Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:23

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

23-26. «Հիսուս Իր աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ է Երկնքի արքայություն մտնելու»»։ «Բայց դարձյալ ասում եմ ձեզ. ուղտն ասեղի ծակով ավելի հեշտ կանցնի, քան հարուստը Աստծու արքայություն կմտնի»։ «Երբ Նրա աշակերտները լսեցին դա, շատ զարմացան ու ասացին. «Հապա ո՞վ կարող է փրկվել»»։ «Իսկ Հիսուս նայեց նրանց և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է»»։
   
   Իսկապես, փրկության ճանապարհին այնքան շատ արգելքներ չունեն նրանք, ովքեր քիչ ունեցվածք ունեն, որքան նրանք, ովքեր ընկղմված են հարստության անդունդի մեջ, որովհետև հարստության հանդեպ կիրքն այս վերջին պարագայում սովորաբար ավելի ուժեղ է լինում։ Եվ ես երբեք չեմ դադարի կրկնել, թե հարստության ավելացումն ավելի ու ավելի է բորբոքում կրքի բոցը և հարուստներին ավելի աղքատ է դարձնում, քան առաջ էին։ Նրանց սրտում անդադար նոր ցանկություններ արթնացնելով՝ այդպիսով ստիպում է գիտակցել իրենց ողջ չքավորությունը։ Ահավասիկ, տե՛ս, թե այդ կիրքն այստեղ ինչպիսի զորությամբ է հանդես գալիս։ Նրան, ով ուրախությամբ ու ջանասիրությամբ էր մոտեցել Հիսուսին, հարստության մոլուցքն այնպե՛ս կուրացրեց ու ծանրաբեռնեց, որ երբ Քրիստոս նրան հրամայեց բաժանել իր ունեցվածքը, նա նույնիսկ որևէ մի պատասխան չկարողացավ տալ Փրկչին, այլ լուռ հեռացավ Նրանից՝ գլխիկոր ու տրտմած։ Իսկ ի՞նչ է անում Քրիստոս։ «Հարուստը դժվարությամբ է Երկնքի արքայություն մտնելու» (Մատթ. 19:23)։ Քրիստոս այս խոսքերով ոչ թե հարստությունն է պախարակում, այլ նրա՛նց, ովքեր բռնվել են այդ կրքով։ Իսկ եթե հարուստի համար դժվար է Երկնքի արքայություն մտնելը, ապա ուրեմն ի՞նչ կարելի է ասել ագահի վերաբերյալ։ Եթե սեփական ունեցածից ուրիշին չտալն արդեն իսկ խոչընդոտ է դեպի Արքայություն տանող ճանապարհին, ապա պատկերացրո՛ւ, թե ինչպիսի կրակ է ամբարում իր դեմ նա՛, ով յուրացնում է ուրիշի ունեցածը։ Բայց ինչո՞ւ Քրիստոս Իր աշակերտներին ասաց, թե հարուստի համար դժվար է Երկնքի արքայություն մտնելը, երբ աշակերտներն իրենք էլ աղքատ էին և նույնիսկ չնչին հարստություն չունեին։ Ա՛յն բանի համար, որպեսզի նրանց ուսուցանի բնավ չամաչել իրենց աղքատությունից, ինչպես նաև՝ աշակերտների առջև «արդարացում» բերելու առ այն, թե Հիսուս Ինքն ինչո՛ւ էր ավելի վաղ նրանց խորհուրդ տվել ոչինչ չունենալ։ Այստեղ ասելով, թե հարուստի համար անհարմար է մտնել Երկնքի արքայություն՝ Քրիստոս հետագայում էլ ցույց է տալիս, որ դա իսկապես անհնարին է, և ոչ թե պարզապես անհնարին, այլև վերին աստիճանի անհնարին, ինչը և բացատրում է ուղտի ու ասեղի ծակի օրինակով։ «ուղտն ասեղի ծակով ավելի հեշտ կանցնի, - ասում է, - քան հարուստը Աստծու արքայություն կմտնի»։ Իսկ սրանից երևում է, որ մեծ պարգև է սպասվում նրանց, ովքեր հարստության տեր լինելով հանդերձ՝ կարողանում են իմաստությամբ ապրել։ Դրա համար էլ Քրիստոս այդպիսի կենսակերպն անվանում է «Աստծու գործ», որպեսզի ցույց տա, թե որքան շնորհ է հարկավոր նրան, ով ցանկանում է այսպես ապրել։ Իսկ երբ աշակերտները շփոթվեցին՝ լսելով Հիսուսի խոսքերը, Նա շարունակեց Իր խոսքը՝ ասելով. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մատթ. 19:26)։ Սակայն աշակերտներն ինչո՞ւ են շփոթվում, չէ՞ որ իրենք անձնապես աղքատ էին, և նույնիսկ՝ չափազանց աղքատ։ Ի՞նչն է անհանգստացնում նրանց։ Քանի որ Հիսուսի աշակերտները չափազանց ուժգին սեր ունեին ողջ մարդկության հանդեպ և արդեն իսկ ստանձնել էին նրանց ուսուցիչները լինելու պաշտոնը, վախենում էին մյուս մարդկա՛նց համար՝ անհանգստանալով ամենքի փրկության համար։ Հենց այս մտածումն էր, որ շատ ուժգին շփոթեցրեց նրանց, այնպես որ նրանք մեծապես կարիք ունեին մխիթարության։ Ահա թե ինչու Հիսուս, նախ նրանց նայելով, ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է» (Ղուկ. 18:27)։ Հեզ ու հանդարտ հայացքով Նա հանդարտեցնում է աշակերտներին հուզող մտքերը և փարատում տարակուսանքը (հենց սա է մատնանշում նաև Ավետարանիչը՝ «նայեց» բառի կիրառությամբ)։ Իսկ այնուհետև նաև խոսքերով է քաջալերում Իր աշակերտներին՝ մատնանշելով Աստծու զորությունը, և այդպիսով նրանց մեջ հույս է արթնացնում։ Իսկ եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպես կարող է անհնարինն էլ հնարավոր դառնալ, ապա լսի՛ր։ Չէ՞ որ երբ Քրիստոս ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է», դա չասաց, որպեսզի դու թուլանաս հոգով և հեռանաս փրկության գործից՝ որպես անհնարին մի իրողություն։ Բնա՛վ, Նա դա ասաց, որպեսզի դու, գիտակցելով հարցի մեծությունը, ավելի արագ ձեռնամուխ լինես փրկության գործին և, Աստծու օգնականությամբ ոտք դնելով այս սքանչելի սխրանքների ճանապարհին, արժանանաս հավիտենական կյանքին։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայութիւնը:
   

   Հիսուսն ասաց աշակերտներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն»:

   Չասաց, թե չի մտնի, այլ թե դժվարությա՛մբ կմտնի, որովհետև ընչասերների միտքը կպածբևեռված է բազում ունեցվածքին, և [այն] իբրև անդամ միացրել են իրենց. ուստի [Տերն] ասաց, որ բաժանելը դժվար կլինի. ոչ թե ունեցվածքն է մերժում, այլ ունեցվածքի հանդեպ անպատշաճ սերը պախարակում: Ուրեմն` եթե նրանք, որ իրենցն ունեն, դժվարությամբ կմտնեն [արքայություն], ապա ի՞նչ կլինի նրանց, որ ուրիշներինն են հափշտակում: Եվ [Տերն] աննպատակ չի հասցեագրում խոսքն Իր աշակերտներին: Որպեսզի դարձյալ չձգտեն աշխարհին, որից նրանք նոր էին հրաժարվել: Այլև զգուշացնում է օտարի դեմքով չամաչել աղքատությունից, երբ այն վրա հասնի: Իսկ Մարկոսն ասում է. «Նայեց այս կողմ, այն կողմ» (Մարկ. 10։23), որովհետև [այդ խոսքն] ասվեց ոչ միայն հարուստներին ի զգուշություն, այլև Նրա աշակերտներին, ինչպես ցույց տրվեց: Կամ էլ` [Նրա] երկու կողմում էլ հարուստներ էին, նայեց և ոչ ոքի արժանի չգտավ, ուստի խոսքն Իր աշակերտներին հասցեագրեց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայութիւնը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16