Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 25

ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒ ԱՂՕԹՔԸ
   
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

1․ Դա՛տ արա ինձ, Տէ՛ր, քանզի անբասիր ընթացայ, յոյսս դրի Տիրոջ վրայ, որ չլինեմ տկար:
2․ Փորձի՛ր ինձ, Տէ՛ր, եւ քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս:
3․ Ողորմութիւնդ, Տէ՛ր, աչքիս առջեւ է, եւ ճշմարտութիւնդ հաճելի է ինձ:
4․ Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի եւ անօրէնների մօտ ես չեմ գնայ:
5․ Չարագործների ամբոխը ես ատեցի եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի:
6․ Սրբութեամբ կը լուամ ձեռքերն իմ եւ սեղանիդ շուրջը կը նստեմ, Տէ՛ր.
7․ թող լսեմ քո օրհնութեան ձայնը եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները:
8․ Տէ՛ր, սիրեցի քո տան վայելչութիւնը եւ քո փառքի բնակութեան վայրը:
9․ Մի՛ կործանիր ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կեանքս՝ արիւնահեղների հետ,
10․ որոնց ձեռքերն անօրէնութեան մէջ են, եւ աջը նրանց լի է կաշառքով:
11․ Ես անբասիր ընթացայ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ողորմի՛ր ինձ:
12․ Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրայ թող լինի, մեծ հաւաքներում քեզ պիտի օրհնեմ: