Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Բայց Տերը ծովի վրա ուժեղ քամի բարձրացրեց, և ծովում մեծ փոթորիկ եղավ, և նավը պատրաստ էր կործանվել»: (Սինոդական թարգ․)[4]
«Բայց Տերը ծովի վրա ուժեղ քամի բարձրացրեց, և ծովում մեծ փոթորիկ եղավ». Միջերկրական ծովում, հատկապես Հոպպեի նավահանգստի ափերին, փոթորիկը սովորական երևույթ է: Հովսեփոս Փլավիոսի («Հրեական պատերազմի մասին» III 9, 3) և նոր ժամանակների ճանապարհորդների վկայությունների համաձայն (դը Սոլսի, Նորով)` Հոպպեի նավահանգիստն ու Միջերկրական ծովի հարավարևելյան ափերը ենթակա են հողմերի ազդեցությանը, ինչի պատճառով էլ այստեղ հաճախակի ալեկոծություններ են լինում: Ասվածի հիման վրա հաճախ են քննադատում Հովնան մարգարեի գիրքը՝ հրաշքների չափազանցության համար։ Ասում են, որ բնական ուժերով և բնության օրենքներով պայմանավորված ամենասովորական բնական երևույթները, ինչպիսիք են ծովում փոթորիկ բարձրանալն ու դրա հանդարտվելը (Հովն. 1:4, 15), մեծ ձկան մարդուն կուլ տալը (Հովն. 2), ցերեկվա շոգը, այրող քամին, բույսը քայքայող որդը (Հովն. 4:6−8), այստեղ ներկայացվում են իբրև անմիջապես Աստծու հրամանով կատարվող առանձնահատուկ հրաշագործություններ: Այսպիսով, երևույթի ամբողջապես բնական համարվելու համար անխուսափելիորեն անհրաժեշտ է բացառել ցանկացած միտք բնության կյանքում Աստծու մասնակցության վերաբերյալ։ Անկասկած, այսպիսին է մեր ժամանակներում մեծ տարածում գտած տեսակետը, սակայն այլ է աշխարհի վերաբերյալ հոգևոր տեսակետը: Հոգևոր ընկալմամբ այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում բնության այսպես կոչված օրենքներով և նրա ուժերով, միաժամանակ դիտվում է որպես այս աշխարհը կառավարող Աստծու ձեռքի գործ: Բնության օրենքները ոչ թե Աստծու կամքից ամբողջովին անկախ ինչ−որ երևույթներ են, այլ ընկալվում են իբրև բնության մասին Արարչի կամքի արտահայտություն: Այսպիսի աշխարհընկալման պարագայում տարօրինակ ոչինչ չկա այն բանում, որ մարդը բնական երևույթները ևս ներկայացնում է որպես Աստծու կամքով տեղի ունեցող և լռում է բնության օրենքների մասին, որոնք ընդամենը միջնորդավորված պատճառներ է համարում։
Որպես հոգևոր−բարոյական նշանակություն ունեցող գործ՝ Հովնանի գրքում նման հիշատակումն առավել քան տեղին է (թեև այստեղ հիշատակվում են նաև բնության մեջ տեղի ունեցող երևույթների բնական պատճառները, ինչպես քամին, որի հետևանքով փոթորիկ է լինում, կամ որդը, որը քայքայում է բուսականությունը): Սրա հիման վրա կարելի է միայն նշել, որ գրքի հեղինակը հոգևոր խոր զգացումներ ունեցող անձ է, և չի կարելի նախատել նրան այն բանի համար, որ հիշատակվող երևույթներն իբրև հրաշագործություններ և անհավանական թվացող իրադարձություններ է նկարագրում:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) էրը հողմ բարձրացրեց ծովում: Մեծ փոթորիկ եղաւ ծովում, եւ նաւը խորտակուելու վտանգի մէջ էր:
(Արարատ թարգ․) Բայց Տերը մի մեծ քամի հանեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովում, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։
(Գրաբար) Եւ Տէր յարոյց հողմ ի ծովուն, եւ եղեւ մրրիկ մեծ ի ծովուն, եւ նաւն ի վտանգի կայր ի խորտակել։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: