Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ես՝ Դանիէլս, առաջին տեսիլքից յետոյ, Էլամի երկրում գտնուող Շօշ ապարանքում էի՝ Ուբաղ գետի մօտ:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
Ա. Լոպուխին
«Եվ ես տեսիլքի մեջ տեսա, և երբ տեսնում էի, ես Շուշայում էի՝ Էլամի շրջանի աթոռանիստ քաղաքում, և տեսիլքում տեսա, որ ես կարծես Ուլայ գետի մոտ էի»։ (Սինոդական թարգ․) [2]
Մարգարեն տեսիլքը ստացավ Սուսայում՝ Ուբաղ գետի ափին: Ըստ որոշ էկզեգետների (Բերտոլդ, Կյունեն, Կորնելի, Քնաբենբաուեր)՝ Դանիելն իսկապես եղել է Սուսայում։ Նաբոնիդի և Բաղդասարի օրոք նա այստեղ է հանգրվանել։ Ըստ այլոց (Սմիրնով, Պեսոցկի)՝ նրան միայն թվացել է, որ ինքը Սուսայում է: Նա հոգևորապես է այնտեղ եղել (Եզեկ. 8։3, 40։2), այլ ոչ թե ֆիզիկապես: Սակայն մարգարեի մտովի ներկայությունը թույլատրելի է միայն Ուբաղի պարագայում, ինչպես այդ մասին վկայում է այս համարի հետևյալ արտահայտությունը. «Եվ ես տեսիլքում տեսա, ասես Ուբաղ գետի ափին էի»: Ի տարբերություն սրա՝ Սուսայի վերաբերյալ նա ասում է. «Եվ երբ տեսա, ես Սուսայում էի»: Էլամ կոչվող երկիրը կամ շրջանը, որի գլխավոր քաղաքը Սուսան էր, իր անվանումը ստացել է Սեմի որդիներից մեկի անունից (Ծննդ. 10։22): Սուսան հետագայում բազմիցս հիշատակվում է Աստվածաշնչում (Ծննդ. 14։1, Ես. 21։2, 22։6–7, Եզեկիել գլուխ 32 և այլն), իսկ սեպագիր արձանագրություններում այն հայտնի է տարբեր անուններով. հին աքքադերեն՝ «Նումակի», ասորերեն՝ «Քիսսի և Իլամա», պարսկերեն՝ «Ույագա» («լեռնային երկիր»)։ Այն Տիգրիսի և Եփրատի գետաբերանների հյուսիս–արևելքում էր՝ Զագրոսի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջին: Հին ժամանակներում որպես հզոր պետություն ներկայանալով՝ Էլամը առաջին անգամ պարտություն կրեց Ասորեստանի Աշուրբանիպալ թագավորից, իսկ հետո, ի թիվս այլ շրջանների, նվաճվեց Նաբուգոդոնոսորի կողմից (Երեմ. 25։25, 49։34, Եզեկ. 32։24) և դարձավ Բաբելոնյան կայսրության մաս: Դրա գլխավոր քաղաք Սուսան, ըստ Ստրաբոնի, հիմնադրվել է Տրոյայի պաշարման ժամանակակներում ապրած Թիֆոնի՝ Մեմնոնի հոր կողմից, որը հիշատակվում է Աշուրբանիպալի արձանագրություններից մեկում: «Ես,− ասում է նա,− բաբելոնյան Էրեկ քաղաք վերադարձրի Նանա աստվածուհու պատկերը, որը 1635 տարի առաջ այնտեղից որպես պատերազմական ավար Սուսա էր տարել Էլամի թագավոր Կուբուր–Նաիհունդին»: Կյուրոսի ժամանակ Սուսան պարսկական արքաների գարնանային նստավայրն էր, իսկ Դարեհ Հիստասպի օրոք վերածվեց մայրաքաղաքի: Դրանք տեղակայված էին Ուբաղ գետի ափին, որը հույներին և հռոմեացիներին հայտնի է Եվլեյա անվան ներքո (ներկայիս Կարունն է, որը Սուսայից արևելք է):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ես՝ Դանիէլս, առաջին տեսիլքից յետոյ, Էլամի երկրում գտնուող Շօշ ապարանքում էի, Ուբաղ գետի մօտ:
(Արարատ թարգ․ 8։2) Եվ ես տեսիլքի մեջ տեսա, որ ես Շուշան մայրաքաղաքում էի, որ գտնվում է Եղամի գավառում։ Եվ տեսիլքում տեսա, որ Ուլայ գետի մոտ էի։
(Գրաբար) էի’ի Շաւշ յապարանսն՝ որ է յերկրին Էլամայ, և կայի’ի վերայ Ուբաղայ։
Պատմամշակութային մեկնություն
Աշխարհագրություն: Ուբաղ գետը Էլամի նախկին մայրաքաղաք Սուսա (հայերեն տարբերակում այս քաղաքի անունը «Շոշ» է) քաղաքի շրջակայքում է՝ Բաբելոնից մոտ 200 մղոն հեռավորության վրա: Ժամանակի ընթացքում այս քաղաքը դառնում է պարսիկ Աքեմենյանների տոհմից սերող արքաների նստավայրը, ուստի Դանիելի տեսիլքում նկարագրվող գործողությունների համար ընտրված վայրի պարագան միանգամայն հասկանալի է: Փաստացի, Ուբաղ «գետը» եղել է քաղաքի հյուսիսում գտնվող մի ջրանցք, ինչի մասին հիշատակվում է ինչպես սեպագրերում, այնպես էլ հունական աղբյուրներում: Գուցե Դանիելն իսկապես ուղևորություն է կատարել դեպի Սուսա, թեև ավելի հավանական է, որ նա այնտեղ տեսիլքով է տեղափոխվել, ինչպես մի ժամանակ դա պատահել է Եզեկիելի հետ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: