Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:7

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

7-10. «Նրանք ասացին Նրան. «Ուրեմն ինչո՞ւ Մովսեսը մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ ու բաժանվել նրանից»»։ «Նա ասաց նրանց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց բաժանվել ձեր կանանցից, բայց սկզբում այդպես չի եղել»»։ «Բայց Ես ասում եմ ձեզ. ով իր կնոջից բաժանվի ոչ պոռնկության պատճառով և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն է անում նաև նա, ով արձակվածի հետ է ամուսնանում»։ «Աշակերտներն ասացին նրան. «Եթե ամուսնու հարաբերությունը կնոջ հետ այդպիսին է, ավելի լավ է չամուսնանալ»»։
   

    Իսկ ի՞նչ պետք է անեին սրանից հետո։ Մի՞թե չպիտի լռեին և գովաբանեին ասվածը։ Մի՞թե չպիտի զարմանային Հիսուսի իմաստությամբ։ Մի՞թե չպիտի ապշեին Քրիստոսի՝ Հայր Աստծու հետ այսպիսի համաձայնությամբ։ Բայց փարիսեցիները թվարկվածներից որևէ մեկը չեն անում, այլ կրկին շարունակում են վիճաբանել և ասում են. «Ուրեմն ինչո՞ւ Մովսեսը մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ ու բաժանվել նրանից» (Մատթ. 19:7)։ Թեև ոչ թե նրանք Հիսուսին այդպիսի առարկություն պիտի ներկայացնեին, այլ Հիսուս՝ նրանց, սակայն, այդուհանդերձ, Փրկիչը չի մեղադրում նրանց, նաև չի ասում, թե՝ Ես մեղավոր չեմ դրանում, այլ ի չիք է դարձնում նաև այս առարկությունը։ Եվ եթե Նա համաձայն չլիներ հին օրենքի հետ, ապա վիճաբանության մեջ չէր մտնի հանուն Մովսեսի, չէր հիմնվի հենց սկզբում մեկ անգամ սահմանված օրենքի վրա, այլ կջանար ապացուցել, թե Իր խոսքերը հակասում են հին օրենքին։ Բայց Մովսեսը պատվիրել էր նաև շատ ուրիշ բաներ, օրինակ, կերակրի ու շաբաթի մասին։ Ինչո՞ւ ուրեմն փարիսեցիները Հիսուսին չեն մատնանշում այդ պատվիրաններն այնպես, ինչպես դա անում են այս պարագայում։ Որովհետև ցանկանում են ժողովրդին Քրիստոսի դեմ զինել։ Հրեաների մեջ ապահարզանը սովորական երևույթ էր, և բոլորը «օգտվում» էին դրանից։ Դրա համար էլ լեռան վրա ասված բոլոր պատվիրաններից նրանք հիմա հիշում են միայն սա։ Բայց անճառելի Իմաստությունն այս պատվիրանն էլ է պաշտպանում, և ասում է. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով» (Մատթ. 19:8) այսպիսի օրենք սահմանեց։ Փրկիչը թույլ չի տալիս պախարակել նաև Մովսեսին, քանի որ Ինքն իսկ էր նրան տվել այդ օրենքը, սակայն նաև Մովսեսին ազատում է դատապարտումից, և սլաքներն ուղղում է փարիսեցիների կողմը, ինչպես որ մշտապես անում է։ Այսպես, երբ փարիսեցիները Հիսուսի աշակերտներին մեղադրում էին հասկեր քաղելու համար, այդժամ Նա ցույց տվեց, որ փարիսեցիներն իրենք էլ զերծ չէին մեղադրանքից։ Եվ այն դեպքում, երբ նրանք հանցանք էին համարում անլվա ձեռքերով ուտելը, Հիսուս ցույց տվեց, որ փարիսեցիներն իրենք էլ հանցագործ էին։ Այսպես Նա վարվեց՝ շաբաթի մասին խոսելով, այսպես Նա վարվում էր ինչպես ամենուր, այդպես էլ այստեղ։ Այնուհետև, քանի որ Քրիստոսի խոսքերը նրանց համար անտանելի ու շատ հանդիմանական էին, ուստի Նա անմիջապես Իր խոսքը դարձնում է դեպի հին օրենքը՝ ասելով նույն բանը, ինչ ավելի վաղ ասել էր. «Սկզբում այդպես չէր․․․», այսինքն՝ սկզբում հենց գործով Աստված մեզ տվեց հակառակ մի օրենք, որպեսզի փարիսեցիները չասեին՝ որտեղի՞ց է հայտնի, թե Մովսեսը սա ասաց մեր սրտի կարծրության պատճառով։ Քրիստոս այսպիսով նրանց կրկին ստիպում է լռել։ Իսկապես, եթե այս օրենքն ավելի վաղ տրված լիներ և օգտակար լիներ, ապա այն մյուսը սկզբում տրված չէր լինի, և Աստված, մարդուն ստեղծելով, նրան այդպիսին չէր ստեղծի (այսինքն՝ միայն ամուսնու ու կնոջ դեմքով), և Քրիստոս չէր ասի. «Բայց Ես ասում եմ ձեզ. ով իր կնոջից բաժանվի ոչ պոռնկության պատճառով և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն է անում նաև նա, ով արձակվածի հետ է ամուսնանում» (Մատթ. 19:9)։ Այն բանից հետո, երբ Հիսուս փարիսեցիներին ստիպեց լռել, Նա, որպես Տեր, սահմանեց մի օրենք՝ ճիշտ այնպես, ինչպես Նա դա արել էր, երբ դատողություն էր անում կերակրի ու շաբաթ օրվա օրենքը պահելու մասին։ Ինչպես այն ժամանակ, կերակրի օրենքի հանդեպ նրանց տեսակետը հերքելով, Հիսուս ժողովրդին ասաց, թե «ոչ թե՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն» (Մատթ. 15:11), նմանապես նաև, ամոթի մատնելով նրանց շաբաթ օրվա օրենքի պահպանության հարցում, ասաց. «Ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել» (Մատթ․ 12։12), այդպես էլ այս դրվագում է վարվում Հիսուս։ Բայց ինչը որ այնտեղ պատահեց, նույնը պատահում է նաև այստեղ։ Ինչպես այնտեղ, երբ Հիսուս հրեաներին ամոթահար թողեց, աշակերտները նույնպես շփոթմունքի մատնվեցին և, Պետրոսի հետ մոտենալով Նրան, ասում էին. «Մեկնի՛ր մեզ համար առակը» (Մատթ. 13:36), այդպես էլ այստեղ, շփոթվելով, ասում էին. «Եթե այդպիսին է մարդու պարտականությունը կնոջ հանդեպ, ապա ավելի լավ է չամուսնանալ» (Մատթ. 19:10)։ Բայց այժմ նրանք ավելի լավ հասկացան ասվածը, քան ավելի վաղ։ Դրա համար էլ այն ժամանակ լռեցին, իսկ այժմ, քանի որ առարկությունը հերքվեց, հարցը լուծվեց, և օրենքն ավելի պարզ դարձավ, հարց են ուղղում Հիսուսին։ Բացահայտորեն հակասել չեն համարձակվում, այլ ներկայացնում են միայն այն, ինչն ասվածից իրենց թվում է կարևոր ու դժվարին։ «Եթե այդպիսին է, - ասում են աշակերտները, - մարդու պարտականությունը կնոջ հանդեպ, ապա ավելի լավ է չամուսնանալ»։ Նրանց թվում էր, թե որ չափազանց անտանելի է ունենալ ամեն տեսակի չարիքներով լեցուն մի կին և անընդհատ կողքին ունենալ մի անսանձ գազանի։

    Այն, որ աշակերտներն իսկապես շփոթվեցին, ցույց է տալիս նաև Մարկոսը՝ ասելով, թե նրանք առանձին Հիսուսին հարցնում էին այդ մասին։ Իսկ ի՞նչ են ապա նշանակում նրանց խոսքերը. «Եթե այդպիսին է մարդու պարտականությունը կնոջ հանդեպ»։ Ա՛յն են նշանակում, որ եթե ամուսինն ու կինը մեկմեկու են միացել, որպեսզի կազմեն մեկ ամբողջություն, եթե ամուսինն այնպիսի պարտավորվածություն ունի, որ ամեն անգամ, երբ արձակում է կնոջը, հակառակ է վարվում օրենքին, ապա ուրեմն ավելի հեշտ է մարտնչել ի բնե գործող ցանկության ու հենց սեփական անձի դեմ, քան թե՝ պայքարել ընդդեմ մի չար կնոջ։

    «Նա ասաց նրանց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց բաժանվել ձեր կանանցից, բայց սկզբում այդպես չի եղել»» - եթե դա բարի լիներ, - կարծես ասում է Հիսուս, - ապա Աստված չէր ստեղծի մեկ ամուսին ու մեկ կին, այլ, մեկ Ադամին ստեղծելով, կստեղծեր երկու կին, եթե ցանկանար հնարավորություն տալու՝ մեկին մերժել, իսկ մյուսին ընդունել։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ Տերը հենց արարչագործությամբ է սահմանել մի օրենք, որը Ես այժմ պատվիրում եմ։ Ուրեմն ո՞րն է այդ օրենքը։ Ա՛յն, որ մարդը մշտապես իր կողքին ունենա այն կնոջը, որը սկզբից իսկ բաժին է հասել իրեն։ Այս օրենքն ավելի հին է, քան մյուսը, և այնքա՜ն հին է, որքան Ադամն ավելի հին է, քան Մովսեսը։ Այսպիսով, Ես հիմա նոր օրենք չեմ ներմուծում ու տարօրինակ ուսմունք չեմ առաջարկում, այլ մի այնպիսի՜ օրենք, որն ավելի հին ու հնագույն է, քան Մովսեսի օրենքը։ Ավելորդ չէ լսել նաև հենց այն օրենքը, որը Մովսեսը սահմանել է դրա վերաբերությամբ։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Նրան ասացին. «Իսկ Մովսէսը ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»:
   

    Ասացին Նրան. «Իսկ Մովսեսն ինչո՞ւ պատվիրեց մեզ բաժանման թուղթ տալ և արձակել»:

    Դարձյա՛լ տես նրանց անմտությունը: Ինչի վրա պետք էր զարմանալ` [Հիսուսի] իմաստության, նրանք դա թողած` վիճում էին` ասելով. «Մովսեսն ինչո՞ւ պատվիրեց», երբ ոչ թե նրանք` Նրան, այլ Նա նրանց պիտի պատասխաներ: Բայց չի ասում թե` «Ես դրա հետ գործ չունեմ», այլ դա ևս պարզաբանում է: Իսկ ինչու էին Մովսեսին վկայաբերում, ինչը երբեք չէին արել. ինձ թվում է` դրանով կամենում էին ամբոխ կուտակել [Հիսուսի] շուրջ, որովհետև հրեաների մեջ տարածված էր այդ բանը, և գրեթե ամենքն այդպես էին վարվում 1, ուստի Մովսեսի վրա հենվելով` ընկան: Իսկ [ապահարզանի] թղթի մասին խոսվել է (Տես 5։31-ի մեկնությունը):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Նրան ասացին. «Իսկ Մովսէսը ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:3