Անգեի մարգարեության մեկնություն 1։2

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

2-4․ «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այս ժողովուրդն ասում է. «Դեռ չի եկել ժամանակը, Տիրոջ տունը շինելու ժամանակը»»։ [2] «Եվ Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեի միջոցով». «Իսկ ձեզ համար մի՞թե ժամանակն է բնակվելու ձեր շքեղազարդ տներում, մինչ այս տունը ավերակ է»: (Սինոդական թարգ․)
   
   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անգեի մարգարեության առաջին համարում հիշատակվում են միայն Զորաբաբելն ու Հեսուն, իսկ ժողովրդի մասին որևէ հիշատակություն չկա այնպես, ինչպես այն նշվում է հետագա համարներում (տե՛ս Անգ. 2:2, «շեերիթ հաամ»` ժողովրդի մնացորդը), որոշ մեկնիչներ (Լեյ, Անդրե) ենթադրում են, թե առաջին ճառն ուղղված է միայն կառավարիչ Զորաբաբելին և Հեսու քահանայապետին, և միայն նրանց են վերաբերում տաճարի վերակառուցման հանդեպ անտարբերության համար արտահայտված նախատինքները: Իրականում ևʹ ճառի ընդհանուր իմաստը, ևʹ դրա առանձին հատվածները վկայում են, որ այստեղ խոսքն ուղղված է ամբողջ ժողովրդին, և այդ նախատինքներն ու մեղադրանքները վերաբերում են հենց նրանց։ Ճառի սկզբնական՝ «Այս ժողովուրդն ասում է» (տե՛ս 2−րդ համար) հատվածը ցույց է տալիս, որ մարգարեն կշտամբում է ամբողջ ժողովրդին: Սեփական տները զարդարելու մասին հոգալու և Տիրոջ տունն անտեսելու վերաբերյալ նախատինքը (4−րդ համար) նույնպես վերաբերում է ժողովրդի լայն շրջանակներին: Եվ, վերջապես, ինքնին հասկանալի է, որ այն աղետները, որոնք, մարգարեի խոսքի համաձայն, հարվածել և դեռ հարվածելու են ժողովրդին իրենց անտարբերության պատճառով (տե՛ս 6−րդ, 9−11−րդ համարներ), կարող են վերաբերել միայն Պաղեստին վերադարձած և այնտեղ բնակություն հաստատած ամբողջ ժողովրդին: Զորաբաբելի և Հեսուի մեղքը, եթե այն ընդհանրապես կար, միայն այն էր, որ նրանք բավարար եռանդով չէին մղել ժողովրդին տաճարի շինարարությանը: Այս մեղադրանքն ավելի շուտ անուղղակի բնույթ ուներ. ժողովրդին մեղադրելիս Զորաբաբելն ու Հեսուն ավելի շատ հանդես էին գալիս իբրև մեղադրանքի վկաներ, քան որպես մեղադրյալներ: Երանելի Հերոնիմոսը այս մասին ասում է. «Երկար մտածի՛ր այն մասին, որ ոչ թե Զորաբաբելը կամ Հեսուն են ասում “Դեռ չի եկել Տիրոջ տունը շինելու ժամանակը”, այլ ժողովուրդը, որը, գտնվելով Դարեհ արքայի իշխանության ներքո, դեռևս իր վրայից չէր թոթափել ստրկության լուծը» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 322):

   «Այն ժամանակ,− ասում է երանելի Թեոդորիտոսը,− երբ Հեսուն քահանայապետ էր, իսկ Զորաբաբելը՝ ժողովրդի կառավարիչ, Աստված նրանց առջև, իբրև թե դատավորների առաջ, մարգարեի միջոցով մեղադրում է ժողովրդին և ասում. “Որքան ջանք են թափում նրանք իրենց տները ոչ միայն կառուցելու, այլև ճոխությամբ զարդարելու համար, մինչդեռ Տիրոջ տունը, որի շնորհիվ բոլորը մասնակից են դառնում իրենց ընդհանուր փրկությանը, չեն ցանկանում վերականգնել` պնդելով, թե ժամանակը բարենպաստ չէ շինարարության համար”» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 59):

   Ճառի սկզբնական՝ «Այսպես է ասում Զորությունների Տերը» խոսքերը շատ տարածված են մարգարեական խոսքի գործածության մեջ։ Դրանք ծառայում են որպես ներածական բանաձև աստվածային հայտնությունն ազդարարելու համար: Այդ բանաձևը, հատկապես «Զորությունների Տեր» արտահայտությունն ընդգրկող խոսքերը, Անգե մարգարեից բացի՝ հաճախ հանդիպում է նաև այլ մարգարեների՝ Եսայու, Երեմիայի, Զաքարիայի և Մաղաքիայի մոտ: Այդ պատճառով պետք է հերքել Մարտիի այն տեսակետը, թե վերոնշյալ բանաձևի հաճախակի կրկնությամբ Անգե մարգարեն իբրև թե բացահայտում է իր աստվածային առաքելության գիտակցության թուլությունը կամ անորոշությունը և դրանով ցանկանում է իր խոսքին հաղորդել աստվածային հեղինակություն, ինչը մեծապես բնորոշ էր հին մարգարեներին (էջ 382): Ընդհակառակը, անհերքելի է, որ այս արտահայտությունը շատ հաճախ կիրառվել է հատկապես հին մարգարեների կողմից, որոնց մոտ, ըստ Մարտիի ենթադրության, առանձնահատուկ կենդանի էր Տիրոջ կողմից առաքված լինելու գիտակցությունը:

   2−րդ և 4−րդ համարներում մարգարեի կողմից Տեր Աստծու անունից ժողովրդին ուղղած նախատինքի էությունը կայանում է այն կտրուկ հակադրության մատնանշման մեջ, որն առաջանում էր ժողովրդի՝ սեփական բնակարանների հանդեպ ցուցաբերած խիստ հոգատարությունից և ամբողջությամբ ավերված ու լքված տաճարի վերականգնման հանդեպ ծայրահեղ անտարբերությունից։ Հենց հրեաները, առնվազն նրանցից հարուստները, բնակվում էին «զարդարված և ճոխ տներում, որոնք նախատեսված էին ոչ այնքան կարիքները հոգալու, որքան շքեղության համար: Եվ սա այն դեպքում, երբ Տիրոջ տունը, որտեղ Սրբությունների Սրբությունն էր, քերովբեներն ու հացի ընծաների սեղանը, ողողվում էր անձրևներով, աղտոտվում խնամքի բացակայությունից և ենթարկվում արևի կիզիչ ճառագայթներին» (տե՛ս երանելի Հերոնիմոս, վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 323):

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Խօսի՛ր Յուդայի ազգից Սաղաթիէլի որդու՝ Զորոբաբէլի հետ, եւ մեծ քահանայ Յոսեդեկի որդու՝ Յեսուի հետ եւ ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այդ ժողովուրդն ասում է, թէ չի հասել Տիրոջ տունը շինելու ժամանակը»»:
(Արարատ թարգ․) Հեսուին՝ ասելով. «Զորքերի Տերն այսպես է ասում, թե՝ Այս ժողովուրդն ասում է. «Դեռ չի եկել Տիրոջ Տունը շինելու ժամանակը»»։
(Գրաբար) Խաւսեաց ընդ Զորաբաբիլի որդւոյ Սաղաթիէլի, յազգէ Յուդայ եւ ընդ Յեսուայ, որդւոյ Յովսեդեկեայ քահանայի մեծի՝ եւ ասասցես. Այսպէս ասէ Տէր ամենակալ. Ժողովուրդդ այդ ասեն. Ոչ է հասեալ ժամանակ շինելոյ զտունն Տեառն։