Ծննդոց գրքի մեկնությու 3:22

Սրբ. Եփրեմ Ասորի

22-24. Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը: Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»: Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր: Աստուած դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց եւ հրամայեց քերովբէներին ու բոցեղէն սրին շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները:

   
   Եվ որովհետև ասում է, թե` «Աստված Ադամի և նրա կնոջ Եվայի համար ստեղծեց մաշկեղեն հանդերձներ և հագցրեց նրանց», որպեսզի դրախտից մերկ դուրս չգան և նրանց տեսքն ավելին լինի, քան գազաններինը: Քանի որ նրանք ընկան այն աստիճանից, որի վրա էին, զգաստացրեց նրանց, որպեսզի այսուհետև չիջնեն ցանկության աստիճանին: Ադամի ... սերունդները երկուստեք օգտվեցին հանդերձներից, որոնք եղան նրանց համար զենք ցրտի դեմ և զգեստ ընդդեմ ցանկությունների ... Նրանց վրա կհյուսվի առագաստի քողը, որպեսզի միմյանց չվնասեն և չմեղանչեն իրենց գեղեցկության պատճառով: Նրանց հագցրեց գազանների մորթիներով` ծանուցելով մահկանացու գործերի մասին:

   Դրախտի մեջ, ուր արժանի էր խաղաղություն հաստատել, զայրույթ պատճառեցին ... «Աստված նրանց դուրս հանեց, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները»: Եբրայերենում ասվում է . «Բնակեցրեց նրանց վայելքների դրախտի Արևելյան կողմում»: Այսինքն ճառագայթները որպես սրերի սուր ծայր եղան, որպեսզի նա թափառի և լինի իր Տիրոջ ծառան, իսկ մինչ ապստամբելը նա Տիրոջ նման էր, ինչպես ասվում է. «Ահաւասիկ Ադամը եղավ մեզնից մեկը»: Կամ որովհետև գործով իմացավ հասկացավ, զանազանեց բարին և չարը` այն ծառից ուտելով: Աստված գիտե ամեն ինչ առանց փորձության, իսկ Ադամը՝ փորձությամբ: Այդ պատճառով ասում է. «Ադամը եղավ մեզնից մեկը»: Ադամի համար օգտակար չէր այն, որ նա գործով իմանա և ճանաչի բարու և չարի գիտության տարբերությունը, ինչպես օրինակ ի՞նչ օգուտ ունենք, եթե փորձենք օձի կարիճի թույնը: «Ահավասիկ, ասում է, Ադամը եղավ մեզանից մեկը». սաստեց նրա ազատությունը, սակայն չհանդիմանեց նրան, թե` ինչո՞ւ կամեցար լինել ինձ պես. որովհետև սա տկարություն էր: «Ահավասիկ Ադամը եղավ», փոխանակ ասելու՝ կամեցավ լինել, այլ՝ եղավ իր չար մտադրությամբ: Եվ քանի որ վրա էր հասնում պատուհասի պատիժը, այն ժամանակ Աստված հայտնեց նախ հանցանքները, որպեսզի հանցանքներից հետո գան պատուհասների պատիժները, որովհետև նա հեգնելով արհամարհեց Աստծու խոսքը կամ որովհետև հեգնելով հեգնեց Նրան: «Ահավասիկ Ադամը եղավ մեզնից մեկը» որպեսզի չլինի, թե այն կյանքի շնորհիվ, որ այն ծառի միջոցով էր լինելու, ինչը չէր ընդունելու իր մեջ իբրև կյանք, գնա և ապրի որպես Աստված: «Գուցե ասում է, երկարի իր ձեռքը», որպեսզի ցույց տա կենաց ծառի զորությունը:

   Քերովբեն և նիզակի սուրն ու տեգը գործեց իր փառքի պատվի համար ...

   որպեսզի տեսնեն քերովբեներին և նիզակի սուր ծայրը ... որպեսզի ցանկանալով փափագեն այն, ինչ կորցրին: «Գուցե, ասում է, երկարի իր ձեռքը և վերցնի այն կենաց ծառից, ճաշակի և ապրի հավիտյան». Նրան մի կողմ չհրեց, քանի որ նա ողորմությունների արժանի չէր, և քանի որ նրա վրա դրված էր Աստծու հրամանը սրանից առաջ, որ ասում է. «Դեպի հողը կդառնաս»: Նրանց հեռացրեց կենաց ծառից, որպեսզի կենաց ծառի կերակուրը մահվան հրամանին հակառակ չլինի ... կամ որպեսզի իր ողորմությամբ չթողնի նրանց մերձենալ կենաց ծառին: Քանզի ցավով և տրտմությամբ ապրելու հրամանի վճիռն արդեն արված էր, Աստված խնայեց մարդուն, որպեսզի չուտի այն ծառից և ապրի, և այսպիսով երկարեն այս կյանքի տանջանքները ... նրան թույլ չտվեց մերձենալ կենաց ծառին, որպեսզի առանց աշխատելու և վաստակի նա հույսը չդնի պտղի վրա, այլ ձգտի ապաշխարությանը աշխատանքով ու զղջումով:

   «Այն օրը, ասում է, որ ուտես մահով կմեռնես» և ահա չմեռավ: Ինչպես օրինակ երբ ասաց Աբրահամին, թե «Քո զավակը հնազանդվելու է եգիպտացիների երկրում», չորս հարյուր տարուց հաշված երկու հարյուր քսահինգ տարի այնտեղ եղան: Այնպես էլ Ադամը, թեպետ ապրեց շատ տարիներ մահվան դատավճռից հետո, սակայն այն օրից, երբ ստացավ վճիռը և դատակնիքը, ստացավ նաև մահվան ապացույցը այն իմաստով, որ նա դուրս եկավ դրախտից, մերկացավ իր փառքից և զրկվեց իրավունքից, և նա մեռավ այն ժամանակից սկսած, երբ լսեց Աստծու ձայնը: Եվ կրկին տեսավ, թե Եվան ցավերով է ծնելու, ինքն էլ քրտնեց իր աշխատանքով վաստակելու համար. Սրանով իր առջև հաստատվեց դատավճռի հրամանի ճշմարտությունը: Եվ քանի որ օրհնությունը ավելի առաջ էր, ինչպես ասվեց. «Աճեցե´ք և բազմացե´ք », քան այն, որ «Այն օրը, որ ուտես մահով կմեռնես» պարտ և պատշաճ էր, որպեսզի Աստված հավատարիմ մնա իր առաջին խոսքին, որպեսզի բազմանան և հետո մահանան: Եվ որպեսզի չկարծեն, թե չեն մեռնելու նրանք և լինելու են իբրև աստվածներ օձի ասածի համաձայն, չարախոսին հանդիմանելու համար Ադամն ապրեց 900 տարի, սակայն Աստված չդարձավ: Եվ որպեսզի կրկին ճաշակի Աստծու ողորմությունը, Ենոքը, որ չմեռավ, Ադամը սրա մեջ տեսավ մեր Փրկչի նախատիպը, թե պիտի գա և կյանք պարգևի, ինչպես Ենոքին փոխադրեց մահից դեպի կյանք: Ադամը տեսավ երկուսին էլ, թե´ Հաբելին և թե´ Ենոքին, մեկին, թե` մինչ ուր բարձրացավ և մյուսին, թե խոնարհությունը մինչև ուր իջավ, որպեսզի իմանա և ճանաչի, թե ինչ բարձրությունից ինչ անարգության մեջ ընկավ և որպեսզի Ենոքի շնորհիվ Ադամը հիշի, որ ինքը որպես մահկանացու չի ստեղծվել:

   Կրկին ասվում է, թե Աստված մարդուն չստեղծեց որպես անմահ կենդանի և ոչ էլ մահկանացու, որ չկարողանա ապրել, այլ պատվեր դրեց կենաց ծառի` իբրև պարգևի և մահվան` իբրև պատժի միջև: «Քո առաջ, ասում է տվեցի մահը և կյանքը, ընտրիր կյանքը և ոչ մահը»: Բայց կրկին Ադամն ինքը չմոլորվեց, այլ` լիրբ օձի չարիքների խառնակության ապականության պատճառով, որ երևաց Եվային, որովհետև հենց նա դրեց սկիզբը` իր ձեռքը ձգելով դեպի այն ծառը: Եվ երբ Ադամը տեսավ, թե Աստծու խոսքը հաստատուն է և մահը չտիրեց նրա վրա, համոզվեց և հավաստիացավ, որ թեպետ և Աստծու խոսքն առժամանակ հետաձգվեց, սակայն անկարելի էր, որ նրա դատավճիռն իր ժամանակին լիովին չկատարվեր:

   Եվ երբ Եվան պարզեց իր ձեռքը պտուղն Ադամին տալու համար, նրա խիղճը շարժվեց նրա հանդեպ: Եվայի օգնականը լինելու համար` խոնարհվեց դեպի նա, որպեսզի ինքը միայն չապրի և Եվան մեռնի, կամ ինքը շարունակի ապրել դրախտի մեջ, իսկ Եվան մերժվելով ընկնի նզովքների երկիրը: Որովհետև ինչպես նա որ հարաբերվում է իր կնոջ հետ, հետո երբ նա հեռանում է իր ամուսնուց պոռնկանալով պոռնկանում է, և ամուսինը երբ կամենում է ծածկել իր և նրա հանցանքը ասում է իրենց միավորողին, թե ոչ թե ես մեղանչեցի, այլ կինը, որին ինձ տվեցիր նա դրդեց ինձ մեղանչել: Նույնպես և Ադամը, խնայելով Եվային մեկնեց իր աջը` վերցնելով ոչ թե ծառից, այլ իր օգնականի ձեռքից, քանի որ հասկացավ, որ եթե դատավճիռ լինի իր օգնականը կհեռանա իրենից, ինչպես վկայում է առաքյալը` ասելով. «Ոչ թե Ադամը մեղանչեց, այլ` Եվան»: Արդարև Ադամը չմեղանչեց:

   Ադամը խոնարհվեց դեպի Եվան, որպեսզի լինի նրա օգնականը, հաղորդ եղավ նրա հանցանքներին ոչ թե որովհետև ցանկանում էր այդ ծառից, այլ որովհետև նա մտադրվեց պահել մարգարեության իրագործումը` որպեսզի երկուսը լինեն մի մարմին: Եվ այս առթիվ վկայում է առաքյալը` նմանեցնելով Քրիստոսի և եկեղեցու կապը տղամարդու և կնոջ հարաբերության խորհրդին: Որովհետև այն ժամանակ, երբ Քրիստոսի եկեղեցին մեղանչեց և համարձակվեց զանց առնել պատվիրանը, Նա խոնարհվեց իր ողորմության գթությամբ դեպի եկեղեցին ոչ թե մեղանչելու և այն ծառից վերցնելու համար, այլ ձեռնամուխ եղավ զորացնել այն իշխանությունը, որ խախտվեց պտղի պատճառով, որը քաղվեց անարժանների կողմից: Քրիստոս հավասարվեց նրա հետ ... ինչպես և Ադամը Եվայի հետ, որպեսզի և ինքը կրկին ուղղորդի իր եկեղեցին դեպի ճշմարիտ կյանքը և հանուն նրա, պտղի ճաշակումով հաղորդվեց, հավասարվեց նրա ... հանդգնությանը` որպեսզի ... մնան հավատի և ճշմարտության մեջ ... :

   Կրկին ասում ենք առաքյալի խոսքը. «Ադամը չմեղանչեց, այլ` Եվան»: Քանի որ հանցանքների մոլորությունը Եվայից սկսվեց և շարունակվեց մինչև Ադամ, բայց Ադամը չմեղանչեց Եվայի մոլորության հանցանքների չափ: Արդ, լսիր դու, թե ինչ է ասվում. «Ինչպես մարդու պատճառով մահ եղավ և մի մարդու պատճառով բոլորս մեռնում ենք». սա վերաբերում է Եվայի հանցանքների մոլորությանը, այլ ոչ թե` Ադամի ... : Արդ, Ադամը ոչ մի առավելություն չուներ Եվայից, բայց քանի որ նա եղավ գաղթակղության պատճառը, նրան դրեց հնազանդության մեջ, որպեսզի այն տեղում, որտեղ տղամարդը լինի հանցնանքների մոլորության մեջ, իսկ կինը` ճշմարտության, տղամարդուն հնազանդեցնի և կնոջն իշխան կդարձնի. «Եթե ասում է, տղամարդը լինի անհավատ և կինը հավատացյալ, թող չթողնի իր ամուսնուն: Ի՞նչ գիտես կին, ասում է, միգուցե դու փրկես քո ամուսնուն » (Ա Կորն․ 7։13):

   

Ա. Լոպուխին

   Եվ Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը դարձավ մեզ նման մեկը, նա գիտի բարին և չարը։ Արդ, գուցե նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի և անմահ դառնա»։ (Սինոդական թարգ․)[22]
   
   Ահա Ադամը դարձավ մեզ նման մեկը... Շատ կոպիտ ու անվայել կլիներ Աստծո այս բառերի մեջ տեսնել միայն պարզ հեգնանք անկյալ նախածնողների դժբախտության նկատմամբ: Ուստի, ավելի իրավացի են նրանք, ովքեր դրանց մեջ դիտարկում են շեշտված հակափաստարկ տվյալ պատմության ավելի վաղ համարներից մեկին, ուր խոսվում էր սատանայի գայթակղիչ խոստման մասին, իբր տալ մարդկանց հնարավորություն լինելու Աստծուն հավասար (Ծննդ. 3։5): «Քանի որ,-նկատում է երանելի Թեոդորիտը,-սատանան ասում է՝ դուք կլինեք աստվածների նման՝ կիմանաք բարին ու չարը (Ծննդ. 3։5), իսկ պատվիրանը խախտողին սահմանված է մահվան որոշում, ապա Աստված դա յուրաքանչյուրին ասաց իբրև հանդիմանություն՝ ցույց տալով սատանայի խոստման սուտ լինելը»: Այսպիսով, եթե այստեղ առկա է որոշակի հեգնանք, ապա ոչ թե բառերի, այլ փաստերի մեջ:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը: Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը եղավ իբրև Մեզանից մեկը՝ բարին և չարը իմացող: Եվ հիմա գուցե նա մեկնի իր ձեռքը, վերցնի կենաց ծառից, ուտի և հավիտյան ապրի»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր Աստուած. Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ՝ գիտել զբարի և զչար։ Եւ արդ գուցէ ձգիցէ զձեռն և առնուցու ի ծառոյն կենաց, ուտիցէ և կեցցէ յաւիտեան։