Սոփոնիայի մարգարեության մեկնություն 3:14

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

14-20․ «Ցնծա՛, ո՛վ դուստր Սիոնի, աղաղակի՛ր, ո՛վ Իսրայել, ուրախացի՛ր և բերկրի՛ր ողջ սրտով, ո՛վ դուստր Երուսաղեմի»։ [14]«Տերը փոխեց քո դեմ եղած դատավճիռը, հալածեց քո թշնամուն։ Տերը՝ Իսրայելի Թագավորը, քո մեջ է, դու այլևս չարիք չես տեսնի»։ «Այն օրը Երուսաղեմին պիտի ասեն. «Մի՛ վախեցիր», և Սիոնին՝ «Թող քո ձեռքերը չթուլանան»»։ «Քո Տեր Աստվածը քո մեջ է, Նա զորավոր է քեզ փրկելու համար. Նա ուրախությամբ պիտի բերկրի քեզ համար, Իր սիրուց մղված պիտի ողորմի քեզ, և պիտի ցնծությամբ աղաղակի քեզ համար»։ «Ես կհավաքեմ նրանց, ովքեր տրտնջում են տոնակատարությունների համար. նրանք քոնն են, և նրանց վրա նախատինք է ծանրանում»։ «Ահա, այն ժամանակ Ես պիտի պատժեմ բոլոր նրանց, ովքեր կեղեքում էին քեզ, պիտի փրկեմ կաղին, պիտի հավաքեմ ցրվածներին և նրանց պիտի պատվավոր ու անվանի դարձնեմ այն ամբողջ երկրում, որտեղ նրանք նախատինք էին կրել»։ «Այն ժամանակ Ես պիտի բերեմ ձեզ, և նույն ժամանակ պիտի հավաքեմ ձեզ, որովհետև ձեզ անվանի ու պատվավոր պիտի դարձնեմ երկրի բոլոր ազգերի մեջ, երբ ձեր աչքի առաջ վերադարձնեմ ձեզ գերությունից, — ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Արդեն 13−րդ համարի երկրորդ կեսում մարգարեն ցույց էր տվել, որ Իսրայելի նոր հասարակության ներքին արդարությանը արտաքինից կհամապատասխանի նրա հանգիստ կյանքը: 3−րդ գլխի և ամբողջ գրքի եզրափակիչ համարներում մարգարեն ամբողջովին կենտրոնանում է սուրբ քաղաքի և Աստծու ժողովրդի լիարժեք ու անխռով բարեկեցության մտքի վրա։ Այդ միտքը նրա հոգին լցնում է մեծ բերկրանքով, որը բխում է կենդանի գիտակցությունից և Աստծու սիրո ներգործության անմիջական զգացումներից: Մարգարեի շուրթերով արտահայտված մարդկանց խանդավառությունն ու հրճվանքը արդեն երևում են քննարկվող հատվածի առաջին խոսքերում. «Ցնծա՛, ո՛վ Սիոնի դուստր, աղաղակի՛ր, ո՜վ Իսրայել: Ուրախացի՛ր և բերկրի՛ր ողջ սրտով, ո՛վ դուստր Երուսաղեմի (14-րդ համար)»: Այս խոսքերը, որոնք ուղղակի հիշեցնում են Եսայի (Ես. 62:11) և Զաքարիա մարգարեների (Զաք. 9։9) գրքերի նշյալ հատվածները, ինչպես հայտնի է, վերաիմաստավորվում են Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի ավետարանական պատմության մեջ (Մատթ. 21:5, Հովհ. 12:15): Իր ժողովրդի հանդեպ Տեր Աստծու նոր բարեհաճության մասին մարգարեի հրաշալի ու խանդավառ խոսքը (14−19−րդ համարներ) իր ամբողջ ուժով և ճշգրտությամբ վերաբերում է միայն ավետարանական−քրիստոնեական ժամանակներին: «Գիտեմ,− ասում է երանելի Թեոդորիտոսը,− որ ոմանք դա հասկանում են որպես Բաբելոնից վերադարձ և Երուսաղեմի վերականգնում, և ես չեմ հակադարձում նրանց, քանի որ մարգարեությունը պատշաճում է նաև այն ժամանակ կատարվածին: Սակայն ճշգրիտ իրականացումը կարելի է գտնել միայն մեր Փրկչի մարդեղության մեջ, քանի որ այն ժամանակ Տերը վերստին ծննդյան ավազանով բժշկեց սրտով բեկյալներին, նորոգեց մարդկային բնությունը և այնքան շատ սիրեց մեզ, որ նույնիսկ Իր Անձը տվեց մեզ համար…»: Ինչպես Զաքարիայի մարգարեության 9:9–15 հատվածը, այնպես էլ Սոփոնիա մարգարեի քննարկվող այս հատվածը (Սոփ. 3:14-19), որպես մարգարեական ընթերցում (փարեմիա), ընթերցվում է Ծաղկազարդի (Տիրոջ Երուսաղեմ մուտքի) տոնի երեկոյան ժամերգության ընթացքում:

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Հրճուի՛ր, դո՛ւստր Սիոնի, բարձրաձայն աղաղակի՛ր, Երուսաղէ՛մ, ուրախացի՛ր եւ զուարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր Երուսաղէմի,
(Արարատ թարգ.) Ցնծա՛, ո՛վ Սիոնի դուստր, աղաղակի՛ր, ո՛վ Իսրայել, ուրախացի՛ր և հրճվի՛ր ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր։
(Գրաբար) Ուրախ լեր յոյժ, դուստր Սիովնի, եւ քարոզեա Երուսաղէմ. ուրախ լեր՝ եւ զուարճացիր յամենայն սրտէ քումմէ դուստր Երուսաղէմի,