Հովհաննես Ծործորեցի
6-7. Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել:
Երբ Հիսուսը եկավ Բեթանիա` բորոտ Սիմոնի տուն, Նրան մի կին մոտեցավ, ով թանկագին յուղով շիշ ուներ, [յուղը] լցրեց Նրա գլխին, [երբ Նա նստած էր] սեղանի մոտ:
[Ավետարանիչն] աննպատակ չի հիշում Բեթանիա քաղաքի անունը, այլ որպեսզի սովորես, որ [Տերը] կամավորաբար է գալիս չարչարվելու. եթե մինչ այդ փախչում էր նրանցից, ապա երբ նրանց նախանձն ավելի բորբոքվեց, այդ ժամանակ մոտեցավ ասես հինգ նետընկեցի չափով: «Բորոտ Սիմոնի տուն». ինչո՞ւ է [ավետարանիչն] այդ մարդու բորոտությունը նշում. որպեսզի ցույց տա, թե ինչպե՛ս էր, որ այդ կինը համարձակություն ստացավ [Հիսուսին մոտենալու]: Որովհետև բորոտությունը խիստ գարշելի և պիղծ հիվանդություն էր համարվում, ուստի [կինը մոտեցավ], երբ տեսավ, որ Հիսուսը բժշկեց [Սիմոնին], քանի որ չէր համարձակվի [մոտենալ], եթե չհասկանար, որ Նա, Ով բորոտի մոտ սեղան նստեց և նրա հոգու և մարմնի պղծությունը մաքրեց, կմաքրի նաև [այդ կնոջ անմաքրությունը]: Այս պատճառով էլ [ավետարանիչն] ասում է. «Նրան մի կին մոտեցավ, ով թանկագին յուղով շիշ ուներ». այս կնոջը որտեղի՞ց այդպիսի թանկագին յուղ: Ինձ թվում է` նա թագավորական տոհմից էր, ինչպես որ ոմանք ասում են, թե առաջին Հերովդեսի դայակն էր կամ էլ մեծատոհմ մեկը` Բեթանիայի և Մագդաղայի տերը լինելով: Ուրեմն, մոտեցավ կինը, ասում են, վստահություն ձեռք բերելով, ինչպես ասացի, և ահուդողով` խղճմտանքի պատճառով, և «[յուղը] լցրեց Նրա գլխին, [երբ Նա նստած էր] սեղանի մոտ»: Իսկ ինչպե՞ս համարձակվեց [սա անել]. ինձ թվում է` մեծ երկյուղածություն ու ջերմեռանդություն ուներ, այդ պատճառով էլ [Տերը] թույլ տվեց Իր գլխին լցնել յուղը: Եթե չխորշեց մարդ լինելուց ու հղացվելուց, զարմանալի չէ, որ սա ևս ընդունեց և թույլ տվեց, որ կինը մոտենար Իրեն` խորհրդի համար 1433, ինչպես ժամանակին Հայրն էր թույլ տալիս [զոհաբերությունների] ճենճերի ծուխը:
Այս [պատմությունը] չորս ավետարանիչներն էլ հիշատակում են: Դրանք քննելով` սրբերից ոմանք ասում են, թե Հովհաննեսի [պատմածը] տարբեր է [կնոջ] պարկեշտության պատճառով, քանի որ Ղազարոսի քույրն էր 1434: Ուրիշներ զատում են Ղուկասինը, որովհետև մնացածը տեղի է ունեցել Բեթանիայում, իսկ այդ մեկը` Նային քաղաքում1435: Ուրիշներ էլ ասում են, թե Մատթեոսինն ու Մարկոսինը 1436 նույնն են, իսկ Ղուկասինը` ուրիշ, և Հովհաննեսինը` նույնպես ուրիշ 1437: Բայց ես, ստուգելով ավետարանիչներից ու բազմաթիվ մեկնիչներից, ասում եմ, որ նույնն է այս կինը, որի մասին պատմում են բոլոր չորս ավետարանիչները 1438: Սրա անունը Մարիամ է, ում կոչում են Մագդաղենացի 1439: Նա Տիրոջն օծեց երեք անգամ. մեկը` երբ պոռնկությունից հրաժարվեց, ինչի մասին Ղուկասն է պատմում, մյուսը` երբ նրա եղբորը [Հիսուսը] հարություն տվեց, ինչի մասին պատմում են Մատթեոսը, Մարկոսն ու Հովհաննեսը, և մեկն էլ` [Հիսուսի] գերեզմանում, երբ պատրաստեցին խունկեր ու յուղեր, որպեսզի գնան ու օծեն Նրան 1440. թեպետ չօծեցին, քանի որ հարություն էր առել, սակայն նրանց կամքի մեջ [Հիսուսն] օծվեց: Այս [կինն] այն է, ով սկզբում պոռնիկ էր` ըստ Ղուկասի, և ումից յոթ դև էր դուրս եկել 1441: Ոմանք «դև» են ասում, ոմանք էլ` թե նրա սեղեխներից 1442 յոթ հոգի էր մեռել նրա համար, ուրիշներ էլ [ասում են, թե դրանք] նրա [մեղավոր] խորհուրդներն էին: Ուրեմն սա էր, որ և՛ օծեց [Տիրոջը], և՛ մազերով մաքրեց. Հովհաննեսը վկայում է. «Սա այն Մարիամն է, ով յուղով օծեց Տիրոջը և իր մազերով մաքրեց Նրա ոտքերը» (Հովհ. 11:2). սա առաջին օծումն է: Շարունակելով` երկրորդ [օծման] մասին էլ է ասում, թե երբ Հիսուսը Բեթանիա եկավ, Մարթան սպասավորում էր, Ղազարն էլ սեղան նստածներից մեկն էր 1443, Մարիամը, մի լիտր մաքուր նարդոսի յուղ վերցնելով, օծեց Հիսուսի գլուխը, ինչը Մատթեոսն ու Մարկոսը ներկայացնում են խաչելությանը մոտ [շրջանում]:
Երեք օծումները կարևոր խորհուրդ ունեն: Առաջին` երբ մեկը մեղավոր է, դարձի է գալիս և ողորմություն գործում` ըստ Դանիելի. «Քո մեղքերը ողորմությամբ կքավես» (Դան. 4:24), սա ոտքերի օծումն է: Սա խորհրդանշվում է նաև մազերով, որոնցով [կինը] սրբում էր [Տիրոջ ոտքերը], որովհետև մազն անզգա է և ավելորդ, ինչպես և ունեցվածքը, որը բաժին է ընկնում աղքատին: [Սա խորհրդանշում է] Տիրոջ ոտքերի [օծումը], որովհետև [աղքատներն] այս կյանքում վերջին ու փոքր են թվում, բայց [մեղավորները] նրանց միջոցով են մաքրվում մեղքերից: Երկրորդ` գլուխն օծելու խորհուրդը սա է. երբ մարդը հրաժարվում է մեղքերից ու բարիք գործում, իր գործերով օծում է Քրիստոսի գլուխը, որովհետև «Քրիստոսի գլուխն Աստված է» (Ա Կոր. 11:3)` ըստ այսմ. «[Որպեսզի] տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն [ձեր Հորը, որ երկնքում է]» (Մատթ. 5:16): Իսկ եթե մեկը հակաճառի Դավթի սաղմոսով, որում գրված է. «Մեղավորի յուղը թող չօծի իմ գլուխը» (Սաղմ. 140:5), կասենք, որ քանի մեկը մեղքի մեջ է, [նրա բարի գործերն] ընդունելի չեն: Եվ երրորդ` ամբողջ մարմինն օծելու խորհուրդն այն է, որ մեկը բարի գործեր կատարելուց բացի, իրեն մահվան է մատնում [Քրիստոսի համար], ինչպես Մարիամը, ով ոչ զինվորներից վախեցավ, ոչ հրեաներից, այլ գնաց Տիրոջ մարմինն օծելու: Այդպես էլ ով Աստծո սիրո համար մարդկանց հանդեպ վախն արհամարհում է և մեռնում կամ չարչարվում հանուն ճշմարտության, նա է, որ օծում է Քրիստոսի ամբողջ մարմինը` Նրա մահն իր մեջ կրելով:
Մաղաքիա արք. Օրմանյան
6-7․ Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել:
Հիսուս Բեթանիա հասնելու հաջորդ օրը, որ էր նիսան 9-ը և ապրիլի 1-ի շաբաթ օրը, անշուշտ տեղի ժողովարանում կատարեց շաբաթվա արարողությունը և խոսեց Իր վերջին ժողովրդական քարոզը և հավաքված բազմության առջև կատարեց Սուրբ Գրոց ընթերցումն ու մեկնությունը: Քարոզությունից հետո բաց արեցին մի սեղան, թերևս այն ճաշը, որ տրվում էր որևէ հարմար տան մեջ` շաբաթվա քարոզությունից հետո: Հովհաննեսն այն ընթրիք է կոչում, որ նշանակում է երեկոյան, այլ ոչ թե կեսօրվա կերակուրը: Մեր կարծիքով բոլորովին էլ Ավետարանի պատմությունը դեմ չի լինի, եթե ասենք, թե այն հացկերույթը, որի մասին պատմում են ավետարանիչները, ոչ թե շաբաթ կեսօրվա կերակուրն էր, ընդհանրապես պարզ ու դյուրապատրաստ մի սեղան,այլ շաբաթ երեկոյան, հանգստյան ժամը լրանալուց հետո պատրաստված ճոխ ու հանդիսավոր մի հացկերույթ: Այս ենթադրությունն այնքանով է ավելի հավանական, որ ավետարանիչը կամենում է դրան տալ հատուկ պատվո հացկերույթի գաղափարը, երբ ասում է. «Արարին անդ նմա ընթրիս» և հատկապես հիշատակում է Ղազարոսի, Մարթայի ու Մարիամի ներկայությունը: Ղազարոսը սեղանակից էր,Մարթան սեղանն էր կառավարում, իսկ Մարիամը Հիսուսին հատուկ պատիվներ էր ընծայում:
Իրոք, Ղազարոսի հարությունից հետո, վերջինս իր քույրերի հետ միասին պատեհ առիթ չէր ունեցել, իբրև երախտագիտության դրսևորում, Հիսուսի պատվին հանդիսավոր սեղան բացել և կազմակերպել ընտանեկան ուրախության հանդես: Քանի որ Հիսուս անմիջապես թողել էր Բեթանիան և մեկնել Եփրայիմ, ապա ինչ այն ժամանակ չէին կարողացել անել, բնականորեն, շտապում են կատարել վերադարձին:
Ինչպես ասացինք, Հովհաննեսը ճշտում է այս ընթրիքի օրը, մինչ Մատթեոսն ու Մարկոսը ավելի ուշ, հաջորդ չորեքշաբթի օրվան են վերագրում` Հուդայի մատնությունը պատմելու առիթով: Այդ պարագան շատերին հնարավորություն տվեց կարծել, թե շաբաթ և չորեքշաբթի օրերի սեղանները երկու տարբեր հացկերույթներ են: Սակայն ոչ միայն հավանական չէ այդքան քիչ օրերի տարբերությամբ նմանօրինակ իրողությունը կրկնել, այլև բնական չէ, որ առաքյալները երկու օծումների առիթով միևնույն դիտողությունը կրկնած լինեն: Իսկ ինչ որ ավելի ճշտված է մենք պիտի տեսնենք, որ Հիսուսի չորեքշաբթի օրվա զբաղմունքների մեջ ամենևին էլ որևէ հացկերույթ տեղ չէր կարող գրավել:Հետևաբար, լավագույնն այն է, որ ընդունենք, թե միայն մեկ անգամ է շաբաթ օրով Բեթանիայում հացկերույթ տեղի ունեցել: Իսկ Մատթեոսի և Մարկոսի չորեքշաբթի օրը Հիսուսի մատնության առիթով պատմածը շատ լավ մեկնվում է, հաշվի առնելով այն, որ Հուդան հանուն դրամի էր մատնություն կատարում, և այս էլ` գաղափարների կապակցությամբ, հիշեցնում է ազնիվ յուղի վատնումը` Հուդայի կողմից դրամի կորուստ նկատելը: Ավելացնենք նաև, որ Մատթեոսն ու Մարկոսը ընթրիքի կամ կերակրի մասին չեն հիշատակում, այլ միայն պատմում են օծումը և Հուդայի դիտողությունը, որով ավելի ենք համարձակվում ասել, թե երկու ընթրիքներ տեղի չեն ունեցել, այլ միայն մեկը, շաբաթ օրը և այդ ընթրիքի ժամանակ էլ եղան օծումն ու Հուդայի դիտողությունը, որով էլ Մատթեոսն ու Մարկոսը իրավունք ունեցան մատնության առիթով հիշել այդ վերջին պարագան:
Տունը, ուր տեղի ունեցավ ընթրիքը, Սիմոն Բորոտի տունն էր և գտնվում էր Բեթանիայում, որն անշուշտ արդեն բորոտ չէր, այլապես նրա տանը չէր կարող նման հացկերույթ տրվել, այլ պարզապես կամ երբևէ բորոտ է եղել, կամ էլ որևիցե առիթով Բորոտ կոչումը որպես մականուն էր ստացել: Սիմոնի սեղանի գլխավոր բազմողներից էր Ղազարոս հարուցյալը, որը մատնանշում է հացկերույթի նպատակը: Սեղանին ծառայում կամ սեղանը ղեկավարում էր Մարթան` Ղազարոսի քույրը, որ, իբրև երախտագիտության արտահայտություն, պատրաստությունները պատվիրել և կատարմանն էր հսկում: Անհայտ է մնում, թե ինչո՞ւ է ճաշը տրվում Սիմոն Բորոտի, այլ ոչ թե Ղազարոսի տանը: Ոմանք կարծում են, թե Սիմոնն ու Մարթան ամուսիններ էին և Սիմոնի տունը հենց նույն Ղազարոսի տունն էր: Բայց այդ ենթադրությունը բոլորովին պատմական կամ ավանդական հիմք չունի: Ամեն դեպքում Սիմոնի տունն ավելի հարմար էր ու ընդարձակ և որպես Ղազարոսի բարեկամ կամ ազգական նա կամեցել էր հանդիսավոր ընթրիքի առիթով իր տունը տրամադրել Ղազարոսին: Մարթայի վարած դերը, ըստ ամենայնի, նման է ուրիշ առիթներով կատարած դերին և իր տնաշեն բնավորությանը (Ղուկ. 10:38-42):
Ղազարոսի ու Մարթայի քույր Մարիամը, ում չպետք է շփոթել Մարիամ Մագդաղենացու հետ (Ղուկ. 8:1-3), ինչպես սովոր են դա անել լատին մեկնիչները, այս դեպքում երևում է իր զգացմունքների փափկության դրսևորմամբ: Վերցնելով ազնիվ ու թանկագին նարդոսյան յուղի լիտրանոց շիշը` այն Հիսուսին ընծայելու է գալիս` ժամանակի սովորությամբ ամենից մեծ համարվող պատվասիրությունը, որ հյուրին անուշ յուղերով օծելն է: Նախ յուղից լցնում է Նրա գլխին, և Նրա հարուստ մազերը թրջում նույն յուղով ու ձեռքերով տարածում գլխին ու վզին, որով թե՛ մաքրություն, թե՛ անուշահոտություն է սփռում Հիսուսի մարմնին: Դրանից հետո միևնույն թանկագին յուղով օծում է Հիսուսի ոտքերը: Կոտրում է շիշը և ինչ որ կա լցնում է Հիսուսի ոտքերին, որոնք, անշուշտ, ժամանակի սովորության համաձայն, մերկ էին, իսկ տրեխանման կոշիկները հանել էր` դեռևս սեղանի շուրջը չընկողմանած: Որպեսզի յուղը մի տեղում չմնա և տեղիք չտա անհաճո անպատեհության, Մարիամն այս անգամ որպես սրբիչ գործածում է իր առատ ու խնամված մազերը` նրանցով յուղը տարածելով ոտքերի բոլոր մասերում, միաժամանակ չորացնելով չափից շատ թացությունը: Յուղի լավորակությունն ու առատությունը սաստիկ անուշահոտություն է սփռում ողջ տան մեջ, ամենքին հաճելի զգացմունք պատճառում, սակայն շատերի կողմից այն ընդունվում է ոչ թե իբրև կանոնավոր պատվասիրություն, այլ` անիմաստ շռայլություն:
Այդ օծումը, որի մասին պատմում են երեք ավետարանիչները բացի Ղուկասից, բաղդատվելով մեղավոր կնոջ օծման հետ, որի մասին միայն Ղուկասն է պատմում, իսկ մյուս երեքը լռում են, ոմանց կարծել է տվել, թե միևնույն իրողությունն է, և ավետարանիչները միմյանց չհարմարվող պարագաներով են ներկայացնում: Այս ենթադրությունն առաջ է գալիս այն սխալ տեսությունից, որը քանիցս մատնանշեցինք և չպիտի դադարենք կրկնելուց, որ չի կարելի մտածել, թե մի որևէ իրողություն, գործողություն կամ քարոզություն չէր կարող երբեք Հիսուսի կյանքում երկու անգամ եղած լինել, կամ թե նմանները պիտի նույնացնել` պարագաները բռնազբոսելով կամ Ավետարանը փոփոխելով: Մինչդեռ այս ամենը շատ շուտով կփարատվեն, երբ ընդունենք, որ նման իրողություններ կարող էին տեղի ունենալ տարբեր հանգամանքներում և երբեք չպիտի ճիգեր գործադրենք` միանմանները նույնացնելու համար:
Ներկա իրավիճակում ևս պիտի հիշենք, ինչին որ արդեն ուշադրություն ենք հրավիրել (Ղուկ. 7:36-50)` երկու օծումների տարբերությունը: Դրանցից մեկը Կափառնայումում էր, մյուսը տեղի ունեցավ Բեթանիայում: Մեկն արեց մեղավոր կինը, մյուսը` առաքինի Մարիամ Բեթանիացու գործն էր: Մեկը զղջման արտահայտություն էր, մյուսը` ուրախառիթ երախտագիտության նշան: Մեկում իշխում է արցունքը, մյուսում` ցնծալից զվարթություն է: Մեկի ժամանակ մեղաց թողություն է շնորհվում, մյուսի ընթացքում` գովաբանվում է սուրբ սիրտը: Մի դեպքում հեռացնում էին օծող կնոջը, իսկ մյուս դեպքում` Հիսուս օծող կնոջ հյուրն էր: Հետևաբար, երկու օծումները միմյանց հետ շփոթելը բոլորովին անհնար է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: