Զաքարիայի մարգարեության մեկնություն 10։2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Քանզի թերաֆիմները ունայնություն են խոսում, և գուշակները սուտ տեսիլքներ են տեսնում ու սուտ երազներ պատմում. նրանք մխիթարում են ունայնությամբ, ուստի թափառում են ինչպես ոչխարներ և նեղության մեջ են, որովհետև հովիվ չկա»։ (Սինոդական թարգ․) [2]
   
    Ապարդյուն կլիներ նմանատիպ խնդրանքներով դիմել կուռքերին (թերաֆիմներին). նրանց անունից հնչող գուշակությունները սոսկ դատարկություն են, իսկ նրանց երկրպագուները՝ գուշակներն ու սուտ մարգարեները, խաբվում են թե՛ իրենք և խաբում թե՛ ուրիշներին: Նրանց մխիթարական կանխատեսումներն ունայն են. դրանք ոչ միայն չեն կատարվում, այլև իրենց հետ բերում են անխուսափելի աղետ:

    Շտադեն Դևտերոզաքարիայի (Երկրորդ Զաքարիայի) մասին իր քննադատական ​​ուսումնասիրության մեջ մատնանշում է այն առանձնահատկությունը, որով այստեղ հանդես են գալիս թերաֆիմները. սա Հին Կտակարանի միակ հատվածն է, որտեղ թերաֆիմները ներկայացվում են որպես խոսողներ. միայն այստեղ և Եզեկ. 21:26-ում (Սինոդական թարգմանությամբ՝ Եզեկ. 21:21) են նրանք ընդհանրապես հանդես գալիս որպես գուշակողներ (ZATW. 1881. S. 60; cр. Nowack. Kleine Propheten übersetzt und erklärt. Gött., 1898. S. 364): Այնուամենայնիվ, հիմնվելով կուռքերի հիշատակության վրա՝ որևէ եզրակացություն անել Զաքարիայի գրքի երկրորդ մասի ծագման ժամանակաշրջանի վերաբերյալ, ինչպես վարվում են գիտական քննադատները, հնարավոր չէ։ Կուռքերի հարցը նույնիսկ գերությունից հետո չկորցրեց իր նշանակությունը. թեև հրեաներն այլևս հակված չէին դեպի մոլեգին կռապաշտությունը, այնուամենայնիվ, ճշմարիտ հավատքից հեռացած աստվածամարտ ոգին, որը մշտապես սերտորեն կապված է եղել կռապաշտության հետ, դեռևս վերջնականապես չէր անհետացել: Սրա հետ կապված՝ Ռուժեմոնտը հետևյալ միտքն է արտահայտում. «Զաքարիայի օրոք, անկասկած, հրեաներն այլևս թերաֆիմներ չունեին, սակայն կռապաշտության ոգին դեռևս ամբողջովին արմատախիլ չէր եղել, ու եթե սուտ մարգարեները, որոնց հետ Նեեմիան գործ ուներ (Նեեմ. 6:10 և հաջորդ համարներ), վերանում են Մակաբայեցիների և Հերովդեսների դարաշրջանում, ապա նրանք իրենց տեղը զիջում են սուտ վարդապետներին և սուտ փրկիչներին, որոնց մեջ բնակվում է միևնույն ոգին» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 222, Zeitschrift für die Alttestamentliche Wissenschaft (ZATW). Berlin; New York, 1881. S. 61 und Anmerkung):

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Այն բանի համար, որ կախարդները անտեղի բաներ էին բարբառում, գուշակները սուտ տեսիլքների ու սին երազների մասին էին խօսում եւ իզուր մխիթարում, դրա համար էլ, ահա, նրանք ցրուեցին հօտերի նման, չարաչար ցաւերի դիպան, եւ բժշկութիւն չկար նրանց համար:
(Արարատ թարգ․) Որովհետև կուռքերն ունայնություն են խոսել, գուշակողները սուտ տեսիլքներ են տեսել և կեղծ երազների մասին են խոսել՝ անօգուտ մխիթարություն տալու համար։ Ուստի հոտի պես են առաջ շարժվում, տառապում են, որովհետև հովիվ չկա։
(Գրաբար) Զի հարցուկք բարբառեցան աշխատութիւնս, եւ ըղձապատումք տեսիլս սուտս եւ երազս սուտս խաւսէին. եւ ի զուր մխիթարէին. վասն այնորիկ ցամաքեցան իբրեւ խաշինք. եւ չարագանեցան, զի ոչ գոյր բժշկութիւն։