Ամբակումի մարգարեության մեկնություն 2։9

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

9-11․ Վա՜յ նրան, ով իր տան համար անարդար ստացվածք է տենչում, որպեսզի իր բույնը բարձունքում դնի և այդպիսով պաշտպանի իրեն չարիքի ձեռքից: [9] Դու անպատվություն նյութեցիր քո տան համար՝ կործանելով բազմաթիվ ազգերի, և մեղանչեցիր քո հոգու դեմ։ Քարերը պիտի աղաղակեն պատերից, և փայտե հեծանները պիտի պատասխանեն նրանց: (Սինոդական թարգ․)
   

   Երկրորդ «վայը» նույնպես դատապարտության առարկա է դարձնում թշնամու ագահությունը, սակայն դա անում է նրա կողմից իրեն թշնամիներից պաշտպանելու նպատակի թյուրըմբռնման տեսանկյունից. չի կարելի չարիքով թաքնվել չարից, և չի կարելի կողոպուտի ու անարդարության վրա բարօրություն կառուցել (9-րդ համար, Երեմ. 22:13-19 և այլն):
   Ըստ Աստծու արդարության օրենքի՝ այդպիսի մարդկանց բաժինը անպատվությունը, ծաղրն ու կործանումն է: «Իրապես դժբախտ, եռակի դժբախտ է նա, ով ցանկանում է ավելին, նման միջոցներով փորձում է հարստացնել իր տունը և ջանում բարձր լինել բոլոր մարդկանցից: Մեծ բարձրությունից դեպի անդունդ գլորվողի պես այդպիսիններին մեծագույն անկում է սպասում: Հազարավոր չարիքներ պատճառելով բազմաթիվ ազգերի՝ դու հոգիդ խոցեցիր մեղքերով և ամբողջ տունդ պատեցիր ամոթով» (Երանելի Թեոդորիտոս. «Ամբակումի մարգարեության մեկնություն», Ս. Պոսադ, 1907 թ., էջ 29):
   Նման պատկեր է հանդիպում նաև Առակ. 1:19 և Սաղմ. 9:16-17 համարներում: Հենց քարերն ու փայտերն (այսինքն՝ անարդար վաստակով կառուցված տան համար օգտագործված նյութերը) են վկայում նման կառույցի անկայուն ու կործանարար լինելու մասին: «Ոչ միայն բանականությամբ օժտվածները, այլև անշունչ և անբան արարածները կաղաղակեն քո անմտության ու մոլեգնության մասին» (Երանելի Թեոդորիտոս, նույն տեղում, էջ 30)։ Այս մասին ընթերցի՛ր նաև Մատթ. 21:9, 16 և Ղուկ. 19:40 համարներում:

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրան, ով իր տան համար ագահութիւն կ՚անի, իր բոյնը բարձր տեղ կը դնի չար ձեռքերից ազատելու համար:
(Արարատ թարգ․) Վա՜յ իր տան համար չար վաստակ վաստակողին, որպեսզի իր բույնը բարձր տեղ դնի չար ձեռքից ազատվելու համար։
(Գրաբար) Վայ որ ագահէ զագահութիւն չար՝ տան իւրոյ՝ դնել ի բարձունս զբոյն իւր, կորզել ի ձեռաց չարաց։