Եզեկիելի մարգարեության մեկնություն 14։13

Ա. Լոպուխին

«Մարդո՛ւ որդի, եթե մի ինչ-որ երկիր մեղանչի Իմ դեմ՝ անհավատարմությամբ հեռանալով Ինձանից, և Ես Իմ ձեռքը նրա դեմ մեկնեմ և կոտրեմ նրա հացի գավազանն ու նրա մեջ սով գցեմ և սկսեմ նրա մեջ ոչնչացնել մարդկանց և անասուններին»։ [13] (Սինոդական թարգ․)
   
   Հուդան իր փոքրաթիվ արդար մարդկանց շնորհիվ չի խնայվելու։

   «Եթե մի ինչ-որ երկիր» - Ցանկանալով ներկայացնել Աստծո արդարության վերաբերյալ ընդհանուր տեսակետը, որպեսզի հետագայում էլ (21-րդ համարից) կարողանա այն կիրառել Երուսաղեմի ճակատագրի առնչությամբ, մարգարեն ստիպված էր խոսել մի հիպոթետիկ (մտացածին) երկրի ամբարշտության մասին: Սակայն նա այժմ էլ այդ ամբարշտությունը նկարագրում է այնպես, որ պարզորոշ կերպով հասկացվում է Պաղեստինը։ Աստծուց «անհավատարմությամբ հեռանալ» կարող էր միայն այն երկիրը, որը Նրա հետ ուխտով կնքված հարաբերությունների մեջ էր գտնվում, և ոչ թե մի երևէ հեթանոսական երկիր, չնայած որ հեթանոսական երկրները նույնպես կարող են նաև մեղք գործել՝ թե՛ ավելի լավ և թե՛ ավելի վատ ձևով (Նինվեն, Ամոս 1-ին գլուխ):

   «Հացի գավազանը» - տե՛ս 4։16-րդ համարի բացատրությունը։

   «Սով» - այն Աստծո չորս պատիժներից (4։16-17) առաջինն է (15-րդ, 17-րդ, 19-րդ համարներ – մյուս երեք պատիժներն էին՝ գազանները, սուրը, ժանտախտը)։ Այս պատիժն ուներ ամենադանդաղ ներգործող ազդեցությունը և, այդ իսկ պատճառով էլ, «ամենահարմարն» էր չզղջացող մեղավորներին խրատելու համար:

   «Եվ անասուններին» - Սոփոնիայի մարգարեության 1։3-րդ համարում առաջին անգամ Տիրոջ օրը մինչև իսկ անասուններն են կորստյան դատապարտվում՝ մարդկանց մեղքերի պատճառով» (Կրեչմար):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, եթէ մի երկիր մեղանչելով մեղանչի իմ դէմ, ձեռքս իջեցնելու եմ նրա վրայ, խորտակելու եմ նրա հացի պաշարը, նրա վրայ սով եմ արձակելու եւ նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, երբ մի երկիր մեղանչի իմ դեմ՝ անհավատարմություն գործելով, և ես իմ ձեռքը նրա դեմ մեկնեմ և կոտրեմ նրա հացի գավազանն ու նրա մեջ սով գցեմ և նրանից բոլորովին անհետացնեմ մարդն ու անասունը,
(Գրաբար) Որդի մարդոյ, երկիր մի որ յանցանիցէ ինչ ինձ յանցանս. և ձգեցից զձեռն իմ 'ի վերայ նորա, և խորտակեցի՛ց զհաստատութիւն հացի նորա, և արձակեցից 'ի վերայ նորա սով. և բարձից 'ի նմանէ զմարդ և զանասուն։