Ա. Լոպուխին
1-2․ «Եվ Իսրայելի երեցներից ինձ մոտ եկան մի քանի մարդիկ ու նստեցին իմ առջև»։ [1] «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ (Սինոդական թարգ․)
Այստեղ հիշատակվող երեցները պետք է որ նույնական չլինեն 8:1-ին համարում հիշատակված երեցների հետ, որովհետև նրանք մարգարեի հետ էին, իսկ ահա ներկայումս հիշատակվողները գալիս են մարգարեին փնտրելու. նրանք կարող էին լինել մեկ այլ գյուղից (հմմտ․ Դան․ 13:5): Նրանց այցելության պատճառի մասին որևէ բան չի հաղորդվում. հնարավոր է, որ նրանք ցանկանում էին գալիքը տեսնող մարգարեից մի ինչ-որ տեղեկություն ստանալ Երուսաղեմին սպասվող ճակատագրի մասին (հմմտ․ 12-րդ և մյուս համարները)։ Կամ էլ գուցե մի ինչ-որ հրապարակային իրադարձություն էր տեղի ունեցել: Սակայն 33։31-րդ համարը ցույց է տալիս, որ մարգարեին այցելության գնալու նմանատիպ դեպքերը հաճախակի և սովորական էին կամ էլ աստիճանաբար այդպիսին դարձան: «Իսրայելական» - բաբելոնականի հակառակը:
«Իսրայելի» - առ ի հակադրություն բաբելոնյան երեցների։
1-11-րդ համարներ. «Եվ Իսրայելի երեցներից ինձ մոտ եկան մի քանի մարդիկ ու նստեցին իմ առջև։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ․ «Մարդո՛ւ որդի, այս մարդիկ իրենց կուռքերը զետեղել են իրենց սրտերում և իրենց ամբարշտության գայթակղությունը դրել են իրենց դեմքերի առաջ. մի՞թե Ես կարող եմ պատասխանել նրանց։ Ուստի խոսի՛ր նրանց հետ և ասա՛ նրանց. «Այսպես է ասում Տեր Աստված. «Եթե Իսրայելի տնից որևէ մեկը իր կուռքերն իր սրտում զետեղի և իր ամբարշտության գայթակղությունն իր դեմքի առաջ դնի ու գա մարգարեի մոտ, ապա Ես՝ Տերս, նկատի ունենալով նրա կուռքերի բազմությունը, կարո՞ղ եմ պատասխան տալ նրան»։ Թող Իսրայելի տունն իր սրտում հասկանա, որ բոլոր նրանք իրենց կուռքերի պատճառով օտար են դարձել Ինձ համար։ Ուստի Իսրայելի տանն ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված. «Դարձի՛ եկեք ու հե՛տ դարձեք ձեր կուռքերից, և ձեր բոլոր պղծություններից հե՛տ դարձրեք ձեր դեմքերը»։ Որովհետև եթե Իսրայելի տնից և Իսրայելի մեջ բնակվող օտարազգիներից որևէ մեկը երես թեքի Ինձնից և իր կուռքերը զետեղի իր սրտում ու իր ամբարշտության գայթակղությունը դնի իր դեմքի առաջ և մարգարեի մոտ գա՝ նրա միջոցով ինձ դիմելու համար, ապա Ես՝ Տերս, մի՞թե Ինձնից պատասխան կտամ նրան։ Ես Իմ դեմքն այդ մարդու դեմ պիտի ուղղեմ և պիտի կործանեմ նրան՝ որպես նշան ու առակ, և նրան պիտի վերացնեմ Իմ ժողովրդի միջից, և կիմանաք, որ Ես եմ Տերը։ Իսկ եթե մի մարգարե հրապուրվի և մի խոսք արտասանի այնպես, ասես Ես՝ Տերս եմ սովորեցրել այդ մարգարեին, ապա Ես Իմ ձեռքը նրա դեմ պիտի մեկնեմ ու նրան պիտի վերացնեմ Իմ ժողովրդի՝ Իսրայելի միջից։ Եվ պիտի կրեն իրենց անօրինության մեղքը. ինչպես որ դիմողի մեղքն է, այդպիսին պիտի լինի նաև մարգարեի մեղքը։ Որպեսզի Իսրայելի տունն այլևս չխուսափի Ինձնից, և որպեսզի այլևս իրենց չպղծեն իրենց բոլոր անօրինություններով, այլ որպեսզի նրանք Իմ ժողովուրդը լինեն, և Ես նրանց Աստվածը լինեմ»,- ասում է Տեր Աստված»։
Ճշմարիտ մարգարեների ոչ արժանավոր փնտրտուքը։ Մարգարեների հետ սերտ կապի մեջ են նրանք, ովքեր «օգտվում» են նրանց ծառայություններից և նրանց միջոցով դիմում են Աստծուն։ Ինչպես որ կարող են լինել կեղծ մարգարեներ, այդպես էլ կարող են գոյություն ունենալ Աստծուն կեղծավորաբար դիմող անձինք: Այս վերջինները երբեմն կարծում են, որ կարող են խորհուրդ և մխիթարություն ստանալ նույնիսկ ճշմարիտ մարգարեների կողմից, մինչդեռ իրենք իրենց սրտի խորքում հակված են դեպի կռապաշտությունը, որից խուսափում են միայն արտաքուստ՝ մարգարեի աչքի առջև այդպես ցույց տալու նպատակով: Աստված ցանկանում է Իր ժողովրդի միջից ոչնչացնել կեղծ մարգարեության այս վերջին մնացուկները՝ ժողովրդի միջից վերացնելով ինչպես վերոնշյալ կեղծավորությամբ Աստծուն դիմողներին (նրա՛նց, ովքեր իրենց սրտի խորքում կռապաշտ լինելով՝ փորձում են, իրենց այդ կռապաշտությունը թաքցնելով, ճշմարիտ մարգարեների միջոցով դիմել Աստծուն), այնպես էլ նրանց պատասխան տվող մարգարեներին, և այդպիսով ժողովրդի մեղքն արմատախիլ անել հենց դրա «ծաղկման» ակունքներում՝ սրտում: Միայն այդ պարագայում է, որ կարող են վերականգնվել Աստծո ճշմարիտ փոխհարաբերություններն Իր ժողովրդի հետ: Երեցների կողմից մարգարեին այցելության գնալու իրողությունը, որն Աստծուն դիմելու նպատակն էր հետապնդում և որը կազմում է մարգարեական սույն խոսքի բովանդակությունը, հավանաբար մեկանգամյա կիրառություն ունեցած երևույթ չի եղել (հմմտ․ 20:1-3, 8:1): Հետևաբար, մարգարեին տրված այս հայտնությունը չէր կարող Եզեկիելին հաղորդված լինել նրա մարգարեական գործունեության այն ժամանակահատվածում, որին վերաբերում են մարգարեական սույն հայտնության «մերձակայքում» հիշատակվող խոսքերը։ Իսկ ահա մարգարեության սույն հատվածն այստեղ կարելի էր զետեղել միայն մարգարեական նախորդող խոսքերի հետ իր ունեցած միատարրության շնորհիվ։ Իսկապես որ, այս հատվածը (11-րդ համարներ) պարունակում է ավելի ուշ շրջանում ծագելու նշաններ․ հասարակության մեջ կան պրոզելիտներ (7-րդ համար), ոչ մի խոսք չկա Երուսաղեմին սպասվող մոտալուտ արհավիրքի մասին, որի փոխարեն նշվում է մեսիական ժամանակների մասին, որոնց սկզբնավորմանը որևէ բան չի խոչընդոտի, քանի որ ժողովրդին գայթակղեցնողները վերացված կլինեն (11-րդ համար), իսկ կռապաշտությունն էլ անցում է կատարում սինկրետիզմի։ Սույն բաժնին զուգահեռ հատված է 20-րդ գլուխը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Իսրայէլի աւագներից ոմանք եկան ինձ մօտ ու առաջս նստեցին:
(Արարատ թարգ․) Իսրայելի երեցներից ինձ մոտ մարդիկ եկան ու նստեցին առաջս։
(Գրաբար) Եւ եկին առ իս արք 'ի ծերոցն Իսրայէլի, և նստա՛ն առաջի իմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: