Անգեի մարգարեության մեկնություն 2։10

Ա. Պ. Լոպուխին (†1904)

10-19. «Դարեհի երկրորդ տարում, իններորդ ամսվա քսանչորսերորդ օրը Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեի միջոցով»: [10] «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Հարցրո՛ւ քահանաներին օրենքի մասին և ասա՛»»: «Եթե մեկը սրբագործված միս տանի իր հագուստի քղանցքի մեջ և իր փեշով դիպչի հացին, կամ ինչ-որ եփված բանի, կամ գինուն, կամ յուղին, կամ որևէ ուտելիքի, մի՞թե այն սուրբ պիտի դառնա»։ Եվ քահանաները պատասխանեցին ու ասացին՝ «Ո՛չ»։ «Այնուհետև Անգեն ասաց. «Եթե այս ամենին դիպչի մեկը, որը պղծված է մեռելին դիպչելուց, մի՞թե այն անմաքուր կդառնա»։ Եվ քահանաները պատասխանեցին ու ասացին՝ «Անմաքուր կդառնա»»։ «Այնժամ Անգեն պատասխանեց ու ասաց. «Այդպիսին է այս ժողովուրդը, և այդպիսին է այս ազգն Իմ առաջ, - ասում է Տերը, - այդպիսին են նրանց ձեռքի բոլոր գործերը: Եվ ինչ որ նրանք այնտեղ մատուցում են, անմաքուր է»»։ «Եվ հիմա ձեր սիրտը դարձրե՛ք այս օրվանից դեպի անցյալը, այն ժամանակը, երբ դեռ քար քարի վրա չէր դրվել Տիրոջ տաճարում»։ «Գալիս էիք /ցորենի/ դեզի մոտ, որը կարող էր տալ քսան չափ, բայց ստացվում էր միայն տասը. գալիս էիք հնձանի մոտ՝ հիսուն չափ հանելու, բայց ստացվում էր միայն քսանը»։ «Ես ժանգով և բորբոսով հարվածում էի ձեզ և կարկուտով՝ ձեր ձեռքի բոլոր գործերին, բայց դուք չդարձաք դեպի Ինձ, - ասում է Տերը»։ «Ուրեմն դարձրեք ձեր սիրտը այս օրվանից հետ՝ իններորդ ամսվա քսանչորսերորդ օրից, այն օրից, երբ դրվեց Տիրոջ տաճարի հիմքը. դարձրե՛ք ձեր սիրտը»։ «Մի՞թե դեռ սերմեր կան շտեմարաններում։ Մինչ այժմ ո՛չ որթատունկը, ո՛չ թզենին, ո՛չ նռնենին և ո՛չ ձիթենին պտուղ չէին տալիս. սակայն այս օրվանից Ես պիտի օրհնեմ նրանց, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեի երրորդ խոսքը ժողովրդին ուղղվեց երկրորդ խոսքից երկու ամիս և երեք օր անց (տե՛ս 10−րդ և 1−ին համարներ): Նախորդ խոսքերի համեմատ՝ մարգարեի երրորդ խոսքում եղած որոշ առանձնահատկություններ նորագույն ժամանակների որոշ մեկնիչների (օրինակ`Անդրե) առիթ են տվել կասկածի տակ դնել դրա իսկությունը։ Նրանք գլխավորապես առաջնորդվում էին այն հիմնավորմամբ, թե իբր ընդհատվում է խոսքի բնականոն հաջորդականությունը և մարգարեի երկրորդ (2:1−9) և չորրորդ (2:20−23) խոսքերի միջև կապը: Սակայն այս հանգամանքը միանգամայն բնական կերպով բացատրվում է նրանով, որ մարգարեի խոսքերի հաջորդականությունը որոշվում է ոչ թե տրամաբանական համակարգի միջոցով, այլ մարգարեի կողմից դրանք հայտարարելու ժամանակագրական կարգով և բովանդակության բուն նյութով: Իր բովանդակությամբ մարգարեի երրորդ խոսքն ակնհայտորեն բաժանվում է երկու համաչափ մասերի. խոսքի առաջին հատվածում (10−14−րդ համարներ) մարգարեն կրոնածիսական տեսանկյունից քննարկում է գերությունից վերադառնալուց հետո իր ժամանակակից հրեաների վիճակն ու դրությունը և ապացուցում տաճարի բացակայության պատճառով ժողովրդի մեջ կրոնածիսական անմաքրության առկայությունը։ Իսկ երկրորդ հատվածում (15−19−րդ համարներ) ժողովրդի կյանքը, նրա աղքատությունն ու բարօրությունը կապի մեջ են դրվում տարբեր ժամանակներում տաճարը կառուցելու առնչությամբ ժողովրդի ունեցած ոչ միակերպ նախանձախնդրության հետ, որով էլ պայմանավորվում է ժողովրդի հանդեպ Տիրոջ նախախնամության տարբերվող վերաբերմունքը. նախկինում պատժողը կամ «խելքի բերողը» այժմ՝ տաճարի հիմնարկեքի պահից սկսած,  ողորմում և օրհնում է: Այս և մյուս դեպքերում տեսակետների տարբերությունը միանգամայն ակնհայտ է, սակայն մարգարեի խոսքի երկու հատվածներն էլ հավասարապես ծառայում են նրա գլխավոր նպատակին` համոզել իր ունկնդիրներին, որպեսզի նրանք ողջ եռանդով և նախանձախնդրությամբ շարունակեն տաճարի՝ արդեն սկսված շինարարությունը:

   Հատուկ բացատրության կարիք ունեն միայն խոսքի որոշ արտահայտություններ: Ընդ որում՝ բացատրության կարիք առաջանցում են ոչ թե արտահայտությունները, այլ այն ենթադրությունները, որոնք դրանց առնչությամբ արտահայտվել են նոր՝ քննադատական−ժխտողական ուղղության մեկնիչների կողմից: Այսպես, ենթադրում են (Անդրե, Մարտի), որ 11−րդ համարում հիշատակված «թորա» (օրենք) (Յոթանասնից` «νόμον», Վուլգաթա` «legem») բառի ներքո նկատի է առնվում ոչ թե բուն գրավոր օրենքը, այլ քահանաների միջոցով պահպանվող բանավոր ավանդությունը, որը հարկ եղած դեպքում պատասխաններ էր տալիս աստվածպաշտությանը, ծիսական կյանքին և նմանատիպ այլ պարագաներին վերաբերող հարցերին: Բացի այդ՝ 12−13−րդ համարներում մարգարեի կողմից քահանաներին ուղղված հարցադրումների մեջ անսովոր մի երևույթ են տեսնում, այն է՝ տաճարի և աստվածպաշտության հանդեպ առանձնահատուկ ուշադրությունը, ինչպիսին հնագույն շրջանի մարգարեները, օրինակ, Երեմիան (տե՛ս Երեմ. 7:1 և հաջ.), կարծես չէին ցուցաբերում։ Ոմանք նույնիսկ հակված են սրբության և անմաքրության այս գաղափարների մեջ տեսնել մոգերի կրոնի` պարսկական կամ մազդեական հավատալիքների ազդեցությունը աստվածաշնչյան−հրեական աշխարհայացքի և դավանանքի վրա: Սակայն վերոհիշյալ առաջին միտքը հիմնվում է նոր աստվածաշնչյան−քննադատական ​​դպրոցի այն ենթադրական պնդման վրա (Վելհաուզեն և ուրիշներ), որ Թորայի գրավոր տարբերակն իր ներկայիս տեսքով առաջ է եկել Եզրասից ոչ շուտ։ Այժմ այս վարկածը նույնիսկ Արևմուտքում գիտական վստահություն չունի: Ավելին, օրենքի դրույթների վերաբերյալ այս կամ այն ​​տեղեկատվության համար մարգարեին կամ մեկ ուրիշին՝ քահանաներին դիմելը ոչ մի կերպ չի կարող վկայել այդ ժամանակ գրավոր օրենքի բացակայության մասին: Հենց Մովսեսի օրենքում ամենուր ենթադրվում և բազմիցս արտահայտվում է այն միտքը, որ քահանաների պարտականությունն էր պատասխաններ, հրահանգներ և բացատրություններ տալ վարդապետության, աստվածպաշտության և, ընդհանրապես, շարքային իսրայելացիների կողմից իրենց տրված կյանքի դժվարին հարցերի վերաբերյալ (Ղևտ. 10:10, 13−14−րդ գլուխներ, Բ Օր. 17:8, 24:8, 33:8−10): Նմանապես անհարկի է նաև պաշտամունքի և ծիսակատարությունների հանդեպ վերաբերմունքի պարագայում Անգեի և ավելի հին մարգարեների միջև կտրուկ տարբերություններ տեսնելու փորձը: Կրոնական ծիսակատարությունների ոչ աստվածահաճո կատարման համար հրեաներին ուղղված այն մեղադրանքները, որոնք առկա են հին ժամանակաշրջանի մարգարեների՝ օրինակ՝ Ամոսի (5−րդ գլուխ), Եսայու (1−ին գլուխ), Երեմիայի (7−րդ գլուխ) մոտ, չեն պարունակում բուն պաշտամունքի ժխտում կամ պարզապես քննադատություն: Դրանք միայն նախազգուշացնում են հրեաներին, որ չափազանց մեծ հույս չդնեն տաճարի, պաշտամունքի և, ընդհանրապես, Աստծու հետ կնքած իրենց ուխտի արտաքին երաշխիքների զորության ու նշանակության վրա և միևնույն ժամանակ մատնանշում են աստվածահաճո ծառայության բուն ոգին, որն արտահայտվում է Աստծու կամքի անշեղ կատարմամբ: Իսկ Անգե մարգարեն, չհերքելով այս վերջին տեսակետը, 12−14−րդ համարներում առաջ է քաշում տաճարի ու նրա հետ կապված ծիսակատարությունների նշանակությունը՝ ելնելով ստեղծված հանգամանքներից և գերությունից հետո հրեական համայնքի վիճակից:

   Յոթանասնիցը տեքստի 14−րդ համարին (Յոթանասնիցում 15−րդ համարն է) ավելացնում է հետևյալ բառերը. «ἕνεκεν τῶν λημμάτων αὐτῶν τῶν ὁρθρινῶν ὁδυνηθήσονται ἀπὸ προσώπου πόνων αὐτῶν, καὶ ἐμισεῖτε ἐν πύλαις ἐλέγχοντα»։ Սլավոներեն՝ «за приятия их утренняя, поболят от лица лукавств своих, и ненавидесте во вратех обличающаго»   (քանի որ ընդունեցին նրանց կաշառքները, տառապեցին իրենց չար գործերի պատճառով և ատեցին հրապարակավ հանդիմանողներին) տարբերակն է:

   Երանելի Հերոնիմոսի դիտարկումների համաձայն` «այս բառերը բացակայում են և՛ եբրայերեն տեքստում, և՛այլ մեկնիչների մոտ» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 384): Ըստ երևույթին, այս բառերն անհրաժեշտ է հետագայի հավելում համարել։ Բնագրային համարելու դեպքում դրանք բացատրելը բավականին դժվար է: Այս բառերի ընդհանուր միտքը ժամանակակից հրեաներին ուղղված կշտամբանքն է շահամոլության և ընչաքաղցության համար: Ուսումնասիրվող խոսքի երկրորդ մասը մարգարեի մտքի բացահայտումն է, որն արդեն նա արտահայտել է իր առաջին խոսքում (Անգ. 1։6, 1։9), սակայն այստեղ՝ տաճարի վերականգնման աշխատանքների վերսկսման պահին համապատասխան։ Մարգարեի միջոցով Տիրոջ տված խոստման համաձայն՝ այս շրջադարձային կետից սկսվում է հրեաների նոր կյանքը, որը լի է Տիրոջ օրհնությամբ տրվող ամեն տեսակ բարիքներով:

   15−րդ և 18−րդ համարներում, հատկապես երկու համարներում էլ հանդիպող «մաալա» (ետ, դեպի հետ) բառում, ինչպես նաև «լեմին հայոմ» արտահայտության մեջ, որը յուրովի է ընկալվում ուսումնասիրողների կողմից, մեզ արդեն ծանոթ տեսակետի ջատագովները (Շրադերը և մյուսները) հիմք են տեսնում իրենց գաղափարների համար (տե՛ս Անգեի մարգարեության մասին մեր ներածությունը)։ Ըստ նրանց՝ տաճարի հիմքը դրվել է հենց 520 թվականին, այլ ոչ թե Կյուրոսի օրոք, ինչպես վկայում է Եզրասի գիրքը: Սակայն այս եզրույթների  օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս հատվածից հնարավոր չէ այդպիսի փաստարկ քաղել, և այստեղից ավելի շուտ հետևում է, որ տաճարի հիմնադրումն սկսվել է շատ ավելի վաղ, քան Դարեհի 2−րդ տարվա 9−րդ ամսվա 24−րդ օրը (այս մասին ավելի մանրամասն ընթերցի՛ր պրոֆեսոր Վ. Դ. Պոպովի «Հրեաների վերադարձը բաբելոնյան գերությունից և նրանց կյանքի առաջին տարիները Պաղեստինում մինչև Եզրասի ժամանումը Երուսաղեմ», Կիև, 1905, էջ 295−305):

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) որպէսզի այդ Տան վերջին փառքը լինի աւելի մեծ, քան նախկին փառքը, - ասում է Ամենակալ Տէրը: - Ես այս տեղին խաղաղութիւն պիտի տամ, - ասում է Ամենակալ Տէրը, - հոգո՛ւ խաղաղութիւն՝ որպէս փրկութիւն բոլոր նրանց, ովքեր կ՚աշխատեն վերականգնել այդ տաճարը»:
(Արարատ թարգ․2:9) -Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից,- ասում է Զորքերի Տերը,- և այս տեղին խաղաղություն պիտի պարգևեմ»,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) զի մեծ եղիցին փառք տանդ այդորիկ վերջինդ քան զառաջինն, ասէ Տէր ամենակալ։ Եւ ի տեղւոջդ յայդմիկ տաց խաղաղութիւն՝ ասէ Տէր ամենակալ. եւ խաղաղութիւն ոգւոց փրկութիւն ամենայնի, որ գործիցէ յարուցանել զտաճարդ զայդ։