Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Դարեհ թագավորի երկրորդ տարում, վեցերորդ ամսում՝ ամսվա առաջին օրը, Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը եղավ Սաղաթիելի որդուն՝ Զորաբաբելին՝ Հուդայի կառավարչին և Հովսեդեկի որդի Հեսուին՝ քահանայապետին»։ (Սինոդական թարգ․)[1]
Անգե մարգարեի գրքի գերակշռող պատմական բնույթին համապատասխան` այն սկսվում է մարգարեի առաջին քարոզի ճշգրիտ և հստակ ժամանակագրությամբ, ընդ որում ճշգրտորեն թվագրված են նաև նրա հետագա բոլոր քարոզները (տե՛ս Անգ. 2:1, 10, 20): Թվագրման այս եղանակը բացահայտում է բաբելոնյան ժամանակահաշվարկի նկատելի ազդեցությունը հրեականի վրա։ Ակնհատ է, որ գերության ընթացքում հրեաները ընդհանուր առմամբ բավական լավ յուրացրել էին բաբելոնյան օրացույցն ու քաղդեական ժամանակահաշվարկը, ինչպես վկայում են (Դան․ 10:1) և ( Զաք․ 1:7, 7:1) մարգարեությունները, ինչպես նաև Նեեմիայի գրքում (Նեեմ. 1:1, 2:1) առկա նմանատիպ ամսաթվերը։ Այստեղ հին հրեական ժամանակահաշվարկի եղանակի հետ եղած տարբերությունն առաջին հերթին այն է, որ եթե նախկինում սուրբգրային հեղինակների մոտ իրադարձությունները թվագրվում էին ազգակից երեք` հրեական, հուդայական և իսրայելական թագավորների գահակալման թվականների համաձայն (օրինակ`Երեմ. 25:1, 26:1, 28:1), ապա գերության ու դրան հաջորդող ժամանակաշրջանների իրադարձությունների թվագրման համար սուրբգրային հեղինակները վերցնում են հրեաներին նվաճած օտարերկրյա թագավորների գահակալության թվականները:
«Մինչ գերությունը,− ասում է երանելի Թեոդորիտոսը,− մարգարեները կիրառում էին Հուդայի և Իսրայելի թագավորների գահակալության թվականները, սակայն գերությունից վերադառնալուց հետո (քանի որ հրեաներն այլևս չունեին իրենց թագավորները) Աստծու մարգարե Անգեն նշում է պարսից թագավորի գահակալման թվականն ու հիշատակում է ոչ միայն տարեթիվը, այլև ամիսն ու օրը` ցանկանալով ցույց տալ ոչ միայն վերակառուցման աշխատանքների արագությունը, այլ նաև այն պարգևների առատությունը, որոնցով Տերը մշտապես օրհնում է ստեղծարարներին» (Անգեի մարգարեության մեկնություն. «Ստեղծագործություններ», Մ., 1857, հ. 5, էջ 58): Դարեհ թագավորի անունը եբրայերենում Դարյավեշ է, հին պարսկերենում` «Darayavaus», բաբելոներենում` «Darijamus»: (Երանելի Հերոնիմոսը եբրայերեն «Դարյավեշ» բառը որպես հասարակ անուն է թարգմանում. «generationes factae»՝ նախորդ ծնունդներ»: Այս թարգմանության բանասիրական հավաստիությունն առավել քան կասկածելի է, սակայն երանելի Հերոնիմոսի մոտ այս դեպքում նկատի են առնվում այն բարոյա−այլաբանական եզրակացությունները, որոնք նա անում է վերոնշյալ թարգմանությունից: Տեʹս երանելի Հիերոնիմոս «Մեկ գիրք Անգեի մարգարեության վերաբերյալ» (Ստեղծագործություններ». Կիև, 1898, մ. 14, էջ 317-318): Այստեղ, ինչպես նաև Եզրասի գրքում (Բ Եզր. 4:24, 5:5−7, 6:1, 12−15), համընդհանուր կարծիքի համաձայն, նկատի է առնվում Դարեհ Հիստասպ թագավորը, որը Պարսկաստանում գահակալել է մ․թ․ա․ 521−485 թվականներին։ Սա նշանակում է, որ նրա գահակալության երկրորդ տարին եղել է մ․թ․ա․ 520 թվականը: Այդ տարին, ըստ երանելի Հերոնիմոսի թվագրության, յոթանասուներորդ տարին էր տաճարի ավերումից հետո՝ համաձայն Երեմիայի մարգարեության (Երեմ. 25:12) և Զաքարիա մարգարեի վկայությունների (Զաք. 1:7, 12)։ Զուգադիպությունը նշանակալի է, քանի որ հստակ կերպով ցույց է տալիս յոթանասուն տարով սուրբ երկրի և, մասնավորապես, տաճարի ամայացման վերաբերյալ Երեմիայի մարգարեությունների ճշգրիտ իրականացումը։ Իսկ այն, որ տաճարը հենց 520 թվականից մնում էր ավերված (եբր.՝ «հարև»), Անգե մարգարեն խոսում է 1−ին գլխի 4−րդ համարում։ Եթե Անգեն իր մարգարեական քարոզչության սկիզբը նշում է իր ժամանակակից թագավորի գահակալման տարով, ապա և՛ մինչգերության (Եզեկ. 1:1) և՛ հետգերության (Զաք. 1:7, 7:1) ժամանակահաշվի ավանդույթի ոգով այս իրադարձության ամիսն ու օրը թվագրում է եբրայական օրացուցային տարով, որը գերության ժամանակ և դրանից հետո ստացել է անվանումներ 12ամիսներից յուրաքանչյուրի համար: Այդ օրացույցի՝ հետագայում Էլուլ անվանված (Նեեմ. 6:15) վեցերորդ ամիսը համընկնում է մեր օրացույցի օգոստոսի երկրորդ և սեպտեմբերի առաջին կեսին: Այսպիսով՝ մարգարեի գործունեության սկիզբը եղել է 520 թվականի օգոստոսի երկրորդ կեսին, այսինքն՝ անմիջապես նորալուսնին կամ էլ ամսվա առաջին օրը, որը միշտ տոն է համարվել` սկզբում միայն եկեղեցական (Թվեր 28:11−14), իսկ այնուհետ նաև քաղաքացիական (Ա Թագ. 20:5 և հաջ, Ամոս 8:5, հատկապես Թալմուդի համաձայն):
«Անգեի միջոցով» (եբր.` «բեյադ», Յոթանասնից` «ἐν χειρὶ», Վուլգաթա` «in manu») արտահայտության, ինչպես նաև մարգարեի անձնանվանը կցված նրա ծառայությունը բնորոշող «նաբի» (մարգարե) անվանումը ավելացնելու հանգամանքը որոշ մեկնիչներ անհիմն կերպով եզրակացնում են, թե գիրքը կազմվել է շատ ավելի ուշ շրջանում։ Սակայն երկու առանձնահատկությունների համար էլ կարելի է զուգահեռներ գտնել ավելի վաղ՝ մինչգերության շրջանի մարգարեական գրվածքներում։ Առաջինի համար օրինակներ են Ես. 20:2 և Ովս. 1:2-ը, իսկ երկրորդի համար` Ամբ. 1:1−ը (այս մասին ընթերցի՛ր վերջին հատվածի վերաբերյալ մեր մեկնաբանությունը): Առաջին արտահայտության փոխանցումը Յոթանասնիցում, Վուլգաթայում և սլավոներեն տեքստում պետք է համարել խիստ բառացի, և այս պարագայում նախընտրելի է ռուսերեն տեքստում առկա «чрез» (միջոցով) տարբերակին: Յոթանասնիցն ու սլավոներեն տեքստը պարունակում են ավելորդաբանական մի հավելում՝ «λέγων εὶπῶν» (սլավ.՝ «глаголя: рцы»՝ «ասելով՝ ասա»): Սակայն այս հավելումը, հավանաբար, փոխառված է մարգարեի նմանատիպ մյուս խոսքերից (Անգ. 2:1, 10, 20): Վուլգաթան, սակայն, փոխանցում է այս երկու բառերից միայն մեկը` «dicens» (ասելով):
Անգե մարգարեի միջոցով հաղորդված Տիրոջ խոսքն ուղղված էր Երուսաղեմի հրեական համայնքի աշխարհիկ առաջնորդ Զորաբաբելին, ինչպես նաև նրա հոգևոր առաջնորդ Հեսու քահանայապետին: Զորաբաբելը (եբր.`«Զերուբբաբել», Յոթանասնից` «Ζοροβάβελ») Դավթի հետնորդն է, Սաղաթիելի որդին, և աստվածաշնչյան շատ այլ հատվածներում ներկայացվում է իբրև գերությունից վերադարձող հրեաների առաջին խմբի առաջնորդ, տաճարի վերակառուցող և Հուդայի կառավարիչ (Բ Եզր. 2:2, 3:2, Նեեմ. 7:7, Զաք. 4:6, 9): Սակայն, մյուս կողմից Եզրասի երկրորդ գրքում (Բ Եզր. 1:8, 11, 5:14−15) այս նույն գործունեությունը վերագրվում է ոմն Շեշբասարի[2], որը նաև կոչվում է «Հրեաստանի իշխան (նասի)» և Հրեաստանի կառավարիչ կամ գավառապետ (պեխա): Այստեղից առաջացած Զորաբաբելի ու Շեշբասարի կապի վերաբերյալ հարցը արևելյան աստվածաշնչագետների մեծ մասի կողմից լուծվում է այս երկուսին տարբեր անձեր համարելով (տեʹս Marti. Op. cit. S. 382; Andrи. Op. cit. P. 48–63)։ Ավելին, ի դեմս Շեշբասարի՝ նրանք տեսնում են կա՛մ պարսիկ պաշտոնյայի (Շտադե, Սմենդ), որը նշանակված էր որպես պարսից երկրի ներկայացուցիչ և Հուդայի նահանգի կառավարիչ, կա՛մ էլ նմանատիպ գործառույթ իրականացնող մի հրեայի (Մեյեր, Ռենան և այլն), որը, գուցե, թագավորական ընտանիքի հեռավոր ազգական էր: Սակայն ճշմարտությանն ավելի մոտ է թվում մասնագետների այն կարծիքը (թեև այս տեսակետը նույնպես չի բացառում իր դեմ առարկությունները), համաձայն որի՝ Զորաբաբել և Շեշբասար անունները միևնույն անձի երկու տարբեր՝ եբրայական և քաղդեական անուններն են: Այդ անձը Դավիթ թագավորի տոհմից սերված Սաղաթիելի որդին էր (տե՛ս Ա Մնաց. 3:19)՝ մարմնով մեր Տիրոջ և Փրկչի նախնիներից մեկը (Մատթ. 1:12−13) (այս մասին ընթերցի՛ր նաև «Մեկնողական Աստվածաշունչ», հ. Գ, էջ 624): «Այս Զորաբաբելը,− ասում է երանելի Հերոնիմոսը,− որ ծագումով Հուդայի ցեղից էր, այսինքն՝ Դավիթի սերնդից, Փրկչի նախատիպն է, Ով իրապես վերականգնեց ավերված տաճարը, այսինքն՝ Եկեղեցին, և ժողովրդին կրկին ազատեց գերությունից: Նա Եկեղեցին շինեց թե՛ տաճարի հին քարերից և թե՛ նորերից, որոնք նախկինում անտաշ էին, այսինքն՝ Հայր Աստծու համար խորան կառուցեց ինչպես Իսրայելի մնացորդից, այնպես էլ հեթանոս ազգերի բազմությունից» («Մեկ գիրք Անգեի մարգարեության մեկնության վերաբերյալ. Ստեղծագործություններ». Կիև, 1898, էջ 320): Ըստ առավել հավանական ստուգաբանության՝ եբրայերեն «Զերուբբաբել» անունը կարելի է թարգմանել որպես «Բաբելոնում ծնված (բառացի` «Բաբելոնում սերմանված»)»: Ըստ երանելի Հերոնիմոսի՝ այս բառը «կարող է նշանակել կա՛մ «մոտակա հոսք» (ρεῦ:σις παρα κειμένη), կա՛մ «Բաբելոնում ծնված», կա՛մ «իշխան Բաբելոնից»… Իսկ ըստ հրեական ավանդության՝ այս անունը կազմված է երեք՝ միմյանցից միանգամայն անկախ բառերից. «zo»` այդ; «rob»` ուսուցիչ կամ ավագ, և «babel»` բաբելոնացի…» (տես՛ վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 320-321): Ինչպես առաջին («մոտակա հոսք»), այնպես էլ, ենթադրաբար, եբրայերեն ավանդական բառակազմության [արդյունք] համարվող «Զերուբբաբել» անվան վերջին իմաստը, անկասկած, չեն կարող ընդունելի համարվել: Առավել ուշագրավ է երանելի Հերոնիմոսի հետևյալ մոտեցումը. «Ճիշտ այնպես, ինչպես Նավեի որդի Հեսուն, որը նույնպես համարվում է Փրկչի նախատիպը, անապատից ժողովրդին առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր, այդպես էլ այս Զորաբաբելը ծնվեց Բաբելոնում, որպեսզի Բաբելոնում եղած մարդկանց կրկին վերադարձնի դեպի Ավետյաց երկիր, որտեղից նրանք գերության էին տարվել» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 321): Անգեի մարգարեի գրքում Զորաբաբելի պաշտոնական տիտղոսը «պեխա» է, ամբողջական տարբերակը` «պախատ−Իեհուդա» (Անգ. 1:1, 2:1, 21): «Պեխա» բառը «նահանգապետ կամ կառավարիչ» իմաստով հանդիպում է դեռևս Սողոմոնի ժամանակներում (Գ Թագ. 10:15, Բ Մնաց. 9:14), իսկ այնուհետև նույն անվանումը գործածվում է ասորեստանցի զորավարների (եբր.` «պախոտ») վերաբերյալ (տե՛ս Գ Թագ. 20:24): Միևնույն ժամանակ քաղաքացիական և զինվորական իշխանություն ունեցող տեղապահի կամ առաջնորդի իմաստով՝ «պեխա» արտահայտությունը հանդիպում է ասորեստանցիների (Դ Թագ. 18:24, Ես. 36:9), քաղդեացիների (Եզեկ. 23:6, 23, Երեմ. 51:23, 28, 57) և պարսիկների մոտ (Եսթ. 3:12, 8:9, 9:3): Այս տիտղոսը մասնավորապես տրվել է Եփրատի մոտ գտնվող նահանգների կառավարիչներին (տե՛ս Բ Եզր. 8:36, Նեեմ. 2:7−9, 3:7): Այս եզրույթն առաջացել է ասորերեն «pahatu» բառից, որ նշանակում է տարածաշրջանի կառավարիչ, իսկ ավելի կոնկրետ` «bel−pahatu» արտահայտությունից, որի ձևափոխված տարբերակը թուրքական «փաշա» արտահայտությունն է: Հրեական համայնքի աշխարհիկ ղեկավարի կամ իշխանի կողքին Անգե մարգարեի մոտ, ինչպես նաև Եզրասի ու Նեեմիայի գրքերում, հիշատակվում է նաև հետգերության շրջանի հրեաների հոգևոր առաջնորդը` Հոսեդեկի որդի Հեսու քահանայապետը (Զաք. 3:1 և հաջ., Բ Եզր. 2:2 և հաջ., Նեեմ. 7:7, 12:1, 7, 10, 26): Հրեա ժողովրդի մոտ գերագույն իշխանության աշխարհիկի և հոգևորի բաժանումը միանգամայն բնական է և լիովին համապատասխանում է պատմական իրականությանը: Եթե բողոքական որոշ ուսումնասիրողներ (Մարտի, Շտադե) հերքում են մինչգերության շրջանում քահանայապետական իշխանության ու հենց դրա «քոհենգադոլ»−«քահանայապետ» անվանման գոյությունը, ապա նրանց հակադարձում են, օրինակ, Դ Թագ. 12:11, 22:4, 8 համարների վկայությունները: Սակայն այս երկու իշխանությունները, բացի իրենց պատմական նշանակությունից, կարող են ունենալ նաև նախատիպային նշանակություն, որն էլ մատնանշում է երանելի Հերոնիմոսը` ասելով. «Պատմական առումով Զորաբաբելը թագավորական ցեղի ներկայացուցիչ է, իսկ Հեսուն` քահանայապետական դասի: Սակայն հոգևոր ընկալման առումով այստեղ խոսքը մեր միակ Տիրոջ և Փրկչի, Թագավորի և Մեծ Քահանայապետի մասին է, Ում նախատիպն իր թագավորական ծառայության մեջ կրում էր Զորաբաբելը, իսկ քահանայապետական ծառայության մեջ՝ Փրկչի անվանակից Հեսուն, որն էլ նշանակում է փրկություն, «Jao», այսինքն՝ Տիրոջ փրկություն…» (վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 322):
[2] Այս անվանումը Աստվածաշունչ մատյանի «Նոր Էջմիածին» թարգմանության մեջ նշված է «Սամանասար», «Նոր Արարատ» թարգմանության մեջ՝ «Սասբասար»:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Դարեհ արքայի երկրորդ տարում, վեցերորդ ամսուայ, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ պատգամը հասաւ Անգէ մարգարէի միջոցով եւ ասաց.
(Արարատ թարգ․) Դարեհ թագավորի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա ամսի մեկին, Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին և Հովսեդեկ քահանայապետի որդի։
(Գրաբար) Յամին երկրորդի Դարեհի արքայի, յամսեանն վեցերորդի, որ աւր մի էր ամսոյն, եղեւ բան Տեառն ի ձեռն Անգէի մարգարէի, եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: