Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 2:17

Մաղաքիա արք. Օրմանյան

Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:13
   

Սուրբ Գրիգոր Նյուսացի

Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին»:
   

    Վիրահատության դանակը վերացնող և  մարմնի վրա անբնական կերպով հայտնված ուռուցքներն ու գորտնուկները հեռացնողները՝ այդ բարերար բուժումը առանց ցավի չեն անում, սակայն նրանց կողմից արված այդ կտրվածքները մարդուն չեն վնասում: Ճիշտ նույն կերպ է նաև նյութական ավելցուկների պարագայում, որոնք, միանալով կրքերին, խեղաթյուրում են մեր կարծրացած հոգիները (Ա Կորնթ․ 3:1–3, Գաղատ․ 3:3, 5:13–26, Հռոմ․8:5–8, 13, Ա Պետ․ 2:11–12, Ա Հովհ․ 2:16)։ Դատաստանի օրը դրանք կկտրվեն և կքերվեն Նրա անճառելի իմաստությամբ, Ով, համաձայն Ավետարանի խոսքի, բուժում է հիվանդներին: Որովհետև, ինչպես ասվեց, ոչ թե առողջներին է բժիշկ անհրաժեշտ, այլ չարից վնաս կրածներին: Հոգու ուժեղ կերպով չարին ընտելանալու պատճառով է, որ այս ապաքինումը  ուռուցքները կտրելու նման  ցավ է պատճառում մաշկին:
   

Սուրբ Կղեմես Հռոմեացի

Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին»:

   

    Մեծությունը և հրաշքը  այն են, որ ամրացնի ոչ թե կանգնածին, այլ ընկածին: Այսպես էլ Քրիստոս էր ցանկանում փրկել կորուսյալին (Մատթ․ 18:11,  Ղուկ․ 19:10)  և գալով ու արդեն կորսվածներիս կանչելով՝ շատերին փրկեց։

 

Սուրբ Իրինեոս Լիոնացի

Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին»:

   

    Հիվանդին բուժել փորձող բժիշկներից ո՞վ է վերջինիս քմահաճույքներին և ոչ թե բժշկության պահանջներին համապատասխան գործել սկսում: Այսպիսով՝ Տերը,  «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ  հիվանդներին, և ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ  մեղավորներին» ասելով,   անձամբ է վկայում, որ Ինքը եկել է հանուն հիվանդների։ Բայց ինչպե՞ս կառողջանան հիվանդները, և ինչպե՞ս կզղջան մեղավորները: Արդյո՞ք իրենց մեջ անսասան մնալու, կամ, ընդհակառակը, զգալիորեն իրենց կյանքի ձևը փոխելու միջոցով նրանք ավելորդ հիվանդություններ ձեռք չբերեցին ու շատ մեղքեր չգործեցին: Բոլոր մեղքերի մայր տգիտությունը ոչնչացվում է գիտելիքների միջոցով: Հետևաբար, Տերն իր աշակերտներին տվեց նաև այն գիտելիքները, որոնց միջոցով Նա բուժում էր տառապողներին և մեղքերից հեռու էր պահում մեղավորներին:
   

Օգոստինոս Երանելի

Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին»:

   
    Նա ասաց, որ արդարները առողջ են, իսկ մեղավորները հիվանդ են: Հիվանդը հույսը դնում է միայն իր ուժի վրա, բայց նաև պետք է հիշել Սաղմոսում ասվածը․  «Հսկան իր մեծ ուժով չի փրկվի» (Սաղմ․ 32:16)։ Որովհետև եթե նույնիսկ հիվանդի մոտ ուժեր են հայտնվում, ապա դրանք ոչ թե առողջների, այլ խենթերի ուժերն են: Խենթ մարդիկ, թեև հիվանդ են, սակայն իրենց առողջ են համարում և, հետևաբար, չեն դիմում բժշկի, այլ, ընդհակառակը, երբեմն նույնիսկ բռունցքով հարձակվում են նրա վրա: Նույն կերպ էլ  իրենց ամբարտավանությամբ նրանք հալածում էին Քրիստոսին՝ կարծելով, որ Նրա  օգնությունը անհրաժեշտ չէ նրանց, որոնք օրենքի պատվիրաններում արդարություն են փնտրում: Հետևաբար, թող դադարեցնեն խենթությունը, թող հասկանան, որ իրենց կամքն ազատ է ոչ թե հպարտությամբ Նրա օգնությունը մերժելու համար, այլ բարեպաշտությամբ նրանց Տիրոջը կանչելու հնարավորություն տալու համար: Կամքը ազատ է դառնում վերականգնման և, աստվածային շնորհին ու ողորմությանը հանձնվելով,  բուժման դեպքում։

    Աղոթեք մեզ համար, որպեսզի փրկվենք այն փրկությամբ, որի մասին ասվում է. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին: Քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ  մեղավորներին» (Մատթ․ 9:12)։ Հետևաբար, աղոթե՛ք մեզ համար, որպեսզի մենք արդար դառնանք: Սա մարդու համար անհասանելի է մնում այնքան ժամանակ, քանի դեռ նա ինքը չի իմանում դրա մասին և չի ցանկանում այն, սակայն անմիջապես տեղի է ունենում, երբ մարդը լցվում է ցանկությամբ: Այնուամենայնիվ, դա նրա մեջ չի կատարվում այնքան ժամանակ, քանի դեռ Սուրբ Հոգու շնորհը օգնության չի հասնում և չի բուժում նրան։