Ա. Լոպուխին
11-12․ Տերը խոսեց Մովսեսի հետ ու ասաց. [11] «Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար կկատարես, նրանք Տիրոջը պետք է տան իրենց հոգու փրկագինը՝ ըստ իրենց անձերի թվի, որպեսզի կործանարար հարվածներ չլինեն նրանց հաշվելիս: (Սինոդական թարգ․)
Խոսվում է սրբազան փրկագնի մասին: Սրբազան փրկագին վճարելու պատվիրանն ընդմիջարկում է վկայության խորանի կառուցման մասին հրահանգը: Սրա պատճառը միայն այն չէ, որ սրբազան փրկագինը միջոցներ էր տալիս այն կառուցելու համար (Ելք 30:16, հմմտ. Նեեմ. 10:33-34), ուստի սրբազան փրկագնի մասին խոսքը միանգամայն տեղին է այն ժամանակ, երբ խոսվում է այն առարկաների մասին, որոնց սպասավորությանը պետք է ծառայեր այդ փրկագինը, ինչպես նաև այն պատճառով, որ խնկարկության զոհասեղանի մասին պատվիրանն ավարտվում է այն սրբագործելու հրահանգով: Սրբազան փրկագինը մաքրագործող նշանակություն ուներ (16-րդ համար):
Մարդահամարի ենթարկելը նշանակում էր հասուն տղամարդկանց ներառել այն ցանկի մեջ, որում գտնվողներն ի վիճակի են զենք կրել (Թվ. 1:3) և համարվում են հրեա ժողովրդի ազատության ու անկախության պաշտպանները: Որքան մեծ էր այդ պաշտպանների թիվը, այնքան ավելի ապահով էր ժողովրդի ազատությունն ու անկախությունը: Սակայն այդ պաշտպանության վրա հույս դնել կարելի է միայն ժողովրդի պաշտպանների վրա Աստծո ողորմածության առկայության դեպքում, քանի որ նրանց կյանքը գտնվում է Աստծո ձեռքերում: Որպես իրենց գոյության՝ Աստծուց մշտական կախվածության հաստատում, մարդահամարի ենթարկվողները պետք է ընծաներ մատուցեն իրենց հոգու, այսինքն՝ կյանքի փրկության համար: Այդ ընծան, որը բերվում է Աստծուց լիակատար կախվածություն ունենալու գիտակցությամբ, ուներ ողորմածության և մաքրագործության զոհի նշանակություն, որը պետք է մեղմացներ Տիրոջ զայրույթը:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ահարոնը տարին մէկ անգամ խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւնների վրայ քաւութեան ծէս պէտք է անի. նա այն պէտք է մաքրի մեղքերի քաւութեան համար զոհուող կենդանու արեամբ: Նրա սերունդները տարին մէկ անգամ թող սրբագործեն այն, որովհետեւ դա Տիրոջ սրբութիւնների սրբութիւնն է»:
(Արարատ թարգ․ 30։10 ) Եվ Ահարոնը տարեկան մեկ անգամ նրա եղջյուրների վրա թող քավություն անի: Թող նա մեղքերի քավության զոհի արյամբ տարեկան մեկ անգամ դրա վրա քավություն անի ձեր սերունդների մեջ: Դա ամենասուրբն է Տիրոջ համար:
(Գրաբար) Եւ քաւեսցէ Ահարոն ի վերայ եղջերաց նորա միանգամ ի տարւոջ` յարենէ առ ի վասն մեղացն սրբութեան եւ քաւութեան. մի անգամ ի տարւոջ սրբեսցէ զնա յազգս նոցա, զի սրբութիւն սրբութեանց Տեառն է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: