Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
29-30. «Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի´ր այն և դե´ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, քան թե ամբողջ մարմինդ գեհեն ընկնի»։ «Եվ եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի´ր այն և դե´ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, քան թե ամբողջ մարմինդ գեհեն ընկնի»։
Եթե ցանկանում ես լսել միայն կանանց վերաբերող հանդիմանական խոսքեր, ապա լսի´ր Եսայուն, որն ամեն կերպ դատապարտում է մեղավոր կանանց՝ ծաղրելով նրանց տեսքը, հայացքը, քայլվածքը, ծածանվող զգեստները, նրանց սեթևեթանքներն ու ծռմռվող պարանոցները (տե´ս Ես. 3:16): Լսի´ր նաև երանելի Պողոսին, որն այդպիսի կանանց համար բազմաթիվ օրենքներ է սահմանում և խիստ հանդիմանում է հագուստի, ոսկե զարդերի, մազերի հյուսման, փափկասիրության և նմանօրինակ այլ բաների համար: Եվ Ինքն իսկ՝ Քրիստոս էլ, Իր հետագա խոսքում ծածուկ կերպով այս նույն միտքն է արտահայտում: Երբ Հիսուս հրամայում է կտրել և հեռացնել այն, ինչ գայթակղեցնում է մեզ, դրանով Նա ցույց է տալիս Իր զայրույթը մեղսավոր կանանց դեմ: Դրա համար էլ պատգամում է. «Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի´ր այն և դե´ն գցիր քեզնից» (Մատթ. 5:29): Այսպիսի պատվիրան Նա տալիս է, որպեսզի դու չասես՝ ինչու՞ չնայել կնոջն այն դեպքում, եթե նա իմ հարազատն է, կամ եթե ինչ-որ անհրաժեշտություն ստիպում է նայել նրան: Այս պատվիրանը տալով՝ Քրիստոս չէր խոսում մարմնի անդամների մասին, ո´չ և ո´չ: Նա երբեք չի դատապարտում մարմինը, այլ ամենուրեք մեղադրում է ապականված կամքը: Քո աչքը չէ, որ նայում է, այլ քո միտքն ու սիրտը: Երբ մեր հոգին ուղղված է լինում այլ առարկաների վրա, ապա աչքը հաճախ չի տեսնում այն, ինչ իր առջև է: Հետևաբար, ամեն ինչ չպետք է վերագրել աչքի տեսողությանը: Եթե Քրիստոս խոսեր մարմնի անդամների մասին, Նա չէր խոսի միայն մեկ աչքի, այն էլ՝ աջի մասին, այլ երկուսի մասին էլ: Ի վերջո, եթե ինչ-որ մեկը գայթակղվում է աջ աչքով, անկասկած, գայթակղվում է նաև ձախով: Ուրեմն, ինչու՞ Փրկիչը խոսեց միայն աջ աչքի և աջ ձեռքի մասին: Որպեսզի դու իմանաս, որ խոսքը ոչ թե մարմնի անդամների մասին է, այլ մեզ հետ սերտ կապ ունեցող մարդկանց մասին: Եթե դու ինչ-որ մեկին այնքան ես սիրում, որ վստահում ես նրան, ինչպես քո աջ աչքին, կամ նրան այնքան օգտակար ես կարծում, որ համարում ես քո աջ ձեռքը, և եթե նա ապականում է քո հոգին, ապա դու նման մարդուն էլ կտրիր քեզանից:
Եվ այստեղ ուշադրություն դարձրու արտահայտության զորությանը: Փրկիչը չի ասում՝ «մի´ գործածիր այն», այլ ասում է՝ «հանի´ր այն և դե´ն գցիր քեզնից»` ցանկանալով ցույց տալ լիակատար հեռացումը: Ավելին, քանի որ Նա բավական խիստ պատվիրան է սահմանել, ուստի ցույց է տալիս նաև դրա օգուտը երկու` բարու և չարի առումներով: «Որովհետև քեզ համար ավելի լավ է, - ասում է Նա՝ շարունակելով Իր այլաբանությունը, - որ քո անդամներից մեկը կորչի, քան թե ամբողջ մարմինդ գեհեն ընկնի» (Մատթ. 5:30): Իրոք, երբ քո կողքին գտնվող մարդը ոչ միայն իրեն չի փրկում, այլ նաև իր հետ քեզ էլ է կործանում, ապա ի՞նչ մարդասիրության մասին կարող էր խոսք կլիներ, եթե երկուսդ էլ ընկնեիք կործանման անդունդը` այն դեպքում, որ միմյանցից բաժանված լինելով՝ գոնե մեկդ կարող էր փրկվել: Ուրեմն ինչպե՞ս էր, - կասես դու, - որ Պողոսը ցանկանում էր մինչև իսկ նզովված լինել Քրիստոսից հանուն իր եղբայրների (տե´ս Հռոմ. 9:3): Առաքյալը դա ցանկանում էր ոչ թե առանց օգուտի, այլ որպեսզի այդպիսով մյուսները փրկվեին. այստեղ, սակայն, վնաս կա երկուսի համար էլ: Այդ պատճառով Փրկիչը չի ասում միայն՝ «հանի´ր», այլ նաև՝ «դե´ն գցիր քեզնից»` այնպես, որպեսզի դու այլևս երբեք չվերականգնես կապը քո այդ ընկերոջ հետ, եթե նա մնա նույնպիսին, ինչպիսին նախկինում էր: Այդպիսով, դու թե´ նրան կազատես մեծ դատապարտությունից, և թե´ քեզ կփրկես կործանումից:
Որպեսզի դու ավելի պարզ տեսնես այս օրենքի օգուտը, եթե ցանկանում ես, ասվածը կիրառե´նք մարմնի օրինակով: Եթե քեզ անհրաժեշտ լիներ ընտրել երկուսից մեկը՝ կա´մ, աչքը պահպանելը` անդունդն ընկնելով և այնտեղ կործանվելով, կա´մ էլ, աչքից զրկվելով, պահպանել մարմնի մնացած անդամները, չէ՞ որ դու կընտրեիր վերջին տարբերակը: Սա բոլորի համար ակնհայտ է: Դա չէր նշանակի, որ դու չես խնայում քո աչքը, այլ որ խնայում ես մնացած բոլոր անդամները: Նույն կերպ դատիր տղամարդկանց և կանանց մասին: Եթե քո ընկերը, որը վնասում է քեզ, բոլորովին անբուժելի է, ապա նա, քեզանից կտրված լինելով, և´ քեզ կազատի ամեն տեսակի վնասից, և´ ինքը կազատվի մեծ դատապարտությունից, քանի որ, բացի իր սեփական մեղքերից, նա այլևս պատասխանատվություն չի կրի նաև քո կործանման համար:
Տեսնու՞մ ես, թե Քրիստոսի օրենքը որքան լի է մեղմությամբ և հոգատարությամբ, ու թե որքան մեծ մարդասիրություն է դրսևորվում Նրա թվացյալ խստության մեջ: Թող լսեն սա նրանք, ովքեր շտապում են դեպի ներկայացումներ և ամեն օր իրենք իրենց դարձնում են շնացողներ: Եթե օրենքը մեզ հրամայում է մեզանից կտրել վնասակար ընկերոջը, ապա ի՞նչ արդարացում կարող են ունենալ նրանք, ովքեր ամենօրյա ներկայացումների ժամանակ դեպի իրենց են գրավում բոլորովին անծանոթ մարդկանց և իրենք իրենց կործանման համար անթիվ առիթներ են ստեղծում: Այսպիսով, Փրկիչը ոչ միայն թույլ չի տալիս նայել ցանկասեր աչքերով, այլև, ցույց տալով դրանից բխող վնասը, էլ ավելի է խստացնում օրենքը՝ հրամայելով կտրել կամ հեռացնել գայթակղիչ անդամը և դեն նետել այն: Եվ այս օրենքը սահմանում է Նա, Ով նախկինում հազար անգամ խոսել է սիրո մասին, որպեսզի դու թե´ այս և թե´ այն դեպքում էլ իմանաս, թե որքան մեծ է Նրա հոգատարությունը քո հանդեպ, և թե ինչպես է Նա ամենուրեք փնտրում քո օգուտը:
«Եթե, - ասում է Նա, - քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի´ր այն և դե´ն գցիր քեզնից» (Մատթ. 5:29): Իր այս պատվիրանով Քրիստոս նկատի ունի ոչ թե աչքը, — քանի որ ի՞նչ վատ բան կարող է անել աչքը, երբ հոգին առողջ վիճակում է, — այլ մեր մտերիմ ընկերներին, որոնք դարձել են մեր անդամների պես և վնասում են մեզ: Այսպիսով Հիսուս հրամայում է չարժևորել նրանց բարեկամությունը, որպեսզի ավելի անվտանգ կերպով ապահովենք մեր սեփական փրկությունը: Այդ պատճառով էլ մարգարեն ինքն էլ ասում է. «Ես չեմ նստել ստախոս մարդկանց հետ և խորամանկների հետ ես չեմ գնա» (հմմտ. Սաղմ. 25:4): Եվ Երեմիան էլ երանի է տալիս նրան, ով «միայնակ է նստում և իր երիտասարդության մեջ կրում է իր լուծը» (Ողբ 3:27,28): Ուստի չպետք է աննշան համարենք չար մարդկանց հետ շփումից բխող վնասը, այլ ամեն ինչից առաջ նախ խուսափենք նման մարդկանցից, թեկուզ նրանք լինեն կանայք, նույնիսկ եթե լինեն ընկերներ կամ, առհասարակ, ովքեր էլ որ լինեն:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
29-30. Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն:
Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և քեզնից դե՛ն նետիր. որովհետև ավե լի լավ է քեզ համար, որ քո անդամներից մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհենն ընկնի:Եվ եթե քո աջ ձեռքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր այն և քեզնից դե՛ն նետիր. որովհետև ավելի լավ է քեզ համար, որ քո անդամներից մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհենն ընկնի:
Ոմանք, խոսքերի հերթագայությանը նայելով, կարծեցին, թե ասվածը մարմնի անդամների մասին է, քանի որ [Տերը] նախ ասաց, թե ով ցանկությամբ է նայում, շնացող է, և այժմ՝ «Եթե [քո] աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և քեզնից դե՛ն նետիր», ինչպես արեց սրբուհի Վարդոցը 1, ում աչքերի գեղեցկության պատճառով մի երիտասարդ սիրահարվել էր [նրան], ուստի [վերջինս], ոստայնագործական կկոցով հարվածելով, իր աչքերը հանեց և սիրահարված երիտասարդին դրանով զգաստացրեց: Բայց մենք, [Տիրոջ այս խոսքի] իմաստների նրբությանը նայելով, կարծում ենք, որ [խոսքը] մարմնի անդամների մասին չէ, որոնք Աստված պատրաստել է հինգ ընդհանուր սեռերի 2 իմաստասիրության և վայելչության համար, և որոնք իշխանական [մտքի] ծառաներն են, որ կողմ էլ որ այն տանի նրանց: Եթե [խոսքը մարմնի] անդամ ների մասին լիներ, [Տերը] ոչ միայն աջը կհիշատակեր, այլև ձախը: Նաև՝ նույնիսկ եթե այստեղ [մեկն իր, օրինակ, ոտքը] հատի, [հարության] վերանորոգության ժամանակ [այն] վերստանալու է և կաղ չի մտնելու [հավիտենական] կյանք, ինչպես [Տերն] ասաց: Ուրեմն՝ այս խոսքն իրականում [մարդու մարմնի] անդամներում զորացող չարության մասին է, ինչ պատճառով Տիրոջ ասածները երկու կերպ պիտի հասկանանք:
Նախ ասաց, որ ով ցանկասիրությունից գերվում է, շնացող է, այժմ էլ ապաշխարությունն է առընթեր դնում, թե՝ երբ աչքդ քեզ գայթակղեցնում է անմաքուր նայվածքով, կամ ականջդ՝ չարախոսություն [լսելով], բերանդ՝ ստախոսությամբ, ձեռքդ՝ գողությամբ կամ սպանությամբ, կտրիր շպրտի՛ր այն քեզնից. ո՛չ մարմնիդ [անդամը], այլ գո՛րծը, որը մարմնի [այդ անդամով] կատարեցիր՝ ըստ այնմ. «Պատառոտեք [ձեր] սի՛րտը և ո՛չ թե հագուստը» (Հովել 2:13): Որովհետև ավելի լավ է քեզ համար, որ առանց այդ գործի, անարատ մարմնով, կյանք մտնես, քան միառժամանակ հորանաս 3 զգայարանների հաճույքներով և գեհենի ժառանգ դառնաս: Ինչպես որ Պետրոսն էլ ոչ թե [մարմնի] անդամները հատեց, այլ անդամների գործերը՝ ասել «Մենք թողեցինք ամեն ինչ և Քո հետևից եկանք» (Մատթ. 19:29), ինչին [Տերը] պատասխանեց. «Կյա՛նքը կժառանգես» (Մատթ. 19:29):
Նաև՝ եթե մեկը քո մեղանչման պատճառ դառնա, և նա քո ընտանիքից է կամ սիրելիներից, կամ էլ [դա] նյութական բան է և այնքան սիրելի, ինչպես աջ աչքը, կամ հաջողության պատճառ, ինչպես աջ ձեռքը, հարուստի համար՝ նրա ունեցվածքը (Մատթ. 19:16-24), և Հ/գլուխ-1929/երովդեսի համար՝ նրա ընտանիքի [անդամ] Հերովդիադան (Մատթ. 14:3-11), հատի՛ր, ասում է [Տերը], և դե՛ն նետիր քեզնից: Որովհետև ավելի լավ է քեզ համար, որ [մնաս] առանց քո սիրելիների և ունեցվածքի, բայց կյանքը ժառանգես, քան թե [սիրելիի] կամքը կատարես և նրա տանջանքին հաղորդակից դառնաս, ինչպես արեց Ադամը, ով չհատեց Եվայի սերը, ուստի զերծ չմնաց անեծքի մահաբեր թույնից, այլ գնաց [այդ սիրո] հետևից և մեր այսքան մահերի պատճառ դարձավ: Ասելով «Կտրիր այն և քեզնից դե՛ն նետիր»՝ [Տերը] ցույց է տալիս այն հեռացնելն այնպես, որ այն այլևս քեզ չկպչի, քանի որ գայթակղության ենթարկողին քեզնից հեռացնելով՝ երկու պիտանի բան ես կատարում. քեզ նրա վնասակար հարվածներից ազատում ես և նրա տանջանքի ծանրությունը թեթևացնում, ինչպես նաև, նրանից հեռանալովդ, նրան և՛ս ուղղվելու կոչ ես անում:
Բայց կարող է մեկը հարցնել. «Եթե այդպես է, ինչո՞ւ է [Տերը] մարմնի անդամների օրինակը բերում»: Սրան կպատասխանենք. կամ որովհետև աղտեղի գործերը [մարմնի] անդամների միջոցով են կատարվում, և երբ սովորությունը երկարում է, մեր մեջ բնություն է դառնում, կամ էլ՝ որովհետև ինչպես որ [ավելի լավ] զույգ աչքով ենք գույները տեսնում, զույգ ոտքով՝ ճանապարհն անսխալ գնում, զույգ ձեռքով՝ գործն անում, և [այս յուրաքանչյուր զույգից մեկի] պակասելը մեզ տրտմության մեջ է գցում, այդպես էլ մեր ունեցվածքի փառքն ու մեծությունը և բարեկամների մտերմությունը, երբ մեր բնության համար ընտել են դառնում, հաճելի են թվում, և դժվար է [դրանցից] հրաժարվել: Այս պատճառով էլ Տերը ոչ թե սիրելիներից [ընդհանրապես] հրաժարվելն է արժանահավատ քարոզում, այլ բաղդատելով՝ նախընտրելի համարում երկուսի համեմատ մեկի՛ կորուստը:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն:
Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից» և այլն:
[Այն, որ այս խոսքը] տեսանելի աջ աչքի և աջ ձեռքի մասին չի ասվել, ամենքին հայտնի է, իսկ եթե ոչ, [ապա] կարծեցյալ հրամանով բոլոր քրիստոնյաներին պարտ էր առանց աջ աչքի և ձեռքի լինել: Քանզի մարդկանցից ո՞վ չի գայթակղվի ոչ միայն աջ աչքով, այլև ձախ աչքով ու ձեռքով ևս: Արդ, եթե հիմարություն է այդպես կարծելը, ապա աջ աչք և ձեռք [ասելով]՝ պետք է իմանալ կա՛մ երևելիներից ամենասիրելիներին, ովքեր գայթակղեցնելով [մղում] են վատթարագույն գործերի և կա՛մ չարակամ թշնամու աներևույթ խորհուրդները, որը և կոչվեց աջ աչք: Եվ հրամայում է այդպիսի սիրելիներից մեկուսանալ, որոնք գայթակղեցնում են անիրավություն խորհել ու գործել:
[Նույն օրինակով] սատանան հյուսիսային կոչվեց, իսկ Քրիստոս՝ հարավային, ինչպես Երգ երգոցից ուսանեցինք. «Վե՛ր կաց, հյուսիսի՛ [քամի], և ե՛կ հարավի՛ [հով]» (Երգ. 4:16): Նաև մյուս մարգարեն է ասում. «Աստված հարավից կգա, սուրբը՝ զով և անտառախիտ լեռից» (Ամբ. 3:3)՝ ըստ Յոթանասնից թարգմանության, իսկ ըստ եբրայական [բնագրի]՝ «Աստված Թեմանից կգա, և սուրբը՝ Փառան լեռից»: Թեման թարգմանվում է հարավ, իսկ Փառանը՝ զով:
Եվ այն ամենը, որոնք իրենց կարգով գրվեցին, ցույց են տալիս օրենքների և մարգարեությունների լրումն ու կատարումը և ոչ թե լուծարումը, ինչպես ոմանք հրեաբար կարծեցին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: