Ամբակումի մարգարեության մեկնություն 2։3

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Քանզի տեսիլքը դեռ վերաբերում է սահմանված ժամանակին և խոսում է վախճանի մասին ու չի ստի․ և եթե անգամ այն ուշանա, սպասի՛ր նրան, որովհետև անպայման պիտի իրականանա և չպիտի ուշանա։ (Սինոդական թարգ․) [3]
   
   3-րդ համարում նշվում է 2-րդ համարում ասվածի պատճառը կամ հիմքը. տեսիլքով նախապատկերվող իրադարձությունը վերաբերում է որոշակի ժամանակահատվածի, իսկ ավելի հստակ՝ հեռավոր ապագայի (հմմտ. Դան. 8:17, 19, 26, 10:14, 11:27, 35), բայց միևնույն ժամանակ այն «շտապում է, բառացիորեն՝ շնչում, տենչագին ընթանում, ինքը իրենով մղվում՝ չուշանալու համար (ինչպես զուգահեռաբար ասվում է համարի վերջում): Ճշմարիտ մարգարեությունը, որպես կենդանի ամենագետ և ամենազոր Աստծու խոսք, կարծես համակված է իր վախճանին, այսինքն՝ իրականացմանը հասնելու ցանկությամբ, ճիշտ այնպես, ինչպես առողջ սաղմնավորված կյանքն է ձգտում ծննդյան և վերջնական զարգացման, ինչը բացակայում է սուտ մարգարեության, այսինքն՝ խաբեության մեջ (պրոֆ. Գոլուբև, նույն տեղում, էջ. 871):

   «Չի ստի», ինչպես սուտ մարգարեները խաբում էին մարդկանց՝ մոտ ապագայում տարբեր բարիքներ խոստանալով (Միք. 2:11): «Ո՛վ ընթերցող, եթե հանկարծ քո անհամբերության ու բուռն ցանկության պատճառով քեզ թվա, թե խոստման իրականացումը փոքր-ինչ ուշանում է, ապա մի՛ հուսահատվիր դրա իրականացման համար, այլ համբերությամբ սպասիր» (Երանելի Հերոնիմոս. «Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր», Կիև, 1898, էջ 156): «Նրա կողմից ասված այս կանխասացության խոսքը ճշմարիտ է, ուստի մի՛ տարակուսիր, թեպետ երկար ժամանակ անցնելուց հետո էլ վերջը չտեսնես, քանի որ այն, անշուշտ, պիտի կատարվի և անկատար չպիտի մնա» (Երանելի Թեոդորիտոս. «Ամբակումի մարգարեության մեկնություն», Ս. Պոսադ, 1907 թ. էջ 28):

   «Անպայման պիտի իրականանա և չպիտի ուշանա» (եբր.` «բո յավո լո յեահեր», Վուլգաթայում՝ «veniens veniet, et non tardabit», Յոթնասնիցում՝ «ἐρχόμενος ἥξει και οὐ μη χρονίση̨»): Յոթանասնիցում և Վուլգաթայում եբրայերենի «բո»−ն հասկացել են ոչ թե որպես «infinitive absolut» (բացարձակ անորոշ դերբայ), այլ որպես «participium» (դերբայ) (եբր.՝ «բա»), և այս դարձվածքում («ἐρχόμενος»` գալիք Եկողը) նրանք տեսել են ուղղակի ակնարկ Մեսիայի անձին, Ով, անկասկած, գալու է որպես աշխարհի Դատավոր:

   3−րդ համարի քննարկվող խոսքերը նմանատիպ իմաստով են մեջբերվել նաև եբրայեցիներին ուղղված թղթում. «Նա պիտի գա և չպիտի ուշանա» (Եբր. 10:37): Նման ընկալումն իր գաղափարով և էությամբ, անկասկած, ընդունելի է և միանգամայն ճիշտ, բայց եբրայերեն «բո յաբո» արտահայտության ձևն ավելի շատ նպաստում է ստորոգյալի ենթակայի վերացական, քան թե կոնկրետ ընկալմանը («грядый»՝ «գալիք»-ը կլիներ «հաբբա»)։
   
Տե՛ս Ամբակումի մարգարեության մեկնություն գլուխ 2:2
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) որովհետեւ տեսիլքիդ կատարման համար տակաւին ժամանակ կայ, այն կը ծագի անպայման եւ ոչ իզուր տեղը: Բայց եթէ ուշանայ, համբերի՛ր, որովհետեւ ինչ որ պիտի գայ, կը գայ եւ չի ուշանայ:
(Արարատ թարգ․) Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և հևում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա։
(Գրաբար) Զի տակաւին տեսիլդ ի ժամանակս է, եւ ծագեսցէ ի սպառ՝ եւ ոչ յունայնութեան։ Բայց եթէ անագանեսցի՝ համբեր նմա, զի որ գալոցն է՝ եկեսցէ եւ ոչ անագանեսցի։