Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:19

Հովհաննես Ծործորեցի

Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ:
   

    Ճանապարհի վրա մի թզենի տեսնելով` եկավ նրա մոտ և վրան ոչինչ չգտավ, տերևից բացի: Մարկոսն ասում է, որ պտղի ժամանակը չէր 1153 , որովհետև մարտ ամսին ծառը պտուղ չի ունենում, մանավանդ թզենին, այլ [ունենում է] հոկտեմբերին: Այդ դեպքում [Հիսուսն] ինչո՞ւ մոտեցավ [թզենուն]: Անգիտությամբ չէ, որ Ամենատեսը գնաց ծառի մոտ, այլ ինչպես որ Ադամին ասվեց. «Որտե՞ղ ես» (Ծննդ. 3։9), և Կայենին` «Որտե՞ղ է եղբայրդ» (հմմտ. Ծննդ. 4։9), Ղազարոսի քույրերին` «Որտե՞ղ դրեցիք նրան» (Հովհ. 11։34), այդ պես էլ այստեղ [է ասում], որպեսզի ճշմարտապես ցույց տա Ադամից Իր վերցրած անգիտությունը, միևնույն ժամանակ հրաշագործության համար ճանապարհ հարթի: Բայց ոմանք այլաբանորեն ասում են, որ թզենին խորհրդանշում է հրեաներին, ովքեր Օրենքի ճանապարհի վրա էին տնկված, և Քրիստոսը եկավ նրանց մոտ` պտուղ գտնելու` Օրենքի պահանջած գործերը, բայց ոչինչ չգտավ, «տերևից բացի», այսինքն` համայն կեղծավորությունից ու ծերերի բարեձև ավանդությունից, կերակուրների խտրանքից, մարմնի լվացումներից, շաբաթապահությունից, այլև Աբրահամի որդիությունից և Իսրայել անունից, որից ոչ մի օգուտ չունեցան, քանի որ [Տերն այն] վերցրեց նրանցից և արտաքսեց նրանց:

    Նաև մարդն է իբրև թզենի տնկվել այս կյանքի ճանապարհին, որպեսզի Աստծուն տա ճշմարիտ հավատ ու մաքուր գործեր: Իսկ եթե գործերի պտուղներ չտա իրեն Տնկողին, ապա երբ [Վերջինս] գա երկնքից և ասածներիցս ոչինչ չգտնի նրա մեջ, սին հույսի տերևից բացի (քանի որ [մարդը] կարծում է, թե Աստված ողորմած լինելով` չի տանջելու), և քանի որ [այդ ժամանակը] պտղի ժամանակը չէ, ինչպես ասաց Մարկոսը, որովհետև այդ ժամանակ խոսքերն ու գործերը դադարելու են` ըստ [Սուրբ] Գրքի, ապա կփակվի ողորմության դուռը, ինչպես հիմար կույսերի առաջ 1154, և հույսի տերևը նրանց չի ազատի պատիժներից, այլ կլսեն ահավոր անեծքը թե` «Հեռացե՛ք Ինձնից, անիծյալնե՛ր, չգիտե՛մ ձեզ» (հմմտ. Մատթ. 25։41), ինչպես ասում է [ավետարանական] հաջորդ [խոսքը]:

    Եվ ասաց նրան. «Այսուհետ թող քեզնից պտուղ չլինի՛ հավիտյան», և թզենին իսկույն չորացավ: Քննելու կարիք կա, թե ինչո՛ւ անիծեց թզենուն: [Նախ]` հավանաբար աշակերտների համար, որպեսզի քաջալերվեին և հաստատվեին Նրա խոսքով, իսկ օտարները զարմանային Նրա զորության վրա: Քանի որ ամեն ինչ բարվոք գործեց և ոչ ոքի չպատժեց, պետք էր, որ նաև Իր զորության պատժիչ կողմը ցույց տար, մանավանդ խաչելությանը մերձակա [ժամանակում], որպեսզի չասեին, ինչպես և կարծվեց, թե Նա զորություն չուներ, այդ պատճառով բռնվեց: Կանխապես հայտնեց Իր զորությունը ո՛չ այլ ծառի, քան թզենու վրա, որն ավելի շատ կանաչություն ուներ, որպեսզի ցույց տար, որ կարող էր նաև խաչ հանողներին սատակեցնել խոսքով, եթե կամենար: Ուստիև [ավետարանիչն] ասում է. «Երբ աշակերտները տեսան, զարմացան»: Երկրորդ` Նա եկավ` մարդկությունից վերցնելու ծածուկ տույժերը. երեք հայտնի տեղերում [պատժի] ենթարկեց նրան` գերեզմանները քանդեց ու փշրեց 1155, խոզերը ծովի մեջ խեղդեց 1156 և թզենին արմատից չորացրեց, որպեսզի գերեզմանների քանդվելու հետ անհավատների սրտերը պատռվեին, երամակների խեղդվելու հետ ապստամբների մոլորությունը խեղդվեր, և անհանցանք թզենու չորացման հետ Երուսաղեմն ավերվեր իր հանցանքների պատճառով, ինչը տեղի ունեցավ Տիտոսի և Վեսպասիանոսի ձեռքով. [Երուսաղեմը] բնաջինջ արվեց ու ամայացավ, և նրա շինություններն ավերվեցին: Երրորդ` այն պատճառով անիծեց, որ գրված էր Օրենքում. «Երբ քո հունձն անես, ափնիքը 1157 թող աղքատներին, և երբ այգիդ ու թզենիներդ քաղես, նույն կերպ վարվիր» (հմմտ. Ղևտ. 19։9-10), իսկ թզենու տերն ունկնդիր չեղավ Օրենքին, այլ արհամարհեց, ուստի Օրենքի Տերը եկավ ու անիծեց [թզենին], որպեսզի նրա տերը չուտեր նրանից, քանի որ որբերին ու այրիներին [պտուղ] չէր թողնում:

    Չորրորդ` ինչպես որ երբ գերգեսացիները որոշեցին չգնալ [Քրիստոսի] մոտ, խեղդեց նրանց խոզերը, որպեսզի արթնացներ նրանց միտքը և ստիպված դուրս գային Նրա մոտ, այդպես էլ թզենու տերն էր որոշել չելնել Նրա մոտ. ուստի [Քրիստոսը] չորացրեց նրա թզենին, որպեսզի նա ստիպված դուրս գար [Քրիստոսի] մոտ, որովհետև [Վերջինս] կամենում էր ամենուր մարդկության փրկության համար ա ռիթներ [ստեղծել]: Հինգերորդ` այն ժամին, երբ Ադամը մեղանչեց, մերկացավ իր ունեցած փառքից և թզենու տերևից սփածանելի պատրաստեց իր համար, մեր Տերը մարմնով եկավ երկիր, անիծեց թզենին` որպես Ադամի մեղքի խորհրդանիշ, և բևեռվեց խաչին, որպեսզի հայտներ, որ այդուհետև թզենու տերևի` որպես Ադամի հագուստի կարիքը չկար, քանի որ նա դարձյալ հագավ իր նախկին փառքը: Վեցերորդ` Փրկիչը եկավ երկնքից` գտնելու մարդկանց կյանքը, ինչն [այստեղ] քաղցով է խորհրդանշվում, և գտավ լայն ու ընդարձակ ճանապարհը հայտնի դարձած, գնաց նրա մոտ և տեսավ նրան սաղարթապատ, այսինքն` մեղքերով ու մոլորություններով ծաղկած, բայց անպտուղ, քանի որ [պտղի] ժամանակը չէր, որովհետև Քրիստոսի գալստյան ժամանակ ինչպե՞ս կարող էր մահը պտղաբերել, որ թագավորում էր Ադամից մինչև Մովսես, այսինքն` մինչև Օրենք, որին էլ ասվեց թե` «Այսուհետ թող քեզնից պտուղ չլինի՛ հավիտյան»: Այսինքն` նախքան Իմ գալուստը մահ պտղաբերեցիր, ահա եկա Ես` Հարությունս, ուստի Իմ գալստյամբ թող այսուհետ քեզնից պտուղ չլինի հավիտյան: Եվ իսկույն չորացավ թզենին, և իրականացավ գրվածը թե` «Ընկղմվեց, մա՛հ, քո հաղթությունը» (հմմտ. Ա Կոր. 15։54, Ես. 25։8):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:18