կնիքը 2, որով գրանցվում են արքայության համար, ոմանց` ձեռնադրության իշխանություն, միայն թե Եկեղեցու մանուկներ լինեն, անմեղ մնան, հեզ ու հանդարտ, սուրբ Եկեղեցին [իրենց] մայրը համարեն և սնվեն նրա կաթով` աստվածաբուխ վարդապետությամբ, այլև Տիրոջ մարմնի և արյան անընդհատ բխմամբ, որպեսզի քահանայապետերի ու քահանաների միջնորդությամբ արժանանան օրհնություն ընդունելու մեր Քրիստոս Աստծուց: Որովհետև նրանց ձեռք դնելով [Սուրբ] Հոգին կընդունեն, քանի որ [Սուրբ Գիրքը երբեմն] «ձեռք» է կոչում [Սուրբ] Հոգու շնորհը` ըստ մարգարեի. «Ինձ վրա եղավ Տիրոջ ձեռքը» (Եզեկ. 1։3), և առաքյալները ձեռք էին դնում, և [մարդիկ] Սուրբ Հոգին էին ստանում, Քրիստոսն էլ Հոգին «մատ» անվանեց (Ղուկ. 11։20):
Բայց ինչո՞ւ ձեռք: Ինչպես ձեռքն է գործի սպասավոր, այդպես էլ ում Հոգին կանչում է, Եկեղեցում [որևէ] գործառության համար է կանչում` լինի դեպի քրիստոնեություն, թե սարկավագություն կամ քահանայություն: Որովհետև այս սուրբ կարգերը կատարյալ գործ են և բոլոր գործերից ավելի արժանավոր, որոնք եթե անմեղ մանկանց օրինակով են կատարվում, Եկեղեցուն հետևելով` [դրանք կատարողներն] արքայության շնորհն են ժառանգում` իբրև զորավիգ ու պաշտպան ունենալով [Սուրբ] Հոգուն: Իսկ եթե հեղգ ծառայի պես, ով արծաթը թաշկինակի մեջ թաքցրեց (Մատթ. 25։18), ծուլանալով տրտմեցնում են Հոգուն, Որով կնքվեցին փրկության օրը (Եփես. 4։30), [Տերը] հրամայում է մեջտեղից վերացնել [նրանց], այսինքն` Իր տված շնորհը հոգուց վերցնել և [մարդու] մնացած մասը, որ անպիտան է, դեպի կրակն ուղարկել` ըստ այսմ. «Ով ունի, նրան կտրվի և կավելացվի, իսկ ով չունի» բարի գործեր, «ունեցած» շնորհն էլ «կվերցվի նրանից» (Մատթ. 25։29):
--------------------------------
1 . «Սբ Իգնատիոս Աստվածազգյացի` Հովհաննես Ավետարանչի աշակերտի և սբ Պողիկարպոս Զմյուռնացու աշակերտակցի մասին պատմվում է, որ նա եղել է այն մանուկներից մեկը, որոնց Տերն Իր գիրկն առավ ու օրհնեց: Նրա անվան հունարեն տարբերակը, Թեոֆորոս, տարբեր շեշտադրությունների դեպքում կարող է նշանակել թե՛ Աստծուն կրած, թե՛ Աստծուց կրված: Ծործորեցին այս նախադասության մեջ վերաշարադրում է հենց սբ Իգնատիոսի խոսքերը, գրված Հռոմեացիներին ուղղված նրա նամակում (գլ. 2, ըստ հայկ. տարբերակի և հատված 4, ըստ այլալեզու հրատարակությունների). «Աստծո ցորենահատ եմ, գազանների ատամներով կաղացվեմ և Աստծո սուրբ հաց կդառնամ»: Այդ, ինչպես նաև այլ նամակներ, ուղղված այլ քաղաքների քրիստոնեական համայնքներին, նա գրել է Անտիոքից (որի եպիսկոպոսն էր նա) դեպի Հռոմ ճանապարհին: Ծերունի եպիսկոպոսը գնում էր Հռոմ զինվորների ուղեկցությամբ ու շղթայակապ, և ճանապարհին տարբեր քաղաքներում, ուր կանգ էին առնում, քրիստոնյաները մոտենում էին նրան և ստանում նրանից խրատական նամակներ: Հռոմում, 117թ.-ին, Տրայիանոս կայսեր օրոք, սμ Իգնատիոսը, Փլաբիանոսի մեծ ամֆիթատրոնում առյուծների առաջ գցվելով ու նրանցից բզկտվելով, նահատակվում է:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:13
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: