Ա. Լոպուխին
«Եվ ահա, տաճարից դուրս նրա բոլոր կողմերից մի պարիսպ կար, և այդ մարդու ձեռքին չափելու եղեգը վեց կանգուն էր, այն դեպքում, երբ մի կանգունը հաշվվում էր մի ձեռքի լայնություն՝ ափի հետ։ Եվ նա այդ շինության մեջ չափեց մեկ եղեգ հաստություն ու մեկ եղեգ բարձրություն»։ [5] (Սինոդական թարգ․)
Տաճարի ուսումնասիրությունը, բնականաբար, սկսվում է տաճարի արտաքին («տաճարից դուրս», բառացիորեն՝ «տուն», Վուլգաթայում՝ «domus»), շրջանաձև («բոլոր կողմերից», սլավոներենում՝ «խաչ») պարսպից (եբրայեցերենում՝ «հոմա», Յոթանասնից թարգմանության մեջ՝ «periboloV» - «պարիսպ») և վերադառնում է բուն տաճարին միայն եզրափակիչ հատվածում (Եզեկ․ 42:20)։ Տաճարի նմանողությամբ, նրա պարիսպը նույնպես նկարագրվում է միայն իր մեծության տեսանկյունից, իմիջիայլոց՝ այդ պարսպի երկարությունը մատնանշվում է միայն տաճարի նկարագրության վերջնահատվածում (Եզեկ․ 42:20), իսկ այստեղ նշվում է միայն դրա լայնությունն ու հաստությունը։ Թե՛ լայնությունն ու թե՛ հաստությունը նույնն էին, ինչի պատճառով պարիսպը պետք է որ շատ հաստ ու մեծ թվար (ահա թե ինչու, նաև դարպասների բարդ կառուցվածքից ելնելով, մարգարեն երկրորդ անգամ արդեն այն անվանում է «շինություն» - «բինյան», Յոթանասնից թարգմանության մեջ էլ այն կոչվում է «նախապատ»)։ Ասել է թե՝ այդ պարիսպը պետք է որ ամուր և կտրուկ կերպով առանձնացներ տաճարի սրբազան տարածքն աշխարհիկ միջավայրից՝ առանց, սակայն, առաջինը (տաճարի սրբազան տարածքը) երկրորդի (աշխարհի) աչքի առջևից լիովին փակելու։ Պարսպի լայնությունն ու հաստությունը հավասար էին, ինչը որ բնական է խորհրդավոր տաճարի այս առաջին չափման համար, մանավանդ որ այստեղ ընդունված չափման միակ միավորը եղեգն էր․ եղեգն ու փայտը, ամենայն հավանականությամբ այն ժամանակ ամենուր կիրառվում էին հենց այդպիսի նպատակների համար, ահա թե ինչու ասորերենում «կոնու» - «չափ» բառը համարժեք է եբրայեցերեն «կամե» - «եղեգ» բառին։ Նախկինում իրականացրած չափումների միջոցով մարգարեն արդեն իսկ սահմանել էր չափման այս միավորը: Այն իր մեջ պարունակում էր 6 կանգուն, բայց ոչ թե սովորական կանգուն՝ թևի լայնության վեցապատիկը, այլ առավել մեծ, «լեցուն» և պետք է որ ավելի հին ժամանակներից հայտնի «կանգուն»-ների չափով (Բ Մնաց․ 3:3)՝ բացի արմունկից (արմունկից դեպի դաստակն ընկած ձեռքի հատվածը) իր մեջ ներառելով նաև դաստակից ներքև ձգվող հատվածը, այսինքն՝ ձեռքի ափը (որն էլ իր հերթին հաշվվում է 4 մատ լայնությամբ, Երեմ․ 52։21), հետևաբար մեկ եղեգ չափումն իր մեջ բովանդակում էր 7 կանգուն՝ թևի լայնությամբ։ Այդպես է նաև հունարենում՝ «en phcei kai palaisth», սակայն սլավոներենում՝ «վեց կանգուն երկարությամբ»: Եգիպտոսում և Բաբելոնում կար նաև մի մեծ, ամբողջական կանգուն (Եգիպտոսում այն կոչվում էր «արքայական կանգուն») և ավելի փոքր կանգուն, որը պետք է աստիճանաբար փոխարիներ մեծին։ Եգիպտոսում այդ մեծ կանգունը հավասար էր 52,5 սանտիմետրի, իսկ Բաբելոնում՝ 55,5 սանտիմետրի, փոքր կանգունն էլ Եգիպտոսում համարժեք էր 49,5 սանտիմետրի, Բաբելոնում՝ 45 սանտիմետրի (Բերթոլետ, Կրեչմար): Եզեկիելը կիրառում էր մոտավորապես հենց այդ առաջին չափումը (մեծ կանգունը), հետևաբար այն 1,5 մետրից մի փոքր ավելի էր, իսկ եղեգն էլ մոտավորապես 3,3 մետր էր։ Այդպիսի բարձրություն ու լայնություն ունեցող պարիսպը հիշեցնում էր մի երկարավուն, մեկ հարկանի քաղաքային տուն։ Բայց ներսից՝ տաճարի գավիթից, այն պետք է որ ավելի ցածր լիներ, քան դարպասի աստիճանների բարձրությունն էր (6-րդ համար):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ահա տաճարի շուրջը տեսայ փողոցնեա: Մարդու ձեռքին կար մի չափաձող վեց կանգուն ու մէկ թիզ երկարութեամբ: Պարսպի լայնութիւնը նա չափեց մէկ ձողի հաւասար, բարձրութիւնն էլ՝ մէկ ձողի հաւասար:
(Արարատ թարգ․) Եվ ահա տաճարից դուրս չորս կողմից մի պատ կար, և այդ մարդու ձեռքին չափի եղեգը վեց կանգուն էր (մի կանգունը՝ մի ձեռքի լայնություն)։ Նա չափեց պատի հաստությունը՝ մեկ եղեգ, և նրա բարձրությունը՝ մեկ եղեգ։
(Գրաբար) Եւ ահա շուրջ զտաճարաւն փողոցս. և 'ի ձեռին առն ՝ ձո՛ղ չափոյ' ի վե՛ց կանգնոյ և թզաւ. և չափեաց զլայնութիւն պարսպացն հաւասար ձողոյն, և զբարձրութիւն նորա հաւասար ձողոյն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: