Դանիելի մարգարեության մեկնություն 2(1):1

Ա. Լոպուխին

«Հուդայի թագավոր Հովակիմի թագավորության երրորդ տարում Նաբուգոդոնոսորը՝ Բաբելոնի թագավորը, եկավ Երուսաղեմ և պաշարեց այն»։(Սինոդական թարգ․) [1]

   

   Դանիել մարգարեի կյանքի մասին Աստվածաշնչում նշվող առաջին պատմական փաստը նրա՝ Բաբելոնում  գերեվարվելն է (3–6), ինչը ժամանակային առումով համընկնում է «Հուդայի արքա Հովակիմի թագավորության երրորդ տարում» տեղի ունեցած Նաբուգոդոնոսորի կողմից Երուսաղեմի նվաճման հետ: Դանիելի գրքի բոլոր հնագույն թարգմանություններում հանդիպող այս տարեթիվը հակասում է Երեմիա մարգարեի վկայություններին: Վերջինիս մոտ Նաբուգոդոնոսորի կողմից Երուսաղեմի գրավումը չի թվագրվում ոչ Հովակիմի թագավորության երրորդ և ոչ էլ նույնիսկ չորրորդ տարով: Երեմիայի այդ տարով թվագրվող մարգարեական ճառում Նաբուգոդոնոսորի Հրեաստան ներխուժման վերաբերյալ խոսվում է որպես ապագայում սպասվելիք իրադարձության մասին (Երեմ. 25։1, 9): Սա համարվում է յոթանասունամյա գերության սկիզբը (11–12)։ Հետևաբար, ժամանակային առումով սա քաղդեացիների կողմից դեպի Հրեաստան կատարած առաջին արշավանքն է, որն էլ տեղի է ունեցել ոչ ավելի վաղ, քան Հովակիմի թագավորության չորրորդ տարում: Նույն եզրակացությանն է հանգեցնում նաև Երեմիայի մարգարեության 25։15–26–րդ համարների ու 46–րդ գլխի  համեմատությունը: Առաջին հատվածում խոսվում է հրեաների հետ միասին նաև այլ ազգերի, սկսած եգիպտացիներից, Նաբուգոդոնոսորին ենթակա լինելու մասին, որը, ըստ երկրորդ ցուցման, լինելու է Կարքեմիշի ճակատամարտից հետո: Եվ քանի որ վերջինն ընկնում է հրեաների արքա Հովակիմի թագավորության չորրորդ տարում (Երեմ. 46։2), ուստի, ակնհայտ է, որ մինչ այդ Հուդան և Երուսաղեմը չեն ենթարկվել բաբելոնացիների արշավանքին:

   Նշված անհամաձայնությունը վերացնելու ամենահուսալի միջոցներից մեկը էկզեգետները համարում են 1–ին համարի ընդունված թարգմանությունից մի փոքր տարբերվող թարգմանությունը: Հատկապես, հիմնվելով այն փաստի վրա, որ եբրայերեն «օբ» (այս պարագայում թարգմանվել է «եկավ» արտահայտությամբ՝ «երրորդ տարում եկավ Նաբուգոդոնոսորը») բայը նաև նշանակում է «ճանապարհ ընկնել, սկսել, ուղղություն վերցնել» (Հովն. 1։3, Ծննդ. 37։10, Ելք. 6։11, Ես. 9։1, 10։1, Թվեր. 32։6 և այլն), ուստի այս ամբողջ հատվածը հետևյալ կերպ են կարդում. «Հուդայի արքա Հովակիմի թագավորության երրորդ տարում, Բաբելոնից Նաբուգոդոնոսորը արշավեց դեպի Երուսաղեմ և պաշարեց այն»։ Այսպիսով՝ Դանիել մարգարեն նշում է միայն արշավանքի սկիզբը, իսկ հետո ցույց է տալիս դրա արդյունքը, սակայն չի հստակեցնում ո՛չ Նաբուգոդոնոսորի Երուսաղեմ հասնելու ժամանակը  և ո՛չ էլ քաղաքի պաշարման տևողությունն ու ավարտը: Ըստ այլ մեկնաբանների (Ռաշի, Սաադիաս)՝ Հովակիմի թագավորության երրորդ տարվա ներքո նկատի է առնվում վերոնշյալ արքայի Նաբուգոդոնոսորին դավաճանելու երրորդ տարին (Դ Թագ. 24։2): Բայց այդպիսի ըմբռնումն անհամատեղելի է աստվածաշնչյան «Հովակիմի թագավորության չորրորդ տարում» արտահայտության հետ: Այս արտահայտությունը վերաբերում է  գահին բարձրանալու երրորդ տարվան, այլ ոչ թե անկախությունը վերականգնելու փորձին հաջորդած երրորդ տարվան:
--------------------------------
[1] (Էջմիածին թարգ․) Յուդայի երկրի Յովակիմ արքայի թագաւորութեան երրորդ տարում բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկաւ Երուսաղէմ
(Արարատ թարգ․ 1։1) Հուդայի թագավոր Հովակիմի թագավորության երրորդ տարում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ Երուսաղեմ և պաշարեց այն։
(Գրաբար) Յամին երրորդի թագաւորութեանն Յովակիմայ արքայի Յուդայ. ե՛կն Նաբուքոդոնոսոր արքայ Բաբելացւոց յԵրուսաղէմ, և պաշարեաց զնա։
   
Պատմամշակութային մեկնություն

   Ժամանակագրություն: Հովակիմի թագավորության երրորդ տարին համապատասխանում է մ.թ.ա. 606–605 թվականներին: (Սա հիմնվում է Տիշրի ամսով սկսվող օրացույցի վրա: Այս մասին ընթերցի՛ր նաև Երեմ. 32։1 համարի մեկնաբանությունը: Թագավորի գահակալման տարվա վրա հիմնված ժամանակագրական համակարգի մասին ընթերցի՛ր Դան. 2։1 համարի մեկնաբանությունը): Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը դեռ թագաժառանգ էր և ղեկավարում էր այն ռազմական արշավները, որոնք նախաձեռնել էր Նաբուպալասարը, որը մահացավ նույն տարվա օգոստոսի կեսերին: Մ.թ.ա. 605 թվականի ամռան սկզբին Նաբուգոդոնոսորն իր մեդացի դաշնակիցների հետ  Կարքեմիշի ճակատամարտում գրավեց ասորական իշխանության վերջին հենակետը: Դրանից հետո Բաբելոնը և Մեդիան Ասորական կայսրությունը բաժանեցին իրար մեջ: Նաբուգոդոնոսորը խաղադրույք կատարեց Սիրիայի համար և բնակություն հաստատեց այնտեղ գտնվող Ռեբլայում (այս մասին ընթերցի՛ր նաև Դ Թագ. 23։33 համարի մեկնաբանությունը),  որտեղ նա սկսեց հարկ հավաքել իր նոր վասալներից: Հրեաստանը  Բաբելոնին բաժին հասած տարածքում էր և մ.թ.ա. 604 թվականի վերջին Նաբուգոդոնոսորը վերադարձավ այնտեղ: Նախքան մ.թ.ա. 597 թվականը բաբելոնացիների կողմից Երուսաղեմի պաշարման վերաբերյալ փաստեր չկան, բայց այս համարի լեզուն այնքան ընդհանուր բնույթ ունի, որ թույլ է տալիս տարբեր մեկնաբանություններ կատարել:

   Հովակիմ։ Հովակիմը՝ Հովսիա թագավորի երկրորդ որդին, գահ բարձրացվեց եգիպտական ​​փարավոն Նեհաոյի կողմից, որը ցանկանում էր իր վերահսկողությունը հաստատել Սիրիայի և Պաղեստինի վրա: Երբ Հովսիան սպանվեց ճակատամարտում, ժողովուրդը թագավոր դարձրեց նրա որդի Հովաքազին, որը պատկանում էր հակաեգիպտական ​​խմբավորմանը: Հովաքազը կառավարեց երեք ամիս (մինչ Նեհաոն զբաղված էր Խառանում), որից հետո փարավոնը գահընկեց արեց նրան և որպես գերի ուղարկեց Եգիպտոս: Նրա տեղը զբաղեցրեց Հովակիմը, որը հայտնի էր իր եգիպտամետ կողմնորոշմամբ, և դա հույս էր ներշնչում, որ նա կդառնար Եգիպտոսի հնազանդ վասալը: Իրավիճակը արմատապես փոխվեց, երբ Կարքեմիշի մոտ տարած հաղթանակից հետո տարածաշրջանը անցավ Նաբուգոդոնոսորի վերահսկողության ներքո: Մի քանի տարի Հովակիմը հարկադրաբար ծառայեց որպես վասալ, բայց մ.թ.ա. 601 թվականին Նաբուգոդոնոսորի՝ Եգիպտոս ներխուժելու ձախողված փորձից հետո՝ խզեց հարաբերությունները Բաբելոնի հետ և սկսեց Եգիպտոսի աջակցությունը փնտրել: Հովակիմի անհնազանդությունը ճակատագրական եղավ և հանգեցրեց մ.թ.ա. 597 թվականին տեղի ունեցած բաբելոնյան բանակների կողմից Երուսաղեմի պաշարմանը (այս մասին ընթերցի՛ր Դ Թագ. 24։10–11 համարների մեկնաբանությունները):