Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։15

Ա. Լոպուխին

«Դեդանի որդիները վաճառականություն էին անում քեզ հետ․ շատ կղզիներ առևտրափոխանակություն էին անում քեզ հետ՝ որպես վճար փղոսկր և սև փայտ (եբենոս) տալով քեզ»։ [15] (Սինոդական թարգ․)
   

    «Որդիները» - ինչպես և 16-րդ համարում՝ բազմազանությունն ապահովելու համար․ 14-րդ համարում գործածվել էր «տնից» բառը, 12-13-րդ համարներում՝ հասարակ անուններ։

   «Դեդան» - Աստվածաշունչը ճանաչում է արաբական, սեմիթական (Ծննդ․ 25:3, Եզեկ․ 25:13 և սույն գլխի 20-րդ համարը հմմտ․ Երեմ․ 25:23, 49:8) և համիթական ու եթովպական (Ծննդ․ 10:7) ազգությունների, որոնցից վերջինիս մասին հենց հստակորեն մատնանշվում է այստեղ, քանի որ Եթովպիան հին ժամանակներում հայտնի էր փղոսկրով և սև փայտով (եբենոսով)՝ այս սև փայտի որակով գերազանցելով նույնիսկ Հնդկաստանին (Herod. III, 114, Str. XVII, 821, Lucan. Phars. X, 17): Յոթանասնից թարգմանության մեջ՝ «Հռոդոսյան որդիներ», ինչն ակնհայտորեն պատճառ է այն բանի, որ որպես «Դեդան» բառի առաջին տառ տարընթերցվել է «ռ»՝ «դ»-ի փոխարեն (Ռոշ և Դալետ տառերը շատ նման են)։ Այդպիսով՝ ստացվել է «Հռոդոս», որին և խիստ համապատասխանում է  հետագա «շատ կղզիներ» արտահայտությունը՝ «Միջերկրական ծով» նշանակությամբ։ Այդ «շատ կղզիները», հավանաբար, հիշատակվում են որպես Տյուրոսի և հեռավոր Եթովպիայի միջև առևտրի միջնորդներ։ Սակայն սլավոներենում այսպես է. «Կղզիների միջոցով բազմապատկելով քո առևտուրը», ինչը գաղափար է տալիս Հռոդոսի մասին՝ որպես միջնորդ Միջերկրական ծովի կղզիների և Տյուրոսի միջև առևտրի հարցում:

   «Սև փայտ» - եբենոսյան փայտի մասին է խոսքը։ Եբրայեցերեն «գավբնիմ» բառն ակնհայտորեն օտար բառ է և Սիմմաքոսի, Վուլգաթայի ու Կիմխիի կողմից թարգմանվում է «'εβενος», որ և համահունչ է եբրայեցերեն տեքստին։ Սողոմոնի օրոք հրեաները փղոսկր ու եբենոս բերում էին Օֆիրից։ Յոթանասնից թարգմանության համաձայն՝ Տյուրոսը մեծ գին էր վճարում այդ իրերը Հռոդոս և մյուս կղզիներին առաքելու համար, քանի որ նրանք իրենք էին այդ ապրանքները հեռվից ստանում և ծառայում էին միայն որպես կապալառու-միջնորդ՝ դրանք Տյուրոս հասցնելու համար:»
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 27:12
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ռոդոսցիները՝ քո վաճառականները, կղզիներից բերուած փղոսկրեայ ժանիքներով աշխուժացրել են քո առեւտուրը, եւ դու երթեւեկողներին, իբրեւ գին, մարդկանցով ես վճարել:
(Արարատ թարգ․) Դեդանի որդիները քեզ հետ վաճառականություն էին անում։ Շատ ծովեզրերի վաճառահանությունը քո ձեռքում էր. քեզ հետ փղոսկրյա ժանիքների և եբենոսի փայտի փոխանակում էին անում։
(Գրաբար) Որդիք Հռոդացւոց վաճառականք քո յաճախեցին 'ի կղզեաց զվաճառս քո, ժանեօք փղոսկրէիւք. և երթևեկացն մարդի՛կ տայիր 'ի գինս: