Ա. Լոպուխին
«Դա այն բանի համար, որպեսզի ջրերի շուրջ եղող ոչ մի ծառ չպարծենա իր բարձր հասակով, և որպեսզի իրենց գագաթները չբարձրացնեն հաստ ոստերի միջից, ու որպեսզի դրանց չվերագրեն իրենց բարձրությունն ա՛յն ծառերը, որոնք ջուր են խմում․ որովհետև նրանք բոլորը դատապարտվելու են մահվան՝ անդրշիրիմյան աշխարհ գնալու մարդկանց որդիների հետ, որոնք գերեզման են իջնում»։ [14] (Սինոդական թարգ․)
Այստեղ արծարծվում է այն մանկավարժական նպատակը, որը Տերը կապում է աղետի հետ (Եզեկ․ 16:41, 23:48): Ոչ մի ծառ (այսինքն՝ թագավորություն) չպետք է պատկերացում անգամ ունենա, որ ինքն ի զորու է աճել՝ հասնելով մինչև երկինք (անկարգություն, աղմուկ, որը բնորոշ էր մինչև երկինք աշտարակ կառուցելու Բաբելոնի բնակիչների անհաջող փորձին)։
«Ջրերի շուրջ եղող ծառերը» հատկապես առատորեն էին սնուցվում (Նեղոսը՝ Եգիպտոսի համար)։
«Հաստ ոստերի միջից» - սլավոներենում՝ «ամպերի միջից», ինչպես 3-րդ և 10-րդ համարների պարագայում էր։
«Որպեսզի դրանց չվերագրեն իրենց բարձրությունն ա՛յն ծառերը, որոնք ջուր են խմում» - սա նույնպես ենթադրական թարգմանություն է։ Ըստ նորագույն շրջանի մեկնիչների՝ Յոթանասնից թարգմանության մեջ ավելի ճիշտ է. «Եվ բոլոր նրանք, ովքեր ջուր են խմում, իրենց բարձրությամբ չեն մոտենա նրան (դեպի նա չեն ձգվի՝ հետևելով նրան մինչև երկնային բարձունքները»):
«Անդրշիրիմյան աշխարհ» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 26։20-րդ համարը։ Ծառն անձնավորվում է ծայրահեղության հասնող մի աստիճանով, և նույնիսկ մահվանից հետո այն մարդկային ճակատագիր է ունենում։
«Մարդկանց որդիների հետ» - սովորական մահկանացուների, հասարակ մարդկանց հետ, որոնց կողքին թաղվելը եգիպտական փարավոնների համար առանձնապես ամոթալի էր համարվում։
«Գերեզման» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 26։20-րդ համարի բացատրությունը։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 31:10
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) որպէսզի այլեւս իրենց մեծութեամբ չյոխորտան ջրասուն բոլոր ծառերը, ոչ էլ իրենց կատարներն արձակեն մինչեւ ամպերը, չմնան իրենց գոռոզութեան մէջ, ինչպէս նա, որ ջուր էր խմում: Բոլորն էլ մահուան մատնուեցին երկրի խորքերում, խորխորատ իջած մարդկանց որդիների մօտ»:
(Արարատ թարգ․) Որպեսզի ջրասուն բոլոր ծառերը հասակով չբարձրանան և իրենց գագաթները տերևախիտ ճյուղերի մեջ չդնեն, ու նրանց մեծամեծները խրոխտ չկանգնեն՝ բոլոր ջուր խմողները, որովհետև բոլորը դատապարտված են մահվան, գետնի տակը գնալու մարդկանց որդիների հետ, գուբն իջնողների հետ»։
(Գրաբար) Զի մի՛ ևս հպարտասցին ‘ի մեծութեան իւրեանց ամենայն փայտք ջրասունք, և ո՛չ արձակեսցեն զծայրս իւրեանց ընդ ամպս, և մի՛ կացցեն ‘ի հպարտութեան իւրեանց իբրև զնա որ ըմպիցէն ջուր. ամենեքին ‘ի մի մահ մատնեցան ‘ի խորս երկրի՝ ‘ի մէջ որդւոց մարդկան իջելոց ‘ի խորխորատ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: