Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:5

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

5-6․ «Նրանք ասացին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմ [քաղաքում], որովհետև այսպես է գրված մարգարեի միջոցով»»: «Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, ոչնչով ավելի փոքր չես Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից պիտի ելնի մի Իշխան, Որը հովվելու է Իմ ժողովրդին՝ Իսրայելին» (Միք. 5:2)»։

   
    Սակայն ուշադրությո´ւն դարձրու նաև մեբվերված մարգարեության խոսքերի ճշգրտությանը. մարգարեն չէր ասել` «Նա պիտի ապրի Բեթղեհեմում», այլ` «պիտի ելնի» (Բեթղեհեմից), հետևաբար, այդպիսով սույն մարգարեությունը նաև ցույց է տվել, որ Քրիստոս միայն ծնվելո´ւ է Բեթղեհեմում: Հրեաներից ոմանք, սակայն, անամոթաբար պնդում են, որ այս մարգարեության խոսքերը վերաբերում են Զորաբաբելին։ Բայց ինչպե՞ս էր դա հնարավոր: Չէ՞ որ Զորաբաբելի «ծագումը» բնավ «սկզբից, հավիտենական օրերից» չէր։ Կամ մի՞թե Զորաբաբելի վերաբերությամբ կարելի է կիրառել սկզբում ասված խոսքերը՝ «քեզանից պիտի ելնի»։ Զորաբաբելը ծնվել է ոչ թե Հրեաստանում, այլ Բաբելոնում, և նրան կոչել են «Զորաբաբել» հենց այն պատճառով, որ նա ծնվել է այնտեղ։ Ասորերեն իմացողները կհասկանան իմ խոսքերը։ Մեր կողմից թվարկված պատճառներից բացի հաջորդող մյուս բոլոր հանգամանքները նույնպես լիովին հաստատում են, որ այս մարգարեությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսին: Բառացիորեն ի՞նչ է ասվում այդ մարգարեության մեջ. «Մի՞թե Դու փոքր ես Հուդայի հազարավորների մեջ», և անմիջապես էլ հավելում է աստվածաշնչյան այս համարը նշանավոր դարձնող հետևյալ խոսքերը. «Քեզանից պիտի ելնի» (Միք. 5:2): Այս տեղին հայտնի ու նշանավոր դարձավ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Հստակ է, որ հենց Նրա Ծնունդից հետո աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ գալիս են տեսնելու մսուրն ու քարանձավում ծնված այն նորածին Մանկանը, Ում մասին հենց մարգարեն կանխագուշակել էր՝ ասելով. «Մի՞թե Դու փոքր ես Հուդայի հազարավորների մեջ», այսինքն` ցեղերի առաջնորդների մեջ։ Մարգարեն իր այս խոսքերի մեջ ներառում է նաև Երուսաղեմը։ Սակայն հրեաները ոչ մի ուշադրություն չդարձրին այս ամենին, չնայած դա խիստ օգտակար կլիներ նրանց համար։ Ահա թե ինչու մարգարեները սկզբում խոսում են ոչ այնքան Քրիստոսի գերապատվության, որքան այն մեծագույն շնորհի մասին, որը Նա ցուցաբերել էր հրեաների նկատմամբ։
    Այսպես, երբ Կույսը ծնեց Մանկանը, հրեշտակն ասաց. «Նրա անունը «Հիսուս» կդնես», և ապա ավելացրեց. «Որովհետև Նա Իր ժողովրդին պիտի փրկի իրենց մեղքերից» (Մատթ. 1:21): Եվ մոգերն էլ չասացին, թե՝ «Որտե՞ղ է Աստծո Որդին», այլ հարցրին՝ «Որտե՞ղ է հրեաների նոր ծնված Թագավորը» (Մատթ. 2:2): Այդպես նաև` այստեղ նույնպես (Միք. 5։2) չի ասվում՝ «քեզանից պիտի ելնի Աստծո Որդին», այլ ասվում է` «քեզանից պիտի ելնի…Իսրայելի Իշխանը»։
    Սկզբում հրեաների հետ պետք էր խոսել իրենց մտածողությանը հնարավորինս հասանելի եղանակով, որպեսզի նրանք գայթակղության մեջ չընկնեին, և մանավանդ` հատկապես պետք էր խոսել նրանց փրկությա´ն մասին, որպեսզի այդպիսով հնարավոր լիներ հրեաների ուշադրությունն առավելագույնս սևեռել դեպի Տերը: Ահա թե ինչու հնուց ի վեր (մարգարեների կողմից) և հենց Քրիստոսի Ծննդյան ժամանակ Նրա մասին հնչած բոլոր վկայությունները դեռևս ամբողջովին չեն բացահայտում Փրկչի մեծավայելչությունն այնպես, ինչպես դա բացահայտվում է Հիսուսի գործած հրաշքների շնորհիվ. այս հրաշագործություններն առավել պարզորոշ են վկայում Նրա գերապատվության մասին:
    Այսպես, Հիսուսի գործած բազմաթիվ հրաշքներին ականատես լինելուց հետո մանուկներն օրհնաբանում էին Նրան, և տե´ս, թե այդ մասին մարգարեն նախապես ինչ էր կանխասել. «Մանկահասակ և ծծկեր երեխաների բերանից Դու օրհնաբանություն ես ընդունելու (հմմտ. Սաղմ. 8:3)»: Եվ դարձյալ. «Երբ ես նայում եմ Քո երկնքին, տեսնում եմ, որ այն Քո մատների գործն է» (հմմտ. Սաղմ. 8:4), ինչը Հիսուսի մեջ (Ում և վերաբերում է այս մարգարեությունը) մատնացույց է անում տիեզերքի Արարչին: Իսկ Քրիստոսի Համբարձման մասին վկայությունը ցույց է տալիս Նրա համահավասարությունը Հոր հետ. «Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր Իմ աջ կողմում»» (Սաղմ. 109:1): Նաև Եսային է ասում. «Նա ելնելու է ժողովուրդների վրա իշխելու, ու Նրան են ապավինելու ժողովուրդները» (հմմտ. Ես. 11:10):
    Սակայն ինչո՞ւ է ասվում, որ Բեթղեհե´մը «ոչնչով փոքր չէ Հուդայի հազարավորների մեջ»` այն դեպքում, երբ Քրիստոսի Ծննդյան լուրը հռչակվել էր ոչ միայն Պաղեստինում, այլև ամբողջ տիեզերքում։ Այստեղ խոսքը դեռևս շարունակվում է ուղղված լինել հրեաներին, ինչի համար էլ ավելացվում է, որ Նա լինելու է «Իսրայելի Իշխանը»։ Չնայած Տերը հովվում է առհասարակ ամբողջ տիեզերքին, սակայն, այդուամենայնիվ, ինչպես որ ասացի, այս խոսքերի հասցեատեր հրեաներին չվիրավորելու համար հեթանոսների վերաբերյալ ոչինչ չի ասվում։ Բայց ինչո՞ւ, -կհարցնես դու, - Քրիստոս չփրկեց նաև այդ նույն հրեա ժողովրդին։ Դա ճիշտ չէ. այդ փրկությունն իրականում տեղի ունեցավ: Միայն թե` այստեղ «Իսրայել» անվան ներքո նկատի են առնվում Աստծուն հավատացող հրեաները, ինչը մեկնաբանելով` Պողոսն ասում է. «Ոչ բոլոր նրանք, ովքեր Իսրայելից են, իսրայելացիներ են...այլ խոստման որդիներն են համարվում որպես սերունդ» (Հռոմ. 9:6, 8):
    Եթե Քրիստոս ամենքին չէ, որ փրկել է, ապա դա նրա´նց իսկ մեղքն է: Այդ նրանք («չփրկվածները») է, որ մոգերի հետ պիտի խոնարհվեին և պիտի փառաբանեին Աստծուն, քանի որ եկել էր իրենց մեղքերի թողության ժամանակը (որովհետև այդժամ նրանց հռչակվել էր ո´չ թե իրենց դատաստանի կամ պատասխանատվության ենթարկվելու մասին, այլ մի հեզ և խոնարհ Հովվի´ մասին): Մինչդեռ նրանք («չփրկվածները») անում են ճիշտ հակառակը` վրդովվում ու վրդովվեցնում են, իսկ այնուհետև էլ բազմաթիվ իրարանցումներ են կազմակերպում։
    Մարգարեն լավ ասաց` «քեզանից…», որովհետև Հիսուս ձեզանի´ց դուրս ելավ ու եկավ տիեզերք: ԱմենաԷ-ն գալիս է, իսկ անգոն արարվում կամ կազմավորվում է։ Նա և´ այդ ժամանակ կար, և´ նախկինում էր եղել, և´ մշտապես է եղել: Սակայն Նա մշտապես էլ Աստված է եղել՝ տիրելով աշխարհին, իսկ այսօր եկավ որպես մարդ: Որպես մարդ՝ Նա հովվում է ժողովրդին, և որպես Աստված՝ փրկում է տիեզերքը:
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

5-6․ Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած. «Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»:
   
     Հրեաստանի Բեթղեհեմում: Որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված. «Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, [բնավ փոքր չես Հուդայի իշխանների մեջ]. քեզնից Ինձ համար կելնի մի իշխան, ով կհովվի Իմ Իսրայել ժողովրդին» 63 (2։5-6): Այսքանը վկայաբերեցին և չկամեցան շարունակել՝ «Նրա ելքը աշխարհի օրերի սկզբից է» (Միք. 5։2), որպեսզի դրանով ավելի չտրտմեցնեն Հերովդեսին:

     [Ոմանք] ասում են. «Եթե մարգարեն ասել էր, որ Բեթղեհեմում է Նա լինելու, ինչո՞ւ էր Նազարեթում բնակվում և Իր մարդեղությունը թաքցնում»: Նա չի թաքցրել սա, այլ հստակորեն հայտնել է, որովհետև ծնվելուց հետո քառասուն օր մնացել է Բեթղեհեմում՝ մինչև ըստ Օրենքի ընծայվելը Տաճարին, իսկ Նազարեթում, որը Նրա մոր բնակության վայրն էր, բնակվել է Եգիպտոսից վերադարձից հետո: Այլև մարգարեն չի ասում, թե Բեթղեհեմում «բնակվելու է», այլ՝ որ այնտեղից «ելնելու է»:

    Իսկ ոմանք էլ հանդգնելով ասում են, թե մարգարեն սա ասում է Զորոբաբելի մասին: [Այսպես ասողները] հրեաներից էլ անհավատ են, որովհետև վերջիններս Հերովդեսի առաջ վկայեցին, որ [այս խոսքը] Քրիստոսի մասին է: Նաև հենց մարգարեի խոսքերից են հանդիմանվում, որովհետև Զորոբաբելը ոչ թե Բեթղեհեմից է, այլ Բաբելոնից, ինչ պատճառով և Զորոբաբելբ կոչվեց 64: Նաև ինչպե՞ս կարող էր Զորոբաբելի մասին ասվել [մարգարեի] հաջորդ [խոսքը]՝ «Նրա ելքը աշխարհի օրերի սկզբից է»:

    Իսկ ի՞նչ է նշանակում. «Բնավ փոքր չես Հուդայի իշխանների մեջ» [խոսքը]: [Մարգարեն «Հուդայի իշաններ»] կոչում է ցեղապետերին, ինչով նկատի ունի նաև Երուսաղեմը, որից բնավ փոքր չէ Բեթղեհեմը: Որովհետև Քրիստոսի ծնունդից հետո բոլոր ազգերից գալիս են տեսնելու [Նրա ծննդյան] քարայրն ու մսուրը և երկրպագելու դրանց, որոնք թեև փոքր էին սկզբում, սակայն նրանցում մեծ խորհրդի կատարման պատճառով մեծ դարձան: «Քեզնից Ինձ համար կելնի մի իշխան, ով կհովվի Իմ Իսրայել ժողովրդին»: Ամեն տեղ [Սուրբ Գիրքը] ցույց է տալիս, որ Քրիստոսից լինելիք բարիքները [նախևառաջ] հրեաների համար էին: Որովհետև Նրա ծննդյան ժամանակ հրեշտակն ասաց, որ Նա փրկելու էր Ի՛ր ժողովրդին մեղքերից, մոգերն էլ ասացին. «Ո՞ւր է հրեաների՛ արքան», իսկ այստեղ ասվում է. «Քեզնի՛ց Ինձ համար կելնի իշխան», որպեսզի [հրեաները] չասեին, թե՝ «Մեզ զանց առնելով՝ [Աստված] հեթանոսներին ընտրեց»:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած.
   
    «Իսկ նրանք ասացին. «Հրեաստանի Բեթղեհեմ...»:
Բեթղեհեմ [բառը] հացի տուն է թարգմանվում, ուր ծնվեց Կենդանի Հացը, որ երկնքից իջավ և աշխարհին կենդանություն է տալիս:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Նրանք ասացին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմ [քաղաքում], որովհետև այսպես է գրված մարգարեի միջոցով»»: (Սինոդական թարգ․)[5]
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:4

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած. 
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:1
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած.
(Արարատ թարգ․) Նրանք պատասխանեցին. «Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև մարգարեի կողմից այսպես է գրված.
(Գրաբար) Եւ նոքա ասեն ցնա. Ի Բեթղեհէմ Հրէաստանի: Զի այսպէս գրեալ է ի ձեռն մարգարէին.