Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 23:6

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

6-12. Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլիայի մասին, հարցրեց, թէ այդ մարդը գալիլիացի՞ է: Եւ երբ իմացաւ, թէ Հերովդէսի իշխանութիւնից է, յանձնեց, որ նրան տանեն Հերովդէսի մօտ, որովհետեւ այդ օրերին նա էլ Երուսաղէմում էր: Եւ երբ Հերովդէսը տեսաւ Յիսուսին, շատ ուրախացաւ, որովհետեւ երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել, քանի որ յաճախ լսում էր նրա մասին եւ ակնկալութիւն ունէր նրա ձեռքով կատարուած որեւէ նշան տեսնել: Հերովդէսը նրան հարցաքննեց շատ խօսքերով, իսկ Յիսուս նրան ոչ մի պատասխան չտուեց: Քահանայապետներն ու օրէնսգէտները վեր էին կենում եւ նրան բուռն կերպով ամբաստանում: Հերովդէսն էլ, իր զօրականներով հանդերձ, արհամարհեց նրան եւ ծիծաղելով նրա վրայ՝ սպիտակ զգեստներ հագցնել տուեց նրան ու վերստին յանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մօտ: Եւ Պիղատոսն ու Հերովդէսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետեւ առաջ իրար թշնամիներ էին:
   
    Հազիվ էր Պիղատոսը Գալիլիայի անունը լսել, սկսեց հարց ու փորձ անել, թե Հիսուս բնիկ որտեղացի է, որտե՞ղ է բնակվում, որտե՞ղ է ծավալել իր գործունեությունը։ Ստացած պատասխաններից իմացավ, որ բնիկ գալիլիացի է և Գալիլիայում ավելի երկար ու նախնական գործունեություն է ունեցել։ «Քանի որ գալիլիացի է,- ասաց,- պետք է որ նրա հարցը Գալիլիայի կառավարությունը քննի։ Գալիլիայի չորրորդապետն էլ արդեն մեր քաղաքն է եկել, առանց ժամանակ կորցնելու և առանց առիթը բաց թողնելու ես հիմա այս Նազովրեցի Հիսուսին պահապանների ուղեկցությամբ նրա մոտ կուղարկեմ, դուք էլ գնացեք այնտեղ՝ ձեր ամբաստանություններն ասեք, Հերովդեսը շտապ կլուծի ձեր խնդիրը»։
    Չենք կարող ասել, թե Պիղատոսն այսպես վարվելով, օրինական պահանջ էր կատարում, քանի որ Հերովդես Անտիպասը՝ Գալիլիայի չորրորդապետը, ոչ մի դեպքում իրավունք չուներ արձակել Հիսուսի դատավճիռը։ Հերովդեսը հռոմեական իշխանության կողմից Գալիլիայի և Բերեայի վրա նշանակված կառավարիչն էր, անվան և ձևի տարբերությամբ նա Գալիլիայում իշխանության պաշտոնյան էր, ինչպես Պիղատոսը՝ Հրեաստանում։ Իշխանության տեսակետից Պիղատոսն ավելի բարձր էր, քանի որ ողջ Պաղեստինի զինվորական հրամանատարն էր և անգամ հսկում էր չորրորդապետերին։ Հիսուսի գալիլիացի լինելն ամենևին էլ Նրա դատաստանը Գալիլիայի դատավորի իրավասությանը հանձնել չէր նշանակում, որովհետև Երուսաղեմում ձերբակալվածի և ամբաստանվածի դատը Երուսաղեմում պիտի լիներ։ Ի վերջո ոչ մի առիթով Գալիլիայի դատավորն իրավունք չուներ իր սահմանից դուրս, Երուսաղեմում, ատյան կազմել, դատավարություն կատարել և վճիռ արձակել։ Այդ բոլոր կետերը անծանոթ չէին կարող լինել հռոմեացի դատավորին։
    Իսկ եթե Պիղատոսը որոշել էր Հիսուսին Հերովդեսի մոտ ուղարկել, պարզապես անելանելի վիճակից մի կերպ դուրս գալու համար էր, անլուծելի տագնապն իր գլխից հեռացնել էր ուզում, նորից անմեղին դատապարտությունից խույս տալու հնարավորություն էր, որը հրեա ժողովրդի աչքին վատ չերևալու և սինեդրիոնին չկոտրելու մի ձև էր։ Մյուս կողմից, քանի որ քաղաքական կեղծ ու պատիր ամբաստանության ներքո՝ հրեաների կրոնին պատկանող մի կետ էր նկատվում, այն է՝ Մեսիայի ակնկալությունը և Երկնից Արքայությունը, ինչպես որ Հիսուս էլ ասել էր, Հերովդեսը, որպես հրեադավան և հրեական խնդիրներին հմուտ կարող էր ինչ-որ կերպ այդ խնդրից դուրս գալ, խնդրի շփոթությունները լուծել, իսկ եթե ոչ՝ խնդիրը վճռականորեն վերջացնել, գոնե Պիղատոսին անհրաժեշտ տեղեկությունները տալ, հեշտացնել գործի ելքը։ Ահա Պիղատոսի մտադրությունը և Հիսուսի     դատաստանն իրենից հեռացնելու համար գործադրած եղանակը։
Հրեաները չընդդիմացան դատի տեղափոխության համար՝ անշուշտ մտածելով, որ սինեդրիոնի մեջ պաշտոնապես արձակված որոշումները՝ հայհոյության ամբաստանությունը, մովսիսական օրենքի պահանջը կարող են ներկայացնել Հերովդեսին, վավերացնել տալ Հիսուսի մահապարտությունը, Հերովդեսի վկայությամբ ու որոշմամբ ստանալ Պիղատոսից պահանջված արտոնությունը։
    Իսկ Հիսուս բոլորովին ձայն չհանեց. ո՛չ բողոքեց և ո՛չ էլ հավանություն տվեց այդ տեղափոխությանը, թույլ տվեց, որ հակառակորդներն իրենց ատելությունը հագեցնեն։ Հերովդեսը, ում առջևն էր տարվում Հիսուս, Հերովդես Մեծի որդին՝ Հերովդես Անտիպասն էր, ում մասին հիշեցինք Հովհաննես Մկրտչի բանտարկության (Մատթ. 14:3-5) , սպանության (Մատթ. 14:6-12) և Հիսուսի նկատմամբ դրսևորած հետաքրքրության առիթով (Մատթ 11:1)։ Այդ հետաքրքրությունը դեռևս մնում էր Հերովդեսի մտքում և երբ իմացավ, որ Պիղատոսը Հիսուսին իր մոտ է ուղարկում, ուրախացավ, որ
վերջապես պիտի տեսնի նշանավոր ու հրաշագործ մարգարեին, պիտի լսի Նրա գրավիչ քարոզները, միանգամայն հուսալով, որ իր ներկայությամբ հաջողեցնի Նրան հրաշք գործել տալ։ Նրա համար համակիր և պատվավոր ընդունելության ձևեր մտածեց և այդպես ընդունեց Հիսուսին՝ հավանաբար Ասմոնյանց կոչված ապարանքում։
    Անշուշտ, նախ և առաջ խոսեց Պիղատոսի նշանակած պահակների գլխավորը, բացատրեց առաքման շարժառիթը։ Անշուշտ, քահանայապետերն ու դպիրներն սկսեցին իրենց ամբաստանությունը, չթաքցնելով Պիղատոսի առջև ասածները, նաև պարզելով հրեաների հայհոյության տեսակետը։ Բայց Հերովդեսի միտքն ու նպատակն այլ էր։ Արդեն քանի՜ տարի էր, որ «լսէր բազում անգամ զնմզնէ», և ժողովրդի խանդավառությունը տեսնելով՝ ինքն էլ «ցանկայր ի բազում ժամանակաց տեսանել զնա» բազմաթիվ ու նշանավոր հրաշքների պատմություններն ու վկայություններն իմանալով, «ակն ունէր նշան ինչ լեալ տեսանել ի նմանէ»։ Հետևաբար, ո՛չ ամբաստանությունների մեջ էր մտնում և ո՛չ էլ դատական հարցաքննության ձև էր տալիս, այլ հետաքրքրության և բարյացակամ խոսակցության ձևով «հարցնէր զնա բանիւք բազմօք»։ Այդ հարցերն Հիսուսի վարդապետության, աստվածային պաշտամունքի և գործած հրաշքների շուրջն էին պտտվում, և մեղմ առաջարկներ և հրավերներ էլ էին խոսվում, որպեսզի նույն տեղում մի հրաշք կատարեր, որով հաստատեր Իր ասածները և լռեցներ ամբաստանողներին։
    Ավետարանչի «բանիւք բազմօք» ասելը ցույց է տալիս, թե Հերովդեսը տարբեր խոսքերով և թախանձագին կրկնողություններով բավականին երկար խոսել է Հիսուսի հետ, որպեսզի կարողանար հասնել իր փափագին։ Բայց ինչ արեց ու ասաց, չկարողացավ հաղթել Հիսուսի անդրդվելի կամքին. Հիսուս ո՛չ խոսեց, ո՛չ վարդապետեց և ո՛չ էլ հրաշք գործեց։ Պատճառն էլ շատ հայտնի էր։ Հերովդեսի նպատակը ո՛չ վարդապետությունից օգտվելն էր և ո՛չ էլ հրաշքներով համոզվելը. պարզապես թատերական հանդեսի վայելքն էր կամենում իր համար ստեղծել։ Իսկ երկնային պատգամներն ու աստվածային հրաշքները երբեք չեն գործվում հետաքրքրասերներին հագուրդ տալու համար, այլ հոգևոր օգուտի։ Ինչպես նաև դրանք չեն կատարվում հրաշագործների արտաքին և ունայնամիտ հաճության, այլ հանրության հոգևոր օգուտի համար։
    Հիսուսի հաստատամիտ լռությունը ծանր թվաց Հերովդեսին, որ իր կամքն ամենքին հարգել տալու հավակնությունն ուներ և սկսեց զայրանալ Հիսուսի վրա և սրտմտել իր հուսախաբության համար։ Այս եղելությանը ներկա քահանայապետերն ու դպիրները, Հերովդեսի ստիպումներին ունկնդիր, տեսնելով Հերովդեսի զգացած վիրավորանքը, առիթը հարմար գտան՝ կրկնել ամբաստանությունները և Հիսուսին ներկայացնել որպես մեղապարտ ու մահապարտության արժանի։ «Պնդագոյն չարախօսէին»,- ասում է ավետարանիչը, հրեից մեղադրանքներին ամբաստանության ձև չտալու, այլ պարզապես զրպարտություն լիները հասկացնելու համար։
    Ինչպես արդեն տեսանք, Հերովդեսը Երուսաղեմում դատական վճիռ արձակելու իշխանություն չուներ։ Հետևաբար ամբաստանությունների, հանցապարտության և մահապարտության մասին ամենևին կարծիք չհայտնեց, այլ լոկ, իբր թե Հիսուսից արհամարհված, բավական համարեց ինքն էլ փոխադարձաբար Նրան արհամարհելն ու հրապարակավ խայտառակելը։ Իր պաշտոնյա և անձնապահ զինվորներին հրամայեց, որ Հիսուսին ճերմակ ու փառավոր հագուստ հագցնեն և նորից Պիղատոսին վերադարձնեն։ Դա ո՛չ վճիռ էր և ո՛չ էլ մահապարտության արժանի լինելու վկայություն, այլ պարզապես պիտի հայտներ Հիսուսի անարժեք և անկարևոր լինելը։
    Հիսուսի վրա ձգված «հանձերձս սպիտակս» ասվածը հունական բնագրում ասվում է «հանդերձս պայծաս», որ միանգամից ցույց է տալիս ճերմակությունն ու փառավորությունը։ Այն տեսակետը, թե ճերմակ զգեստը հիմարության ու ապուշության նշան է, թե Հերովդեսը կամեցել է Հիսուսին խենթի տեղ դնել, ոչ մի տեղ չի հաստատվում և որևէ մի տեղ չի նշվում, թե հիմարներին, ըստ սովորության, ճերմակ զգեստ էին հագցնում։ Ընդհակառակը, ճերմակ զգեստը մեծ պաշտոնյաների, հյուպատոսների և նույնիսկ թագավորների պաշտոնական զգեստն էր։ Այդ պարագայում եղած արհամարհանքը խենթի տեղ դնելը չէր հանդիսանում, այլ Հիսուսի թագավորությունն ու մեսիայությունը ծաղրելը, հասկացնելով, որ այդ մարդուց վախենալու պատճառ չկա, վնասակար և վտանգավոր անձնավորություն չէ, հավակնությանը կարևորություն չպետք է տալ, Նա արժանի է ծաղրի ու ծանակի, այլ ոչ թե պատժի ու մահվան։
    Հերովդեսը հրամայեց յուրայիններին, որ այդ ծաղրելի արդուզարդի ներքո Հիսուսին նորից Պիղատոսի մոտ վերադարձնեն և հայտնեն, թե ինքն ավելի ասելիք չունի, Հիսուսի վրա մահապարտության արժանի բան չի տեսել, թե Նա ավելի շուտ արգահատանքների արժանի մոլեռանդ է երևում, քան կասկած ու վախ ազդող մի գրգռիչ։
    Պիղատոսից Հերովդեսին և Հերովդեսից Պիղատոսին ուղարկվելը Հիսուսի գործին փոփոխություն չբերեց, հրեաների պահանջը ոչ մի քայլ առաջ չգնաց։ Սակայն ուղղակի հետևանք ունեցավ. Պիղատոսն ու Հերովդեսը միմյանց բարեկամ դարձան։ Հռոմեացի դատավորի և հրեա թագավորի միջև հեռվից մի սառնություն կար, միմյանց հետ վարվում էին նախանձով ու թշնամությամբ։ Անշուշտ, Պիղատոսը ցանկանում էր ճոխանալ իր իշխանության ընդարձակությամբ, իսկ Հերովդեսը կամենում էր հպարտանալ իր տիտղոսի առավելությամբ։ Միմյանց սահմանակից լինելով և շատ գործերում էլ միմյանց հետ փոխադարձաբար շփվելով՝ միմյանց հետ հակառակություններ վարելու առիթներ էլ էին ունենում։ Պիղատոսի ընթացքը Հերովդեսի կողմից ընդունվեց իբրև զիջում և իր աստիճանի նկատմամբ դրսևորած հարգանք. սիրտը գրավվեց, ինքն էլ փոխադարձաբար Հիսուսին Պիղատոսին վերադարձնելով, նրա նկատմամբ հարգանք ու պատվասիրություն ցույց տվեց։ Երկուսը միմյանց նկատմամբ փոխվեցին, հարաբերությունները շտկվեցին և այդ առթիվ «» միմյանց։ Հիսուս անուղղակիորեն միջնորդ եղավ այդ փոխադարձ բարեկամությանը, որովհետև երկու հարևան իշխանավորների անհամաձայնությունից հանրությունն է, որ միշտ տուժում է։