Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Իսկ Հիսուս, նրանց միտքը հասկանալով, ասաց. «Ինչո՞ւ եք ձեր սրտում չար բաներ խորհում»»։
Այնուամենայնիվ, անդամալույծի բժշկության ժամանակ Հիսուս Քրիստոս ներկայացնում է նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր ապացույց Իր Աստվածության և Հայր Աստծու հետ հավասարապատվության մասին: Դպիրներն ասում էին, որ մեղքերը ներելու իշխանությունը պատկանում է միայն Աստծուն, իսկ ահա Հիսուս ոչ միայն ներում է մեղքերը, այլև նախապես Իր մեջ բացահայտում է մեկ այլ հատկություն, որ բնորոշ է միայն Աստծուն, մասնավորապես՝ Քրիստոս բացահայտում է մարդկանց սրտի գաղտնիքները:
Դպիրները բոլորի առաջ չբացահայտեցին իրենց մտածումները։ «Այն ժամանակ (այս առիթով), — ասում է ավետարանիչը, — դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. Սա հայհոյում է»: Իսկ Հիսուս, նրանց միտքը հասկանալով, ասաց. «Ինչո՞ւ եք ձեր սրտում չար բաներ խորհում» (Մատթ. 9:3-4): Իսկ այն մասին, որ սրտի գաղտնիքների իմացությունը պատկանում է միայն Աստծուն, լսի՛ր, թե ինչ է ասում Սողոմոնը. «Միայն Դու գիտես սրտերը» (հմմտ․ Բ Մնաց. 6:30)։ Նույնպես նաև Դավիթը. «Դու քննում ես սրտերն ու երիկամները» (հմմտ․ Սաղմ. 7:10)։ Եվ Երեմիան թե. «[Մարդկային] սիրտն ամեն ինչից ավելի խորամանկ է և խիստ ապականված. ո՞վ կարող է ճանաչել այն» (հմմտ․ Երեմ. 17:9):
Եվ Ինքը՝ Աստված էլ, ասում է. «Մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին» (Ա Թագ. 16:7): Սուրբ Գրքի մյուս հատվածներում նույնպես կարելի է տեսնել, որ միայն Աստծուն է բնորոշ սրտի գաղտնիքներն իմանալը: Ուստի, ցանկանալով ցույց տալ, որ Ինքն Աստված է՝ հավասարապատիվ Հայր Աստծուն, — այն, ինչ խորհում էին դպիրներն իրենց մտքում (չնայած որ նրանք, վախենալով ժողովրդից, չէին համարձակվում իրենց մտքերը բացահայտել բոլորի առաջ), Քրիստոս բացահայտեց ու հռչակեց դպիրների մտածումները՝ այստեղ ևս ցույց տալով Իր մեծ հեզությունը: «Ինչո՞ւ եք ձեր սրտում չար բաներ խորհում, — ասում է Նա»: Եթե որևէ մեկը կարող էր վրդովվել, ապա հավանաբար միայն անդամալույծ հիվանդը՝ որպես հուսախաբ եղած մեկը: Նա կարող էր ասել՝ «ես եկել եմ, որ Դու ինձ բուժես իմ հաշմանդամությունից, իսկ Դու բուժում ես մեկ ա՞յլ բան։ Ինչպե՞ս կարող եմ համոզվել, որ իմ մեղքերը ներվում են»: Բայց անդամալույծը նմանօրինակ ոչինչ չասաց, այլ իրեն հանձնեց Բժշկողի իշխանությանը: Մինչդեռ դպիրները, իրենց հպարտությամբ և նախանձով, հանդիմանում են Քրիստոսի բարեգործությունները, որոնք արվել էին ուրիշների համար: Ուստի Փրկիչը հանդիմանում է նրանց, սակայն դա ևս անում է հեզությամբ՝ կարծես ասելով․ «Եթե դուք չեք հավատում Իմ Աստվածության առաջին ապացույցին և Իմ խոսքերը սնապարծություն եք համարում, ահավասիկ, Ես դրան ավելացնում եմ նաև մեկ այլ ապացույց՝ բացահայտում եմ ձեր սրտի գաղտնիքները»:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ Յիսուս իմանալով նրանց մտածումները՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում.
Հիսուսը, նրանց խորհուրդներն իմանալով, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք չարիք խորհում ձեր սրտում»:
Կարդալով նրանց սրտերը՝ մեծ վկայություն է տալիս Իր ճշմարիտ Աստված լինելու մասին՝ ըստ մարգարեի. «Միայն դու գիտես մարդկանց սրտերը» (հմմտ. Գ Թագ. 8։39), և՝ «Սրտերն ու երիկամները քննողն Աստված է» (Սաղմ. 7։10), Երեմիան էլ [ասում է]. «Սիրտն ամեն ինչից ծանր է... մարդ է, և ո՞վ կճանաչի նրան» (հմմտ. Երեմ. 17։9): Այսպիսով [Տերը] ցույց է տալիս, որ Աստված է: Այնուհետև սա հաստատում է նաև այլ բանով և հրաշքի միջոցով հանդիմանում [կասկածողներին], թե այդ բացահայտ զորությամբ նաև ծածուկ թողությա՛նը հավատացեք, որովհետև այն իշխանությունը, որ հիվանդություններն է բուժում, նույնն էլ մեղքերն է հալածում:
Իսկ ասելը. «Ինչո՞ւ եք չարիք խորհում ձեր սրտում», նախ ցույց է տալիս, որ չարությունը կամքին է պատկանում, ուստիև դատաստանի է ենթակա, և երկրորդ՝ [Տերը] չարություն է կոչում տրտունջը և կամ այն, որ հայհոյեցին թե՝ «Ո՞վ է Դա», որովհետև ով Աստծուն զրկում է աստվածությունից, մեծ չարիք է, հավասար նրան, որ աստվածացնում են քարը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ Յիսուս իմանալով նրանց մտածումները՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:2
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: