Ա. Լոպուխին
«Եվ քաղդեաները արամեերենով ասացին թագավորին. «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր, քո ծառաներին պատմի՛ր երազը, և մենք կբացատրենք դրա նշանակությունը»»։ (Սինոդական թարգ․) [4]
Իմաստուններն իրենց ելույթները սկսում էին Արևելքում թագավորի հետ խոսելիս սովորաբար օգտագործվող «Արքա՛, թող քո կյանքը հավիտյան լինի» ողջույնով (Ա Թագ. 10:24, Գ Թագ. 1:31, Նեեմի. 2:3, Դան. 3:9, 5:10): Նրանք համոզված էին, որ իրենք հրավիրվել էին թագավորին քաջ հայտնի երազը բացատրելու համար:
--------------------------------
[4] (Էջմիածին թարգ․) Աստղագուշակները ասորերէն լեզուով խօսեցին թագաւորի հետ եւ ասացին. «Արքա՛յ, թող քո կեանքը յաւիտեան լինի: Դու երազդ ասա՛ քո ծառաներին, եւ մենք կը մեկնենք այն»:
(Արարատ թարգ․2։4) Եվ քաղդեաները արամեերենով ասացին թագավորին. «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր, քո ծառաներին պատմի՛ր երազը, և մենք կասենք մեկնությունը»։
(Գրաբար) Եւ խօսեցան քաղդեայն ընդ թագաւորին Ասորերէն. Արքայ յաւիտեա՛ն կեաց. ասա՛ դու զերազն ծառայից քոց, և զմեկնութիւն նորա ասասցո՛ւք։
Պատմամշակութային մեկնություն
Արամեերեն: Իմաստունների թագավորին արամերենով դիմելն ամենևին էլ անսովոր երևույթ չէր, քանի որ դա կայսրության պետական լեզուն էր: Այս համարից սկսած մինչև 7–րդ գլխի վերջը՝ Դանիելի գիրքը գրված է արամեերենով և ոչ թե հին եբրայերենով: Այս երկու լեզուներն օգտագործում էին նույն այբուբենը, այնպես որ եթե ժամանակակից ընթերցողն այս լեզուներով գրված տեքստի բեկորները համեմատելու հնարավորություն ունենա, ապա դժվար թե տարբերությունը նկատի:
Երազի մեկնաբանություն: Սովորաբար, երազների մեկնաբանությամբ զբաղվում էին համապատասխան գրականությունը մանրակրկիտ ուսումնասիրած մասնագետները: Մեր ունեցած տեղեկատվությունը գալիս է հիմնականում ոչ թե Եգիպտոսից, այլ Միջագետքից: Ե՛վ եգիպտացիները, և՛ բաբելոնացիները կազմել են, այսպես կոչված, «երազահաններ», որոնցում երազի օրինակների կողքին դրված էին դրանց մեկնաբանության համար անհրաժեշտ բանալիները: Երազների բարդ սիմվոլիկան մեկնաբանելու համար մեկնաբանի համար պետք է հասանելի լինեին այն նյութերը, որոնք երազների վերաբերյալ էմպիրիկ տվյալներ և անցյալի մեկնաբանություններ էին պարունակում: Սովորաբար հետաքրքրություն առաջացնում էր երազի բուն (գլխավոր) թեման, այլ ոչ թե դրա հետ կապված մանրամասները: Երազների մեկնաբանությունը ենթադրում էր խորհրդանիշերի նույնականացում և դրանց իմաստների բացահայտում, երազում եղած իրադարձությունների հաջորդականության և ժամանակի որոշում և անհրաժեշտ պատասխան գործողությունների մշակում: Վերջինը նշանակում էր նախ չարիքը կանխող ծեսերի կատարում, ինչը թույլ էր տալիս պաշտպանվել կանխատեսվող վտանգից, ապա նաև թագավորի կողմից՝ միջոցների ձեռնարկում:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: