Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:1

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

1-2. «Այդ ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը»: «Եվ իր ծառաներին ասաց. «Նա Հովհաննես Մկրտիչն է. մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա միջոցով հրաշքներ (զորություններ, զորավոր գործեր) են կատարվում»։
   
    «Այդ ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը» - Հերովդես թագավորը՝ այստեղ հիշատակված Հերովդես չորրորդապետի հայրը, որը և սպանել էր մանուկներին, այդ ժամանակ արդեն իսկ մահացել էր։ Ավետարանիչը միտումնավոր նշում է «այդ ժամանակը», որպեսզի դու տեսնես այդ կառավարչի (Հերովդես չորրորդապետի) ունայնամտությունն ու անփութությունը, որը Քրիստոսի գործերի մասին իմանում է ոչ թե սկզբում, այլ բավականին երկար ժամանակ անցնելուց հետո։ Այսպիսով, իշխանություն և մեծապատվություն ունեցող մարդիկ, սակավ հարգանք ունենալով նման հարցերի նկատմամբ, ուշ են իմանում դրանց մասին։ Բայց դու իմացի՛ր առաքինության զորությունը. Հերովդեսը վախենում է նույնիսկ մեռած Հովհաննեսից. իր վախի պատճառով նա անգամ մտորում է հարության մասին։ «Եվ նա ասաց, - ասում է ավետարանիչը, - իր ծառաներին. «Նա Հովհաննեսն է. մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա միջոցով հրաշքներ (զորություններ, զորավոր գործեր) են կատարվում» (2-րդ համար)։ Տեսնո՞ւմ ես, թե որքան ուժեղ է նրա վախը։ Նանույնիսկ հիմա չի համարձակվում դա հրապարակայնորեն ասել, այլ ասում է միայն իր պալատականներին։ Սակայն հենց այդ ենթադրությունն ինքնին կոպիտ և անհեթեթ է։ Չնայած շատերն են հարություն առել մեռելներից, ոչ ոք նման հրաշքներ չի գործել։ Ինձ թվում է, որ Հերովդեսի ասածը բխում էր և՛ նրա փառասիրությունից, և՛ վախից։ Իրոք, հոգին, որը չի կառավարվում բանականությամբ, հաճախ օթևան է դառնում հակասական կրքերի համար։ Այսպես, ըստ Ղուկասի ավետարանչի, ժողովուրդը Քրիստոսի մասին ասում էր, թե նա Եղիան է, կամ Երեմիան, կամ էլ նախկին մարգարեներից մեկը (տե՛ս Ղուկ․ 9։8), բայց Հերովդեսը, համեմատաբար ավելի խելամիտ գտնվելով, քան մյուսները, Հիսուսին անվանեց Հովհաննես։ Հավանաբար, երբ նախկինում ուրիշները Հիսուսին ճանաչել են որպես Հովհաննես (իսկ այդպես մտածողները ժամանակին շատ-շատ էին), Հերովդեսը պարծենկոտությամբ և ամբարտավանությամբ հերքել է նման լուրերը՝ ասելով. «Ես սպանեցի Հովհաննեսին»։ Մարկոսն ու Ղուկասը Հերովդեսին են վերագրում այս խոսքերը. «Հովհաննեսին ես գլխատեցի․․․» (Մարկ. ​​6։16, Ղուկ. 9։9)։ Սակայն երբ այդ մասին լուրերն ավելի ահագնացան, Հերովդեսը նույնպես սկսեց խոսել ժողովրդի նման։ Այնուհետև ավետարանիչը պատմում է դեպքի մասին։ Ինչո՞ւ նա այն ավելի վաղ չէր նկարագրել։ Որովհետև ավետարանիչների միակ նպատակն էր խոսել Քրիստոսի գործերի մասին, և նրանք ավելորդ կամ անտեղի ոչինչ չէին ասում, այլ միայն այն, ինչը կարող էր նպաստել իրենց գլխավոր նպատակին։ Հետևաբար, նույնիսկ այժմ  նրանք չէին հիշի այս դեպքը, եթե այն չվերաբերեր Քրիստոսին, և Հերովդեսը չասեր, որ Հովհաննեսը հարություն է առել մեռելներից։ Մարկոս ավետարանիչը նշում է, որ Հերովդեսը մեծապես հարգում էր Հովհաննեսին, չնայած նրան, որ վերջինիս հանդիմանել էր իրեն (տե՛ս Մարկ․ ​​6։20)։ Ահա թե ինչպիսին է առաքինության զորությունը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց.
   
    Այդ ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավի մասին:

    Պետք է նախ քննել, թե ինչո՛ւ ավետարանիչը Հովհաննես [Մկրտչին] վերաբերող բաներն ավելի շուտ չպատմեց, այլ [պատմում է] այժմ, երբ տարածվել է [Հիսուսի] համբավը: Պետք է գիտենալ, որ [ավետարանիչների] խոսքերն ամբողջությամբ Քրիստոսի մասին էին և մի ուրիշ բան ավելի արժեքավոր չէին համարում, որ պատմեն, և եթե ինչ-որ պատճառով հիշում էին մեկին, միևնույն է, խոսքի նպատակը դարձյալ [Քրիստոսն] էր: Այդպես էլ այժմ Հովհաննեսի հետ կատարվածները ոչ այլ բանի համար է [ավետարանիչը] հիշատակում, եթե ոչ՝ կամենալով Քրիստոսի մասին հայտնել: Ուստիև ասում է. «Այդ ժամանակ…ե: Հենց այնպես չէ, որ նշում է ժամանակը, այլ որպեսզի հասկանաս այդ իշխանի հպարտությունն ու ծուլությունը, որ ավելի առաջ չկամեցավ Նրա մասին լսել, այլ երկար ժամանակից հետո, որովհետև այդպիսին են իշխանները. իրենց հարստությամբ տար-ված՝ ուշ են տեղեկանում հարկավոր բաների մասին՝ խիստ անփույթ գտնվելու պատճառով:

    «Հերովդես չորրորդապետը լսեց»,- ասում է [ավետարանիչը]: Սա այն Հերովդեսը չէ, որ [Բեթղեհեմի] մանուկներին կոտորեց, այլ նրա որդին: Այն Հերովդեսը Ասկալոնացի Անթիպատրոսի որդին էր, ով հրեական իշխանությունների վերացումից հետո՝ ըստ Հակոբի մարգարեության (Ծննդ. 49), հեթանոսներից առաջինն էր, որ այդ ազգի վրա թագավորեց, և այդ ժամանակ ծնվեց Քրիստոսը: [Այդ Հերովդեսը] չորս կին առավ և չորրորդ կնոջից ունեցավ այս Հերովդեսին ու սրա եղբայր Փիլիպպոսին: Ոմանք ասում են, թե այս պատճառով է [ավետարանիչը նրան] «չորրորդապետե կոչում: Բայց մենք ստուգապես քննեցինք [և իմացանք], որ [առաջին Հերովդեսն] ունեցավ չորս որդի՝ Արքեղայոսին, Լյուսինասին, Հերովդեսին ու Փիլիպպոսին, և իր վախճանից հետո իշխանությունը բաժանեց իր չորս որդիների միջև: Արքեղայոսին կարգեց Հրեաստանի թագավոր (սրա վախճանից հետո սրա տեղը գրավեց Պոնտացի Պիղատոսը), երկրորդ բաժնին՝ աբելենացիների կողմերին, տիրեց Լյուսինասը, երրորդին՝ իտուրացիների ու տրաքոնացիների երկրին՝ Փիլիպպոսը, և չորրորդին՝ գալիլեացիների գավառին՝ Հերովդեսը: Ուստի Ղուկասը [ևս] սրանց «չորրորդապետե է կոչում (Ղուկ. 3։19, 9։7), որովհետև [յուրաքանչյուրը] տիրացավ ու իշխեց չորս մասերից մեկին, ինչպես և ասում է [Մատթեոսը]. «Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավի մասինե, այսինքն՝ Հիսուսի գործերի ու կյանքի համբավի:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

1-2․ Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. «Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»:
   
    «Այն ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը և ասաց. «Նա՛ է Հովհաննես Մկրտիչը. մեռելներից հարություն է առել և դրա համար նրա միջոցով զորավոր գործեր են լինում»:
    Հավատացյալների մեջ [առկա են] զորություններ, [համաձայն հետևյալ խոսքի]՝ «Որովհետև ով ունի, նրան պիտի տրվի և պիտի ավելացվի» (Մատթ. 13։12)՝ հաղթելու համար անհավատության զորությունը: Հետևաբար, զորություններ լինում են նաև անհավատների մեջ, թեպետև ոչ շատ: Եվ դու տես, որ ընդդիմադիր զորությունները նախ Հերովդեսին մղեցին Հովհաննեսի դեմ, ճանաչելով նրան որպես Աստծու Որդու առջևից ընթացող, և ապա Հուդային և քահանայապետերին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

1-2. Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. «Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:1