Ամբակումի մարգարեության մեկնություն 3։3

Բացատրական Աստվածաշունչ
Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

3-4․ Աստված գալիս է Թեմանից, և Սուրբը՝ Փառան լեռից։ Նրա վեհությունը ծածկեց երկինքը, և Նրա փառքով լցվեց երկիրը։ [3] Նրա պայծառությունը արևի լույսի պես է. Նրա ձեռքից ճառագայթներ են ծագում, և այնտեղ է ծածկված Նրա զորությունը։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն Աստծու ապագա հայտնությունը նկարագրում է այնպիսի պատկերների միջոցով, որոնք եղել են Աստծու երևման ժամանակ, երբ Սինայի վրա տրվեց Օրենքը (Ելք 19:18, Բ Օր. 4:11): Իսրայելի և ողջ մարդկության կրոնական-ազգային կյանքի համար բացառիկ նշանակություն ունեցող այս իրադարձությունը բազմիցս հիշատակվում է աստվածաշնչյան հեղինակների կողմից (Բ Օր. 33:2, Դատ. 5:4, Սաղմ. 67:8-9):

   Ըստ մարգարեի նկարագրության՝ «Աստված գալիս է Թեմանից, և Սուրբը՝ Փառան լեռից. Նրա վեհությունը ծածկեց երկինքը, և երկիրը լցվեց Նրա փառքով» (3-րդ համար): Թեմանը (եբր.՝ Թեման) Հուդայի մի շրջան կամ տեղանք է (Ամոս 1:12, Երեմ. 49։7, 20 և այլն), մասնավորապես՝ հյուսիս-արևմտյան հատվածում (Եզեկ. 25:13): Միևնույն ժամանակ այս բառը եբրայերենում ունի հասարակ անվան իմաստ՝ «հարավ», և այդ իմաստով էլ այն փոխանցվել է Թեոդիտոնի թարգմանության մեջ և որոշ ձեռագրերում (Յոթանասնից՝ «ἀπт λίβος ἣξει», Հոլմսի մոտ՝ 62, 86, 147 ձեռագրերում), ինչպես նաև Վուլգաթայում («ab austro»):

   Փառանը (եբր.՝ «պառան»)՝ Պաղեստինից դեպի հարավ՝ արևմուտքից Սուր անապատի և արևելքից Եգիպտական ծոցի միջև ընկած անապատային տարածքի հատուկ անունն է (Ծննդ. 21:21, Թվ. 10:12 և այլն): Այստեղ, ինչպես Բ Օր. 33:2-ում, խոսքը վերաբերում է ոչ թե ամբողջ Փառան անապատին, այլ այդ անունը կրող լեռանը: Յոթանասնիցի ընդունված տեքստում, բացի «Փառան» անունից, առկա են ևս երկու բառեր, որոնք եբրայերեն բնագրում չունեն իրենց համապատասխանը՝ «κατασκιου» և «δασεος»։ Հունարեն բազմաթիվ ձեռագրերում (օրինակ՝ Հոլմսի մոտ՝ 23, 42, 49, 51, 68, 91, 97, 153, 228, 238, 239, 240) «Փառան» անունն ընդհանրապես բացակայում է, այդպես է նաև սլավոներենում՝ «из горы приосененныя чащи» («Թավ անտառով ծածկված լեռից»):

   Երանելի Հերոնիմոսը մի հրեայի անունից 3−րդ համարի վերաբերյալ նշում է. «Բեթլեհեմը, որտեղ ծնվեց Փրկիչը, գտնվում է հարավում, և հենց դա է նշանակում «Տերը կգա հարավից» խոսքերը, այսինքն՝ Նա պիտի ծնվի Բեթլեհեմում և պիտի ելնի այնտեղից: Եվ քանի որ Բեթլեհեմում Ծնվածը մի ժամանակ Սինա լեռան վրա տվել էր Օրենքը, ուստի հենց Նա է այն Սուրբը, Ով գալիս է Փառան լեռից, որովհետև Փառանը Սինա լեռանը հարակից մի վայր է» («Ամբակում մարգարեության մեկնության երկու գրքեր», Կիև, 1898, էջ 193): Նմանապես երանելի Թեոդորիտոսն ասում է. «Մարգարեն կանխագուշակում և կանխատեսում է Աստծու և մեր Փրկչի մարդեղությունը, որ եղավ Բեթլեհեմում՝ Երուսաղեմի հարավում: Իսկ «անտառախիտ լեռ» կոչում է հենց հին ժամանակներից բազում շնորհներով զարդարված Երուսաղեմը, որը ծածկված է ամպով և գտնվում է երկնավոր Աստծու հովանու ներքո» («Ամբակումի մարգարեության մեկնություն», Ս. Պոսադ, 1907, էջ 33):

   Եբրայերեն տեքստում համարի մեջտեղում հանդիպող «սելա» (հուն.՝ «διάψαλμα») բառը (նույնը կիրառվում է 9−րդ և 13−րդ համարներում, ինչպես նաև 71 անգամ՝ սաղմոսներում) իր ստուգաբանությամբ և իմաստով անորոշ է: Սովորաբար այն համարվում է երաժշտական տերմին, որը ցույց է տալիս երգեցողության դադար կամ ընդմիջում (տե՛ս Sommer J. G., Biblische Abhandlungen. Bd. I. Erklärung des Sela. Bonn, 1846, էջ 1–84):

   Համարի երկրորդ մասը պատկերում է հայտնվող Տիրոջ փառքը և վեհությունը. Նրա փառքն ու փառաբանությունը պիտի լցնեն ամբողջ երկիրը (Սաղմ. 8:1-2, Ես. 6:3), «որովհետև Աստծու Միածին Բանը մարդանալով ցրեց անգիտության խավարը, լուսավորեց մարդկանց աստվածգիտության ճառագայթներով, և ամենքին սովորեցրեց, որ Աստված երկնքի, երկրի և ամեն ինչի Արարիչն է» (Երանելի Թեոդորիտոս, նույն տեղում, էջ 33):

   4−րդ համարը նկարագրում է Աստծու գալիք հայտնության արտաքին՝ արտակարգ փայլուն պատկերը: Բոլոր նյութական գոյերից միայն արևի պայծառ լույսը կարող է մոտեցնել աստվածհայտնության երկնային վեհությունը ըմբռնելուն: Այստեղ արևի ճառագայթները, որոնք կարծես զարդարում են Աստծու հայտնությունը (տե՛ս Սաղմ. 103:2) համեմատվում են եղջյուրների (Ելք 34։29, Սաղմ. 21:1), ինչպես հաճախ հանդիպում է նաև արաբական պոեզիայում: Ավելորդ է ասել, թե որքան է այս պատշաճ պատկերը համապատասխանում Քրիստոսին՝ Արդարության Արեգակին: Եբրայերեն տեքստի 4−րդ համարի վերջին՝ «վէշամ հեվիոն ուզզո» (Վուլգաթա՝ «ibi abscondita est fortitudo ejus», ռուսերեն սինոդալ՝ «и здесь тайник Его силы»՝ «Եվ Նրա զորությունները այստեղ են պահված») բառերի փոխարեն՝ Յոթանասնիցն ունի հետևյալը՝ «καὶ ἔθετο ἀγάπησιν κραταιὰν ἰσχύος αὐτου̃», սլավոներենը՝ «и положи любовь державну крепости своея» («Եվ հաստատեց իր զորության հզոր սերը»): Ինչպես նշում է երանելի Հերոնիմոսը, այստեղից նկատելի է, որ Յոթանասնիցի ընթերցմամբ «Նույնիսկ այս խոսքերը պետք է հասկանալ Քրիստոսի վերաբերյալ, քանի որ հենց դրա համար Հայր Աստված Իր զորությամբ ծածկեց երկինքը, փառաբանությամբ լցրեց երկիրը, Իր փայլը դարձրեց որպես լույս, և թագավորությունը դրեց իր Որդու ձեռքին, որպեսզի մղի մարդկանց սիրել Իր Սիրելիին, ու սիրել ոչ թե թույլ, այլ հզոր և ամուր սիրով...» (Երանելի Հերոնիմոս, նույն տեղում, էջ 196, 197):

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Աստուած Թեմանից կը գայ, սուրբը՝ զով եւ անտառախիտ լեռից. նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնութեամբ լցուեց երկիրը (դադար):
(Արարատ թարգ․) Աստված Թեմանից եկավ, Սուրբը՝ Փարան սարից (Սելա). նրա փառքը ծածկեց երկինքը, և նրա գովաբանությամբ լցվեց երկիրը։
(Գրաբար) Աստուած ի Թեմանայ եկեսցէ, եւ սուրբն՝ ի հովանաւոր եւ յանտառախիտ լեռնէ։ Ծածկեցին զերկինս փառք նորա աւրհնութեամբ նորա լի եղեւ երկիր (Հանգիստ)։