Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:3

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Արդ, այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահե՛ք ու արե՛ք, բայց նրանց գործերի պե՛ս մի արեք, որովհետև նրանք ասում են, բայց չեն անում»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:1
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում:
   

    Այն ամենը, որ ասեն ձեզ, արե՛ք ու պահե՛ք, բայց նրանց գործե րի համաձայն մի՛ վարվեք, որովհետև ասում են ու չեն անում:

    Ինչո՞ւ է սա ասում: Նախ` քանի որ Տերն է և Տիրոջ մասին հիշատակեց, գնում է դեպի Օրենքը, որովհետև թեպետ Օրենքը ոչ թե սա 1 է ասում, որը Դավթի խոսքն է, այլ` «Քո Տեր Աստվածը մեկ Տեր է» (հմմտ. Բ Օր. 6:4), բայց [Սուրբ] Գիրքն ամբողջ Հին [Կտակարանն] է Օրենք համարում: Ուրեմն` [Տերն] ասում է` ինչ որ Օրենքից են քարոզում [փարիսեցիներն ու օրենսգետները], լսե՛ք, քանի որ հենց Օրենքն է Ինձ Տեր քարոզում: Երկրորդ` Ծնողի հետ [Իր] միաբանությունն է ցույց տալիս, որովհետև եթե Նրան հակառակ լիներ, ինչպես կարծում էին, թերևս Օրենքին էլ հակառակ խոսեր, իսկ Նա ահա Օրենքի հանդեպ այնքան նվիրում ու ակնածություն է թելադրում ունենալ, որ եթե անգամ պահանջվի [այն] լսել այդ ուսուցիչների եղծված բերաններից, հրամայում է անսալ: Երրորդ` կամենում է լսողների միտքն ուղղության բերել` [սովորեցնելով], որ ոչինչ այնքան չի նպաստում փրկությանը, որքան ուսուցիչներին չարհամարհելն ու քահանաներին չանպատվելը, քանի որ թեպետ [հրեա օրենսգետներն ու քահանաներն] ապականված էին, ուրիշների օգուտի համար կարևո՛ր է համարում [նրանց քարոզությունը] և պատվից չի զրկում [նրանց], որովհետև իրենցը չեն ուսուցանում, այլ Աստծունը, Ով Մովսեսի միջոցով պատվերներ տվեց: Սրանով [Տերը Նոր ուխտի]` Հնի հետ միաբանությունն է ցույց տալիս:

    «Այն ամենը, որ ասեն ձեզ»,-ասում է [Տերը]: «Ամեն ինչ»ով ոչ թե կերակուրներն ու զոհերը նկատի ունի, այլ այն, ինչը բարին է գործել տալիս և կարգերն ավելի լավը դարձնում: «Արեք ու պահեք». Օրենքի [պատվիրանների] մի մասը հրամայական էր, մյուսը` հրաժարական. ուստի հրամայականը կատարե՛ք, իսկ հրաժարականից զգուշացե՛ք: [Կարելի է հասկանալ] և ա՛յլ կերպ. քանի որ կան այնպիսիք, որ օրենքները կատարում են միառժամանակ և չեն շարունակում նույն սովորությամբ շարժվել, [Տերն] ասում է` արե՛ք և նույնը կատարելը միշտ պահե՛ք: Կամ էլ «անել»ը գործի մասին է ասում, իսկ «պահել»ը` հավատքի:

    «Բայց նրանց գործերի համաձայն մի՛ վար վեք, որովհետև ասում են ու չեն անում»: Որպեսզի չհամարեն, որ եթե պարտավոր են լսել նրանց, նաև պետք է նմանվեն նրանց, այս ճշգրտումն է մտցնում, և ինչը պատիվ է նրանց թվում, նույնով ամբաստանում է [նրանց` ասելով]. «Նրանց գործերի համաձայն մի՛ վարվեք»: Սրանից ավելի մեծ թշվառություն չկա ուսուցիչների համար, քան այն, որ նրանց աշակերտներին քարոզվում է չնայել նրանց վարքին: Ինչո՞ւ. «որովհետև ասում են ու չեն անում»: Ամեն ոք, ով չի կատարում Օրենքը, մեղադրելի է, բայց երբ մեկն ուսուցչի իշխանություն ունի [և Օրենքը չի կատարում], սա կրկնակի չարիք է: Մեկը` որ ինչով պիտի ուղղության բերեր ուրիշներին, ինքն է կաղում դրանում. և երկրորդ` մեծ պատժի է արժանի իր պատվի պատճառով, որ այդպիսի աստիճանի վրա գտնվելով է անօրինություն գործում, ուստի աններելի է և առավել դատապարտելի, քան նրանք, որոնք նրա ենթակայության տակ են` ըստ այսմ. «Ում շատ տրվեց, շատ էլ կպահանջվի» (Ղուկ. 12:48), և այլուր թե` «Հզորները հզորությամբ կդատվեն» (հմմտ. Իմաստ. 6:7):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:1