Սուրբ Եփրեմ Ասորի
Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»:
Քանի որ Հակոբոսն ու Հովհաննեսը Տիրոջ հետ տեսան Մովսեսին և Եղիային, ուստի ցանկությամբ բոցավառվեցին և ասացին՝ «լեռան վրա հայտնվածների նման «մեզ էլ շնո՛րհ արա, որ քո փառքի մեջ նստենք․ մեկս՝ քո աջում, և մյուսս՝ ձախում: Ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար։ Եվ նա նրանց ասաց. «Կանեմ ձեզ համար» (Մարկ. 10։35-36), և չարեց: Սա ասաց ոչ թե նրա համար, որ չգիտեր նրանց խնդրանքը, այլ քանի որ գիտեր, որ նրանք կլռեն, եթե Ինքը չխոստանա [ու չասի]՝ «կանեմ ձեզ համար» (Մարկ. 10։36)։ Այսպիսով՝ նա այն բանի համար սա ասաց, որպեսզի առանց հապաղելու հայտնեն իրենց շուրթերին եղած խնդրանքը: Բայց այն բանից հետո, երբ նրանք և մյուսները բացահայտեցին իրենց մտքերը, Նա սկսեց բոլորին միասնաբար ճիշտ ճանապարհը ցույց տալ: Քանի որ Տերը բացահայտորեն՝ բոլոր ընկերների առաջ հարցրեց, և (քանի որ վերջիններս) տխրեցին, ուստի Նա մերժեց նրանց խնդրանքը և չտվեց այն, ինչ խնդրում էին, որպեսզի թշնամություն չգցի նրանց մեջ: Տերը տեսավ, որ աշակերտներն անխոհեմաբար էին խնդրել, քանի որ արդեն կանխապես բավարարել էր նրանց բոլոր պահանջները: Ի վերջո, եթե ճշմարիտ չլիներ Նրա առաջին խոստումը, ապա այդպիսին չէր լինի ո՛չ երկրորդը և ո՛չ էլ երրորդը: Եթե ճշմարիտ լիներ, ապա Նա, անկասկած, կտար: Նա Սիմոնին տվեց նրա խնդրածը, բայց մերժեց Հակոբոսին ու Հովհաննեսին, քանի որ «մեզ հետ ի՞նչ կլինի» (Մատթ. 19։27) ասելով՝ Սիմոնը բոլորի համար էր խնդրում, այլ ոչ թե միայն «իր»: Ի վերջո, եթե Սիմոնը խնդրեր միայն իր համար, ապա Տերը նրան նույնպես կմերժեր: Բայց Սիմոնը խնդրեց բոլորի համար, և Տերը տվեց բոլորին, և ոչ ոք չտխրեց Սիմոնի խնդրանքից, իսկ նա ուրախացրեց բոլորին: Բացի այդ, Տերը մերժեց նրանց խնդրանքը նաև այն պատճառով, քանի որ նրանց համար օգտակար չէր այդ ժամանակ ստանալ իրենց խնդրածը։ Այլ բան էր այն, որ նրանք դա լսում էին Տիրոջ բերանից, և մեկ այլ բան էր այն, երբ իրենք էին դրա համար աղաչում Նրան: Որովհետև Նա նրանց ասում էր. «Ահավասիկ, Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդուն պիտի տանեն ու խաչը հանեն» (Մատթ. 20։18): Բայց, թողնելով այն սերը, որ ունեին Նրա հանդեպ, և որով Նրա հետ պետք է նախատինքի ու մահվան համբերեին, երկու աշակերտները սկսեցին ցույց տալ այն սերը, որը Նրա հանդեպ նրանք ունեին հանուն իրենց անձերի, քանզի ասում էին․ «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մեկս՝ քո աջում, և մյուսս՝ ձախում՝ քո փառքի մեջ»:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:35
Թեոֆիլակտ Բուլղարացի
36-37. Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»: Եւ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մէկս՝ քո աջում եւ միւսս՝ ձախում, քո փառքի մէջ»:
Ի՞նչ են նրանք խնդրում: Քրիստոսի՝ Երուսաղեմ բարձրանալը, որի մասին Տերը խոսել էր աշակերտների հետ, նրանք հետևյալ ձևով էին հասկացել՝ Նա գնում է ընդունելու զգայական թագավորությունը և միայն թագադրվելուց հետո է կրելու իր կանխատեսած տառապանքները: Այսպես մտածելով՝ նրանք Քրիստոսի աջ ու ձախ կողմում նստել են խնդրում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: