Երեմիայի մարգարեության մեկնություն 36:9

Ա. Լոպուխին

9–26. «Հովակիմի՝ Հուդայի թագավոր Հովսիայի որդու հինգերորդ տարում, իններորդ ամսին Տիրոջ առաջ ծոմապահություն հայտարարեցին Երուսաղեմի ամբողջ ժողովրդին և այն ամբողջ ժողովրդին, որոնք Երուսաղեմ էին եկել Հուդայի քաղաքներից»։ [9] «Եվ Բարուքը մագաղաթի վրա գրված Երեմիայի խոսքերը կարդաց Տիրոջ տանը՝ Գամարիայի՝ Սափան դպրի որդու սենյակում, վերին գավթում, Տիրոջ տան նոր դարպասի մուտքի մոտ, ամբողջ ժողովրդի ականջի առաջ»։ «Միքիան` Սափանի որդու՝ Գամարիայի որդին, լսեց Տիրոջ բոլոր խոսքերը, որոնք գրված էին մագաղաթի վրա»: «Եվ իջավ թագավորի տունը՝ թագավորի դպրի սենյակը, և ահա, այնտեղ նստած էին բոլոր իշխանները. Եղիսաման՝ թագավորի դպիրը, և Դաղայիան՝ Սեմայիայի որդին, ու Եղնաթանը՝ Աքբորի որդին, և Գամարիան՝ Սափանի որդին, ու Սեդեկիան՝ Անանիայի որդին, և բոլոր իշխանները»։ «Եվ Միքիան նրանց պատմեց այն բոլոր խոսքերը, որոնք նա լսել էր, երբ Բարուքը մագաղաթից կարդում էր ժողովրդի ականջին»։ «Այդ ժամանակ բոլոր իշխանները Բարուքի մոտ ուղարկեցին Հուդիին՝ Քուսիի որդի Սեղեմիայի որդու՝ Նաթանիայի որդուն, ասելու համար. «Այն մագաղաթը, որից դու կարդացել ես ժողովրդի ականջին, վերցրո՛ւ ձեռքդ և ե՛կ»։ Եվ Բարուքը՝ Ներիայի որդին, իր ձեռքն առավ մագաղաթը և գնաց նրանց մոտ»։ «Նրանք ասացին նրան. «Նստի՛ր և բարձրաձայն կարդա՛ մեզ համար»։ Եվ Բարուքը բարձրաձայն կարդաց նրանց համար»։ «Երբ նրանք լսեցին այդ բոլոր խոսքերը, սարսափով նայեցին մեկմեկու և ասացին Բարուքին. «Մենք այս բոլոր խոսքերն անպատճառ պատմելու ենք թագավորին»։ «Եվ հարցրին Բարուքին. «Ասա՛ մեզ՝ դու ինչպե՞ս գրեցիր այս բոլոր խոսքերը նրա բերանից»»։ «Եվ Բարուքն ասաց նրանց. «Նա իր բերանով ինձ ասում էր այս բոլոր խոսքերը, իսկ ես թանաքով գրում էի դրանք այս մագաղաթի վրա»»։ «Այդ ժամանակ իշխաններն ասացին Բարուքին. «Գնա՛, թաքնվի՛ր, դու ու Երեմիան, որպեսզի ոչ ոք չիմանա, թե դուք որտե՛ղ եք»»։ «Եվ նրանք գնացին պալատ՝ թագավորի մոտ, սակայն մագաղաթը թողեցին Եղիսամայի՝ թագավորի դպրի սենյակում, և այս բոլոր խոսքերը պատմեցին թագավորի ականջին»։ «Թագավորը Հուդիին ուղարկեց մագաղաթը բերելու, և նա այն վերցրեց Եղիսամայի՝ թագավորի դպրի սենյակից. և Հուդին այն կարդաց թագավորի ականջին և այն բոլոր իշխանների ականջին, որոնք կանգնած էին թագավորի մոտ»։ «Թագավորն այդ ժամանակ՝ իններորդ ամսին, նստում էր ձմեռատանը, և նրա առջև վառվում էր կրակարանը»։ «Երբ Հուդին կարդում էր երեք-չորս սյունակ, թագավորը դրանք կտրում էր դպրի դանակով և նետում էր կրակարանի կրակի մեջ, մինչև որ ամբողջ մագաղաթը սպառվեց կրակի վրա, որ կրակարանում էր»։ «Եվ չսարսափեցին ու իրենց հանդերձները չպատռեցին ո՛չ թագավորը, ո՛չ էլ նրա բոլոր ծառաները, որոնք լսում էին այս բոլոր խոսքերը»։ «Թեպետ և Եղնաթանն ու Դաղայիան և Գամարիան պաղատեցին թագավորին, որ չայրի մագաղաթը, բայց նա չլսեց նրանցվ։ «Եվ թագավորը հրամայեց Հերամելին՝ թագավորի որդուն, ու Սարայիային՝ Եզրիելի որդուն, և Սեղեմիային՝ Աբդիելի որդուն, որ բռնեն Բարուք դպրին և Երեմիա մարգարեին. բայց Տերը թաքցրեց նրանց»։ (Սինոդական թարգմ.)
    
     Հաջորդ տարի թագավորի կողմից դրա ոչնչացումը
    Բարուքի ընթերցած մատյանի բովանդակությունը անմիջապես ներկայացվեց թագավորական խորհրդականների ուշադրությանը: Նրանք անձամբ լսեցին Երեմիայի մարգարեությունը և սարսափեցին: Բարուքին ու Երեմիային թաքնվելու խորհուրդ տալուց հետո  խորհրդականները մատյանի մասին հայտնեցին թագավորին։ Թագավորն էլ իր հերթին պահանջեց մատյանը իրեն ներկայացնել: Երբ մատյանն ընթերցվեց թագավորի մոտ, նա մաս առ մաս այն իր ձեռքը վերցրեց ու մի կրակարանի վրա այրեց։ Դրանով թագավորը Երեմիային արհամարհեց, ապա հրամայեց բռնել մարգարեին ու Բարուքին, որոնք, սակայն Աստծո օգնությամբ կարողացան ժամանակին թաքնվել:

---------------------------

[9](Էջմիածին թարգմ.) Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի հինգերորդ տարում, իններորդ ամսին, Երուսաղէմի ամբողջ բնակչութիւնը, Յուդայի երկրի քաղաքներից Երուսաղէմ եկած համայն ժողովուրդը եւ Յուդայի տունը հաւաքուեցին Տիրոջ առաջ պահեցողութեան համար:
(Արարատ թարգմ.) Եվ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի հինգերորդ տարվա իններորդ ամսին Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը և այն ամբողջ ժողովուրդը, որ Երուսաղեմ էր եկել Հուդայի քաղաքներից, Տիրոջ առաջ ծոմապահություն հայտարարեցին։
(Գրաբար) Եւ եղեւ յամին հինգերորդի Յովակիմայ որդւոյ Յովսիայ արքայի Յուդայ՝ յամսեանն իններորդի, ժողովեցաւ ի պահս առաջի Տեառն, ամենայն ժողովուրդն Երուսաղէմի, եւ ամենայն ժողովուրդն որ գային ի քաղաքացն Յուդայ յԵրուսաղէմ, եւ տունն Յուդայ։