Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:8

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ, նրանց Բեթղեհեմ ուղարկելով, ասաց. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք Մանկան մասին և երբ գտնեք, հայտնե՛ք ինձ, որպեսզի ես էլ գամ երկրպագեմ Նրան»»։
   
    Ինչպիսի՜ անմտություն։ Եթե դու, Հերովդե´ս, սա ասում ես ճշմարտությունը գտնելու ներշնչանքով, ապա ինչո՞ւ ես գաղտնաբար հարցնում: Իսկ եթե դավաճանական դիտավորությամբ ես առաջնորդվում, ապա ինչպե՞ս չես հասկանում, որ քո ծածուկ հարցադրումները մոգերին կստիպեն քեզ կասկածել չար մտադրության մեջ: Եվ չարությամբ լցված հոգին էլ, ինչպես արդեն իսկ ասացի, բոլորովին խելագար է դառնում։
    Հերովդեսը չի ասում՝ «գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք թագավորի մասին», այլ՝ «Մանկան» մասին։ Նրա համար անտանելի էր նույնիսկ իշխանություն ցույց տվող անունն արտաբերելը։ Մոգերը, սակայն, խորին բարեպաշտությամբ համակված լինելով, բոլորովին չէին նկատում Հերովդեսի այդ չար դիտավորությունը, քանի որ նրանք բացարձակապես չէին պատկերացնում անգամ, որ Հերովդեսն այդպիսի զայրույթով կլցվեր ու կմտադրվեր ընդդիմանալ աստվածային այդ հրաշագեղ տնօրինությանը։ Ոչ մի այդպիսի կասկած չունենալով, սակայն իրենք իրենց խորհելով և հարակից հանգամանքներից դատելով` մոգերը հեռանում են Հերովդեսի մոտից։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:7

   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

8-10․ «Եվ, նրանց Բեթղեհեմ ուղարկելով, ասաց. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք Մանկան մասին և երբ գտնեք, հայտնե՛ք ինձ, որպեսզի ես էլ գամ երկրպագեմ Նրան»»։ [8] «Նրանք թագավորին լսելուց հետո գնացին։ Եվ ահա այն աստղը, որը նրանք տեսել էին արևելքում, ընթացավ նրանց առջևից, մինչև որ վերջապես եկավ և կանգնեց այն տեղի վրա, որտեղ Մանուկն էր»։ «Երբ տեսան այն աստղը, նրանք ուրախացան մեծ ուրախությամբ»։ (Սինոդական թարգ․)
   
    Մոգերին հայտնված աստղn այն նույն աստղն էր, որը նրանք տեսել էին իրենց երկրում և, հավանաբար, դեպի Երուսաղեմ ճանապարհորդության ժամանակ։ Դրանում մենք համոզվում ենք «աստղի» մասին ավետարանչի խոսքի շնորհիվ, որը վերստին մեկնաբանության կարիք չունի` «այն աստղը, որը մոգերը տեսել էին արևելքում»։ Սակայն այժմ այդ աստղը մոգերի համար ուներ մեկ այլ նշանակություն։ Նախկինում նրանք այն համարում էին որպես մի աստղ միայն, որը հռչակում էր ինչ-որ մեծ Թագավորի ծննդյան մասին: Այժմ մոգերը համոզված էին, որ այդ Թագավորն արդեն իսկ ծնվել է և գտնվում է հենց Բեթղեհեմում։
Մոգերը Թագավորի մասին նոր իմացություն են ստանում։ Եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե միևնույն առարկաների վերաբերյալ մարդկանց հայացքների միջև ինչպիսի տարբերություն է առկա` կախված նրանց հոգևոր լուսավորությունից և զարգաց աստիճանից, ապա դյուրությամբ կարող ենք հասկանալ մոգերի հոգեբանական վիճակը: Նրանց այդժամ թվում էր, թե աստղը ընթանում էր իրենց առջևից, ուրախանում իրենց հետ և ցույց տալիս այն վայրը (այսինքն՝ Բեթղեհեմը), որտեղ ծնվել էր Մանուկը:
    Մոգերը նմանվում էին ծովով նավարկող ճանապարհորդների, որոնք ընթանում էին ճանապարհը ցույց տվող աստղերի առաջնորդությամբ։ Իսկապես, ալեկոծությունների ու փոթորիկների մեջ ինչպիսի մեծ ուրախություն է տեսնել մի այնպիսի աստղ, որը ցույց է տալիս դեպի խաղաղ նավահանգիստը տանող ճանապարհը։
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»։ 
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:1
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»:
(Արարատ թարգ․) Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք երեխայի մասին և երբ գտնեք, հայտնե՛ք ինձ, որպեսզի ես էլ գամ երկրպագեմ նրան»։
(Գրաբար) եւ արձակեալ զնոսա ի Բեթղահէմ, ասէ. Գնացէք ստուգեցէք վասն մանկանն, եւ յորժամ գտանիցէք՝ ա՛զդ արասջիք ինձ, զի եւ ե՛ս եկեալ երկի՛ր պագից նմա: