Հովհաննես Ծործորեցի (†1338)
Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռուից նայում էին եւ որոնք Գալիլիայից եկել էին Յիսուսի յետեւից՝ նրան ծառայելու համար.
Այնտեղ շատ կանայք կային. կանգնել էին հեռվում ու նայում էին. նրանք Հիսուսի հետևից եկել էին Գալիլեայից` ծառայելու Նրան:
Այն տեղ կանգնած` տեսնում էին այն բաները, որ կատարվեցին, որովհետև հույժ հնազանդ էին Հիսուսին. եկել էին Նրա հետևից` ծառայելու Նրան, և երբեք չէին հեռանում Նրանից: Մանավանդ այդ ժամին, երբ աշակերտները փախան, նրանք առընթեր կանգնած էին և ամեն ինչ տեսան` աղաղակելը, հոգին ավանդելը, վեմերի պատառումն ու երկրաշարժը, լուսատուների խավարումը և այլն, ուստի հարությունն էլ առաջինը տեսան և աշակերտներին ավետիս հնչեցրին` վերացնելով մահվան գույժը, որ Եվայի միջոցով հնչեց աշխարհում: Իսկ «հեռվում» էին կանգնել զինվորների ահից, որովհետև կսկծելով շատ էին տագնապում, սրտով մորմոքում ու արտասվում. սակայն, չնայած դրան, ուշադիր նայում էին և ամեն ինչ մտապահում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
55-56. Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռուից նայում էին եւ որոնք Գալիլիայից եկել էին Յիսուսի յետեւից՝ նրան ծառայելու համար. նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի եւ Յովսէի մայր Մարիամը եւ Զեբեդէոսի որդիների մայրը:
Արդեն պատմեցինք (Հովհ. 19:25), թե ինչպես էր Հիսուսին հետևել գալիլիացի աշակերտուհիներից մի խումբ՝ ընկերակցելով Մարիամ Տիրամորը և առաջնորդ ունենալով Հովհաննես ավետարանչին։ Այդ խմբի ներկայությունը ու հիշատակում են երեք ավետարանիչները՝ Հիսուսի մահը պատմելուց հետո, բայց անհնար է ենթադրել, թե այն ժամանակ միայն Գողգոթա էին հասել, այլ ինչպես ասացինք, ժամանակին Հիսուսին հետևելով, եկել էին Գողգոթա և, չհամարձակվելով մոլեգին ամբոխի մեջ խառնվել, հեռվից տխուր եղելություններն էին դիտում։ Մի պահ նրանցից երեքը, Տիրամոր բուռն փափագներին տեղիք տալով, մինչև խաչի մոտ էին ուղոկցել նրան, միշտ Հովհաննեսին իրենց առաջնորդ ունենալով և այնտեղ կատարվել էր Հիսուսի հանձնարարությունները իր մոր համար, որպեսզի Հովհաննեսը իրեն փոխարիներ և Տիրամայր Մարիամի հոգն ու խնամքը ստանձներ։
Եթե մի պահ սիրտ էին արել մոտենալ խաչին, բայց չէին համարձակվում մինչև վերջ այդ ժխորի մեջ մնալ, և
հուզված ամբոխի ամեն արածներին և ասածներին տոկալ, ուստի առաջ գնացած հինգն էլ ետ են գալիս և հեռվում սպասողներին խառնվելով, նրանց հետ «կային ի հեռաստանէ եւ հայէին», երբ Հիսուս վերջին շունչն էր տալիս, երբ հարյուրապետը ու զինվորները իրենց վկայությունն էին տալիս, երբ սարսափահար ժողովուրդը ախուվախով և ահուդողով Գողգոթայից սկսում էր ետ դառնալ և երբ խաչվածների մարմինները խաչերից ցած էին իջեցնում, ինչպես պիտի պատմենք։ Այդ խմբի ով և ովքեր լինելը հետևյալ կերպով է բացատրվում ավետարանիչների կողմից։ Մատթեոսը գրում է․ «Կանայք բազումք,... որք եկին զկնի յիսուսի ի Գալիլէէ պաշտել զնա»։ Մարկոսը գրում է. «Կանայք,... որք յորժամ էին ի Գալիլիա, զհետ շրջէին նորա եւ պաշտէին զնա. եւ ա՛յլ բազում կանայք, որ ընդ նմա իսկ ելեալ յԵրուսաղէմ»։ Ղուկասը գրում է․ «Ամենայն ծանօթք նորա, եւ կանայք որ եկեալ էին զհետ նորա ի Գալիաէէ»։ Կարելի է ասել, որ ամբողջ աշակերտուհիների խումբը այնտեղ էր, որոնց մասին շատ թե քիչ տեղեկություն արդեն տվել ենք (Ղուկ. 8:1-3) և նորից կրկնելու հարկ չենք տեսնում։ Երեք ավետարանիչներն էլ համամիտ են գալիլիացի աշակերտուհիներին մատնացույց անելու մեջ և Ղուկասի ավելացրած «ծանոթքն» էլ չենք կարծում, որ նոր խումբ է նշանակում, այլ հենց Տիրամորը և Հովհաննեսին այդ խմբի հետ գտնվելու փաստն է ակնարկում։
Մատթեոսը և Մարկոսը իբրև խմբի գլխավորներ անունով հիշատակում են Մարիամ Մագդաղենացին, Հակոբի Մարիամը և Հովսեի մայրը, որը Կղեովպայի Մարիամն է և Զեբեդյան եղբայրների մայրը՝ Սողոմեն։ Նախորդ հոդվածներում սրանց տեսանք խաչի մոտ գնալուց՝ Տիրամոր և Հովհաննեսի հետ, իսկ այժմ էլ նրանց խմբի գլուխն անցած տեսնելը հաստատում է, որ մի պահ խաչին մոտենալուց հետո նորից ետ են եկել և միացել են մեծ խմբին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: