Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Ահա թե ինչ պիտի լինի ցնծացող քաղաքը, որն ապրում է անհոգ, և ասում իր սրտում՝ «Ես եմ, և ինձնից բացի ուրիշ ոչ ոք չկա»։ Ինչպե՜ս այն դարձավ ավերակ, գազանների որջ։ Ամեն ոք, ով անցնի նրա մոտով, պիտի սուլի և ձեռքը թափահարի»: (Սինոդական թարգ․)[15]
Եզրափակիչ համարը բնութագրում է Նինվեի հպարտությունը և միաժամանակ պատկերում այն ապշեցուցիչ հակադրությունը, որը գոյություն ունի այս քաղաքի երբեմնի ծաղկուն վիճակի և վերջնական ամայացման ու մոտ ապագայում գազանների որջի վերածվելու միջև: Նինվեի անսահման և անսանձ հպարտությունն արտահայտված է չափի զգացումից զուրկ հետևյալ համոզմունքի մեջ. «Ես եմ, և ինձնից բացի ուրիշը չկա» (Ես. 47:8): Երբեմնի փառքով պսակված այդ մայրաքաղաքի՝ ոչ միայն Ասորեստանի, այլև ամբողջ Ասիայի գլխավոր քաղաքի, կատարյալ ամայացման տեսարանը պիտի այնքան մեծ զարմանք և սարսափ առաջացնի, որ յուրաքանչյուր անցորդ, ապշած ու զարհուրած, պիտի սուլի և ձեռքը թափ տա (հմմտ. Գ Թագ. 9։8, Երեմ. 48:17, 49:17), «որովհետև մարդիկ սովորություն ունեն անսպասելի մեծ դժբախտությունների դեպքում սուլել և ձեռքերը վեր բարձրացնել» (Երանելի Թեոդորիտոս, նույն տեղում, էջ 51):
--------------------------------
15](Էջմիածին թարգ․) Այսպէս է լինելու վրիժագործ քաղաքը, որ ապրում էր յոյսով, որ ասում էր իր մտքում. «Ես եմ, եւ ոչ ոք չի լինի ինձնից յետոյ»: Ինչո՞ւ գազանների ճարակ դարձաւ այն եւ ապականուեց: Իւրաքանչիւր ոք, որ պիտի անցնի նրա միջով, պիտի սուլի եւ իր գլուխը շարժի:
(Արարատ թարգ.) Սա է ցնծացող քաղաքը, որ անվտանգ ապրում էր, որ իր սրտում ասում էր. «Ես եմ, և ինձանից բացի ուրիշը չկա», ինչպե՜ս ավերակ և գազանների մակաղատեղի եղավ. նրա մոտով ամեն անցնող պիտի սուլի ու ձեռքը շարժի։
(Գրաբար) Այս քաղաք վրիժագործ բնակեալ յուսով, որ ասէր ի սրտի իւրում. Ես եմ, եւ ոչ եւս ոք իցէ յետ իմ. զիա՞րդ եղեւ յապականութիւն ճարակ գազանաց. ամենայն որ անցանիցէ ընդ նա, շչեսցէ եւ շարժեսցէ զգլուխ իւր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: