Ա. Լոպուխին
22-24. «Բայց դու, Հակո՛բ, չկանչեցիր Ինձ, և դո՛ւ, Իսրայե՛լ, ջանք չգործադրեցիր Ինձ համար»: [22] «Դու քո գառները որպես ողջակեզ չմատուցեցիր Ինձ ու քո զոհաբերություններով չպատվեցիր Ինձ: Ես չէի ստիպում քեզ Ինձ ծառայել հացի ընծայաբերումով ու ո՛չ էլ նեղություն էի պատճառում քեզ՝ քո կնդրուկները պահանջելով»: «Դու քո արծաթով Ինձ համար անուշաբույր եղեգ չգնեցիր ու ո՛չ էլ քո զոհերի ճարպով հագեցրեցիր Ինձ, բայց դու քո մեղքերով նեղություն էիր տալիս Ինձ, քո անօրենություններով ծանրաբեռնում էիր Ինձ»: (Սինոդական թարգ․)
Այս գլխի վերջաբանը, ինչպես և նախորդի (գլուխ 42) պարագայում էր, բովանդակում է խստապարանոց Իսրայելի դատապարտումն ու Աստծո կողմից նրան լքելու մասին մարգարեությունը: Այս խոսքի կապը նախորդող խոսքերի հետ հիմնված է հակադրության արտահայտչամիջոցի վրա:
Խոսելով նոր, հոգևոր Իսրայելի գալիք հայտնության մասին՝ մարգարեն, բնականաբար, ստիպված է անդրադառնալ նաև պատմական, հին Իսրայելի ճակատագրին: Վերջինիս մարգարեն մեղադրում է աստվածային օրենքը չկատարելու կամ, ավելի ճիշտ, ոչ ճիշտ ձևով կատարելու (ծիսական օրենքի ոգին չհասկանալու) և այն ուղղակիորեն խախտելու մեջ (մեղքեր ու անօրենություններ՝ 24-րդ համար): Եվ չնայած որ Տերն Իր անասելի ողորմածությամբ պատրաստ է ներել բոլոր նրանց մեղքերը, ովքեր ներում են հայցում (25-րդ համար), սակայն Իսրայելի մեծամասնությունը՝ իր առաջնորդների գլխավորությամբ, ապաշխարության այդպիսի զգացում չի արտահայտում, ինչի պատճառով էլ հրեա ժողովուրդը ստիպված է կրել այդ բոլոր տխուր հետևանքները, որոնց (օրենքի անեծքի) մասին հրեաներին հաղորդվել էր դեռևս շատ վաղուց (Ես. 43:28-րդ համար; հմմտ. Բ Օր. 31:29 և այլ տեղիներ):
«Բայց դու, Հակո՛բ…Իսրայե՛լ… քո գառները որպես ողջակեզ չմատուցեցիր Ինձ…ու զոհաբերություններով չպատվեցիր Ինձ…զոհերի ճարպով հագեցրեցիր Ինձ...» - Իսրայելը նախատինքի է արժանանում ոչ կանոնավոր զոհաբերություններ կատարելու պատճառով, որի համար Եսայի մարգարեն նրան մեղադրում էր դեռևս իր գրքի ամենասկզբում (Ես. 1:11-16): Սակայն անհրաժեշտ է այս խոսքերին նաև ավելի լայն մեկնաբանություն տալ: Դրանք, անշուշտ, պետք է մեկնաբանվեն 1-ին գլխի մարգարեական պախարակումների լույսի ներքո. մարգարեն այդպիսով խստորեն հանդիմանում էր Իսրայելին հինկտակարանյան օրենքն անհոգի ձևականությամբ կատարելու համար և ասում էր, որ նման ջանասեր, սակայն անխոհեմ գործելակերպը ոչ միայն որևէ դրական արժանիք չունի Աստծո աչքին, այլև դեռ ընդհակառակը՝ նույնիսկ խիստ բացասական տպավորություն է թողնում («պիղծ են», Ես. 1:13): Այս միևնույն միտքը, միայն թե մեկ այլ, հակառակ կողմից հնչեցվում է նաև այստեղ. քանի որ դու, Իսրայե՛լ, քո զոհաբերությունները սխալ էիր կատարում՝ առանց դրանց իրական իմաստը ճիշտ հասկանալու, ուստի դու ո՛չ միայն չէիր պատվում Ինձ այդ զոհաբերություններով, այլ ընդհակառակը, նոր մեղքերով՝ սրբության ապականությամբ ամեն անգամ էլ ավելի էիր նեղություն տալիս ու ծանրաբեռնում Ինձ (հմմտ. 7:13), ասել է թե՝ վիրավորում էիր Ինձ ու ինքդ քեզ հեռացնում էիր Ինձանից:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) «Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Յակո՛բ, եւ ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայէ՛լ:
(Արարատ թարգ․) Բայց դու ինձ չկանչեցիր, ո՛վ Հակոբ, դու ձանձրացար ինձնից, ո՛վ Իսրայել։
(Գրաբար) Ոչ այժմ ինչ կոչեցի զքեզ Յակովբ եւ ոչ աշխատ արարի զքեզ Իսրայէլ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: