Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Այդպե՛ս էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։
Բացի մարդկանց փրկությունից` Քրիստոս այնուհետև ցույց է տալիս նաև մեկ այլ օգուտ, որը կարող է աշակերտներին խթանել առավել մեծ ջանասիրությամբ և եռանդով կատարելու իրենց պարտականությունները: «Եթե դուք ճիշտ ապրեք, - ասում է Քրիստոս, - ապա ոչ միայն դարձի կբերեք ամբողջ տիեզերքին, այլ նաև կնպաստեք Աստծու անվան փառավորմանը: Եվ, ընդհակառակը, եթե դուք վատ կյանքով ապրեք, ապա թե´ մարդկանց կորստյան կմատնեք, և թե´ առիթ կտաք Աստծու անվան հայհոյության համար»:
Այդ ինչպե՞ս, - կհարցնես դու, - Աստված կարող է փառավորվել մեր միջոցով, եթե մարդիկ չարախոսեն մեր մասին: Բայց բոլորը չէ, որ զրպարտությամբ կչարախոսեն մեր մասին, և նույնիսկ մեզ չարախոսողներն էլ դա կանեն նախանձից ելնելով, բայց իրենց սրտերում կհարգեն ու կհիանան մեզանով` ճիշտ այնպես, ինչպես այն մարդիկ, որոնք թեպետ բացահայտորեն հաճոյախոսում են ամբարիշտներին, բայց իրենց սրտերում մեղադրում են նրանց:
Ուրեմն ի՞նչ ես հրամայում. ապրել փառասիրության և պատվասիրության համա՞ր: Ոչ, ես բնավ դա չեմ ասում: Ես չասացի՝ ջանացեք ցուցադրել ձեր բարի գործերն ու ի ցույց դնել դրանք: Ես միայն ասացի՝ «Թող ձեր լույսը փայլի», այսինքն՝ թող ձեր առաքինություններն առավել քան մեծ լինեն, ձեր կրակը՝ բոցավառ, և լույսը՝ անպատմելի: Երբ ձեր առաքինություններն այդպիսին լինեն, դրանք թաքցնելն անհնարին կլինի, նույնիսկ եթե այդ առաքինություններն ունեցողը բոլոր ջանքերով փորձի թաքցնել դրանք: Ուստի դուք ցույց տվեք ձեր անբասիր կյանքի օրինակը, և ոչ ոք չի կարող բավարար պատճառներ գտնել ձեր մասին չարախոսելու համար: Թող զրպարտիչներն անթիվ-անհամար լինեն, սակայն նրանցից ոչ ոք չի կարող մթագնել ձեր փառքի լույսը: Շատ լավ է ասված «լույս» բառը: Իրոք, ոչինչ այնպես չի տարածում մարդու փառքը, ինչպես առաքինության փայլը, նույնիսկ եթե այդ առաքինի մարդը բոլոր միջոցներով ջանա թաքցնել այն: Այդպիսի մարդը կարծես շրջապատված է արևի ճառագայթներով և ավելի պայծառ է շողարձակում, քան իրենք` արևի ճառագայթները, ու իր լույսն էլ տարածում է ոչ միայն երկրի վրա, այլ նաև` երկնքում:
Այստեղ Քրիստոս էլ ավելի է մխիթարում Իր աշակերտներին: «Թող որ ձեզ վշտացնի ա´յն, - ասում է Նա, - որ ձեզ նախատում են, բայց շատերը հենց ձե´ր միջոցով են Աստծու ճշմարիտ երկրպագուները դառնալու»: Ե´վ այս, և´ այն դեպքում էլ ձեզ համար պարգև է պատրաստված. թե´ այն ժամանակ, երբ դուք հանդուրժում եք չարախոսությունը` հանուն Աստծու, և´ այն դեպքում, երբ ձեր միջոցով Աստված է փառավորվում: Բայց որպեսզի մենք չջանանք մեր իսկ մասին չարախոսություններ տարածել՝ իմանալով, որ դրա համար վարձատրություն է նախատեսված, Քրիստոս պարզապես չի խոսում չարախոսության մասին, այլ մատնանշում է միայն դրա երկու տեսակները. երբ մեր մասին սուտ են խոսում, և երբ մեզ զրպարտում են Աստծո´ւ «պատճառով»: Բայց Քրիստոս, միևնույն ժամանակ, ցույց է տալիս, որ այդպիսի չարախոսությունը ոչ միայն մեծ օգուտներ է բերում, այլ նաև բարեհամբավ փառք է շնորհում, երբ այդ զրպարտիչ չարախոսության «միջոցով» Աստծո´ւ փառքն է տարածվում:
Այստեղ Քրիստոս զորացնում է Իր աշակերտներին բարի հույսերով: «Ամբարիշտների այդ չարախոսությունը, - ասում է Նա, - այնքան զորավոր չէ, որ կարողանա ուրիշներին խանգարել` տեսնելու ձեր լույսը: Ձեզ ոտնակոխ կանեն միայն այն ժամանակ, երբ դուք ինքներդ կմթագնեք ձեր լույսը, այլ ո´չ թե այն ժամանակ, երբ դուք բարին գործեք: Եվ, ընդհակառակը, երբ դուք բարի գործեք կատարեք, այդ ժամանակ շատերը կհիանան ձեզանով, և ո´չ միայն ձեզանով, այլ ձեր միջոցով նաև կզմայլվեն ձեր երկնավոր Հո´ր փառքով»:
Քրիստոս այնուհետ չասաց՝ «կփառավորեն Աստծուն», այլ՝ «կփառավորեն Հորը», որով իսկ Աստվածորդին սահմանում է Իր աշակերտներին տրվող պատվի սկզբնավորումը: Հոր հետ Իր համապատվությունը ցույց տալու համար Քրիստոս ավելի վաղ արդեն իսկ ասել էր. «Մի´ վշտացեք, երբ ձեր մասին վատ խոսքեր լսեք, քանի որ ձեզ համար պատիվ է, որ այդ չարախոսությունները լսեք հանուն Ինձ», և այստեղ նույնպես, ահավասիկ, Փրկիչը դարձյալ մատնանշում է Հորը՝ ամենուր ցույց տալով Հոր հետ Իր հավասարապատվությունը:
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»:
Թող ձեր լույսն այնպես փայլի մարդկանց առաջ:
Ինչո՞ւ այլուր [Տերը] հրամայում է ծածուկ գործել բարին, իսկ այստեղ՝ մարդկանց առաջ: Երկուսն էլ ճիշտ են տարբեր ժամանակներում: Երբ մարդահաճության ախտը պատերազմում է առաքինի մարդու հետ, պետք է բարին ծածուկ գործել: Իսկ ով հաղթում է այս ախտին և ամեն ինչ անում Աստծո երկյուղից ու սիրուց, հայտնի դառնալուց ոչ միայն չի վնասվում, այլև ընդհակառակը՝ օգուտ է ստանում:
[Տերն] իրավացիորեն է [առաքինությունը] նմանեցնում լույսի. որովհետև ինչպես որ ոչ ոք չի կարող թաքցնել լույսը, այդպես էլ՝ առաքինությունը, և ոչինչ այնպես նշանավոր չի դարձնում մարդուն, ինչպես առաքինի վարքը. ո՛չ միայն կենդանության օրոք, այլև մահվան ժամանակ:
Որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է:
Չի ասում՝ «Աստծուն», այլ՝ «ձեր Հորը, որ երկնքում է»: «Փառավորեն» ոչ թե երկրում ունեցած ձեր [հորը], այլ [ձեր]՝ ըստ շնորհի միակ [Հորը], որ երկնքում է՝ Անմահին ու Մշտնջենավորին: Սա ասելով՝ [Տերը] ցույց է տալիս Հոր հետ Իր համապատվությունը: Մի՛ երկնչեք ձեր մասին սուտ բամբասանքներից, որովհետև շատերը ձեր բարի լինելու պատճառով կփառավորեն Աստծուն:
Իսկ խորհրդանշաբար լեռ է պետք հասկանալ Քրիստոսին՝ Նրա անդրդվելի զորության պատճառով, իբրև «Աստծո լեռ» և «պարարտ լեռ»՝ ընդդեմ «հպարտացած լեռների» (Սաղմ. 67:16–17): Այդ լեռան վրա կառուցված քաղաքն էլ Եկեղեցին է. ըստ Եսայու՝ «Վերջին օրերին հայտնի կդառնա Տիրոջ լեռը» (Ես. 2:2): Այդ քաղաքի հիմքը առաքյալներն ու մարգարեներն են (Եփես. 2:20) շինությունները՝ բոլոր արդարների դասերը: Նրանք են նաև բնակիչները: [Տերն] ասում է. մի՛ երկնչեք, որովհետև այս քաղաք Եկեղեցին, որ հաստատված է երկնային լեռան վրա, չի թաքնվում, և «դժոխքի դռները նրան չեն գրավի» (Մատթ. 16:18): Իսկ ճրագն առաքյալներն են, ինչպես մի ժամանակ՝ Հովհաննես [Մկրտիչը], և լույսը Սուրբ Հոգու շնորհն է: Եվ լույսը վառողը՝ Քրիստոսը, Ով նրանց մեջ փչեց Սուրբ Հոգին (Հովհ. 20:22), հրամայում է, որ այդ [շնորհը] չծածկեն հաճույքների ու երկչոտության ամանի տակ, այլ դնեն քաջության ու ճշմարտության աշտանակի վրա: Ըստ մարգարեի՝ «Զորությա՛մբբարձրացրու քո ձայնը, [ավետարանի՛չ դու Երուսաղեմի]» (Ես. 40:9):
«Եվ լույս է տալիս տանը բոլոր գտնվողներին»: Տունն այս աշխարհն է, տանը գտնվողները՝ մարդկային ցեղը: Նաև՝ տունը մարմինն է, և բնակիչը՝ հոգին, լույսն էլ առաքյալների քարոզությունն է, որով լուսավորվեցին մարդկանց հոգիները Տիրոջ գիտությամբ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: