Երեմիայի մարգարեության մեկնություն 22:19

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Թող նա էշի թաղումով թաղուի, թող նեխուի ու գցուի Երուսաղէմի դարպասից այն կողմ»:
    
    Ի՞նչ է նշանակում «քարշ տալ»: Սյումաքոսն ասում է. «Գոմաղբի պես հավաքված»։ Սպանելով Հովակիմին՝ բաբելոնացիների թագավորը լքեց նրան և թողեց անթաղ, կամ էլ էշի նման՝ փոշու, հողի և ցեխի հետ խառնված, թաղվելու արժանացրեց: Խառնաշփոթության պատճառով նրա դիակի վրա ողբ չարվեց, նրա մարմինը չլվացվեց։ Հենց սա է ողբալին: Տեսնում ես արդյո՞ք մարգարեի քաջությունը, քանզի նա նույնիսկ վախի ազդեցության տակ չկանգնեց, այլ շարունակեց մարգարեանալ:
    

Ա. Լոպուխին

«Նա էշի թաղումով պիտի թաղվի. նրան պիտի քարշ տան և պիտի դուրս նետեն Երուսաղեմի դարպասներից»։ (Սինոդական թարգմ.) [19]
    
    Սատկած էշի պես, առանց որևէ հարգանքի, մահվանից հետո քաշ կտան Հովակիմ թագավորի դին: Չնայած Թագավորությունների Չորրորդ գրքում (24:6) ոչինչ չի ասվում Հովակիմի բռնի մահվան կամ անպատիվ թաղման մասին, սակայն այս հատվածը չի բացառում դրա հավանականությունը, քանի որ այստեղ ևս այն նույն արտահայտությունն է օգտագործվում, որը Հովակիմի մահվան մասին խոսելիս կիրառում է Թագավորությունների Չորրորդ գրքի հեղինակը։ Այս արտահայտությունը ավելի վաղ օգտագործվում է նաև Աքաբի թաղման մասին խոսելիս (Գ Թագ. 22:40): Միևնույն ժամանակ վերջինիս մասին հայտնի է, որ շները լիզել են նրա վերքերից հոսող արյունը: Այս դիտողության համաձայն՝ Թագավորությունների Չորրորդ գրքի 24–րդ գլխի 6–րդ համարը չի կարող հակասել Երեմիայի մարգարեության մեջ քննարկվող հատվածին: Հովակիմը իսկապես թաղվել է իր հայրերի գերեզմանում՝ Սիոնում, սակայն ժողովրդական անկարգությունների ժամանակ նրա դիակը կարող էր հանվել և անարգանքի ենթարկվել այն հրեաների կողմից, ովքեր նրան չէին սիրում:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:13

----------------------------------
[19](Էջմիածին թարգմ.) Թող նա էշի թաղումով թաղուի, թող նեխուի ու գցուի Երուսաղէմի դարպասից այն կողմ»:
(Արարատ թարգմ.) Նա էշի թաղումով պիտի թաղվի՝ քարշ տալով և Երուսաղեմի դարպասներից դուրս նետելով։
(Գրաբար) զթաղումն իշոյ թաղեսցի. նեխեալ ընկեսցի արտաքոյ դրանն Երուսաղէմի։