Ծննդոց գրքի մեկնություն 34:13

Ա. Լոպուխին

13-17․ Հակոբի որդիները խորամանկ պատասխան տվեցին  Սյուքեմին ու նրա հորը՝  Եմորին, քանի որ Սյուքեմը պղծել էր իրենց քույր Դինային: [13] Լիայի որդիները` Դինայի եղբայրներ Շմավոնն ու Ղևին, ասացին. «Չենք կարող անել այդ բանը` մեր քրոջը տալ անթլպատ մի մարդու, որովհետև դա մեզ համար նախատինք կլինի: Մենք կհամակերպվենք ձեզ հետ և կբնակվենք ձեր երկրում միայն այն դեպքում, եթե դուք նմանվեք մեզ.  թլպատվեն ձեր բոլոր արու զավակները»: Եվ մենք  մեր դուստրերին կտանք ձեզ և ձեր դուստրերից մեզ կին կառնենք: Կապրենք ձեզ հետ, և կլինենք իբրև մեկ ժողովուրդ: Բայց եթե չլսեք մեզ՝ չթլփատվեք, ապա մեր դուստրերին կվերցնենք ու կհեռանանք: (Սինոդական թարգ․)
   
   Եմորին և Սյուքեմին Հակոբի որդիները՝ Դինային արգանդակից Շմավոնն ու Ղևին, ըստ երևույթին անում են պատշաճ առաջարկ, բայց նենգ նպատակով (հ. 13): Նրանք հայտարարում են, որ իրենց համար  խայտառակություն է մերձազգակցական հարաբերություններ հաստատել վերջիններիս հետ, ուստի սյուքեմացիներից պահանջում են արական սեռի համատարած թլպատություն  (Ծննդ. 17:10, 12): Այս առաջարկով, իհարկե,  Հակոբի որդիները չէին  ձգտում օտար ցեղակիցների շրջանում տարածել աստվածադիր թլպատությունը: Թլպատության առաջարկությունը ինքնին չէր կարող զարմացնել և զայրացնել խևացիներին. թլպատությունը, ըստ Հերոդոտոսի, վաղուց ի վեր գոյություն է ունեցել եգիպտացիների, փյունիկցիների և այլ ազգերի մոտ, հետևաբար կարող էր հայտնի լինել նաև քանանացիներին, ովքեր Աստվածաշնչում անթլպատներ չեն կոչվում։ Ավելի շուտ զարմանալի է, որ խևացիները դեռևս անթլպատ էին, երբ, օրինակ, Իսմայելի ուժեղ ցեղը, անկասկած, թլպատված էր: Թլպատության  նշանակության և իմաստի մասին Հակոբի որդիները ոչինչ չեն ասում Սյուքեմին և Եմորին:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Յակոբի որդիները խորամանկութեամբ պատասխանեցին Սիւքեմին ու նրա հայր Եմորին, քանի որ Սիւքեմը պղծել էր իրենց քոյր Դինային:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբի որդիները Սյուքեմին և նրա հայր Եմորին պատասխանեցին խորամանկությամբ, որովհետև նա պղծել էր իրենց քրոջը՝ Դինային
(Գրաբար) Պատասխանի ետուն որդիքն Յակոբայ` Սիւքեմայ եւ Եմովրայ հաւր նորա նենգութեամբ` եւ ասեն ցնոսա. վասն զի պղծեցին զԴինա քոյր նոցա: Եւ ասեն Շմաւոն եւ Ղեւի եղբարք Դինայ` որդիքն Լիայ: