Միքիայի մարգարեության մեկնություն 1։11

Ա․ Լոպուխին

Տեղափոխվե՛ք Սափիրի բնակչուհիներ՝ անամոթաբար մերկացած, չի փախչի նաև Սաանանի բնակչուհին, Բեթեսել բնակավայրում եղող կոծը ձեզ թույլ չի տա այնտեղ մնալ։(Սինոդական թարգ․)[11]
   
   Հաշվի առնելով թշնամիների առաջիկա արշավանքը՝ մարգարեն արդեն Սափիրի բնակչուհիներին, որպես գերի, որոնցից հանում էին հագուստները (անամոթաբար մերկացած), թշնամու երկիր տեղափոխվել է հրավիրում։ Գերությունից չեն փախչի նաև Սաանանում բնակվողները, որոնք իրենց համար ապաստարան չեն գտնի. ամենուրեք, ինչպես, օրինակ, Բեթեսելում, լացի և ողբի կհանդիպեն։ «Սափիր»–ը սովորաբար նույնացվում է Հս․ 15։48 համարում հիշատակվող Սամիր քաղաքի հետ, որը, ըստ երանելի Հերոնիմոսի և Եվսեբիոս Կեսարացու վկայության, Էլեվթերոպոլիսի և Ասկաղոնի միջև ընկած հարթավայրում է։ «Սաանան կամ Սեանան»-ը Հս․ 15։37 համարում հիշատակվող մի վայր է, որ Բեյթ−Ջիբրինայի մոտակայքում գտնվող ներկայիս Կիրբեթ−էս−Սենատն է։ «Բեթեսել»–ը դեռևս Զաքարիա մարգարեի մոտ հիշատակվող (տե՛ս 15։5) և, ինչպես ենթադրվում է, Երուսաղեմի մոտակայքում գտնվող մի վայր է։ Հուդային սպասվող աղետը պատկերելիս մարգարեն հենց թվարկված վայրերն է նշում, քանզի հաշվի է առնում դրանց անունների բանասիրական իմաստը․ մարգարեն ցանկանում է բառախաղ օգտագործել. Սափիրի բնակչուհիների համար («Սափիր» անունը նշանակում է «գեղեցկություն, զարդարանք») կանխագուշակվում է, որ նրանք անամոթաբար կմերկացվեն, Սաանանի բնակիչների համար կանխատեսվում է («սաանան» ծագում է «jaza–հեռանալ» բառից), որ նրանք աղետից չեն փախչի, իսկ Բեթեսել բնակավայրին (կողք, կողմ, հենարան) ասվում է, որ այն փախստականներին օգնություն չի տրամադրի։ Յոթանասնից թարգմանությունը և սլավոներեն տեքստը 11−րդ համարում բնագրի իմաստից տարբերվող և անհասկանալի միտք են փոխանցում։ «Ibri lachem» (տեղափոխվեք) բայը Յոթանասնիցը 10−րդ համարի վերջին է առնչում։ «Սափիրի բնակչուհիներ՝ անամոթաբար մերկացած» բառերի փոխարեն՝ սլավոներենում, ըստ հունարեն թարգմանության, «բարությամբ բնակվողը չելավ իր քաղաքներից» տարբերակով է ընթերցվում։ «Բարությամբ» (հունարեն` «καλῶς») բառով Յոթանասնիցը փոխանցել է եբրայերեն Սափիրի անունը, իսկ «իր քաղաքներից» (τὰς πόλεις αύτῆς) արտահայտությամբ, ակնհայտորեն, եբրայերեն «erjah» (մերկություն, ռուսերեն` «մերկացած») բառը, որն էլ ծագեցրել է «ir» (քաղաք) բառից, ընդ որում՝ եբրայերեն «boscheth−ամոթ» (ըստ ռուսերեն տեքստ՝ «անամոթաբար») բառը թողել է առանց թարգմանության։ «Սաանան» անվան փոխարեն հունարեն տեքստում ընթերցվում է «Σενναὰρ», ինչպես նաև «Σεννὰν» (երանելի Հերոնիմոս, Կոմպլուտենյան պոլիգլոտիկա, Ալդինյան Աստվածաշունչ և ձեռագրեր) ու «ἡνναὰρ» (երանելի Թեոդորոս Կյուրոսացի, սուրբ Հովհան Ոսկեբերան)։ Եկեղեցու ուսուցիչները (երանելի Թեոդորոս, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի) ենթադրում են, որ Յոթանասնիցը այլաբանորեն Երուսաղեմն է Սենար անունով կոչում։ «Բեթեսել»−ը («beth−azel») Յոթանասնիցի կողմից հասարակ անվան իմաստով է թարգմանվել․ «կոծ արեք նրա մոտ (եղած) տան վրա» (ἐχόμενον αὐτης)։ «Ձեզ թույլ չի տա այնտեղ մնալ» բառերի փոխարեն Յոթանասնիցը այլ արտահայտություն է ընթերցել, որը սլավոներենում «ձեզանից խոցային հիվանդություններ կընդունի» տարբերակով է փոխանցվել։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Բարութեամբ բնակուողը չելա՞ւ իր քաղաքներից. Սենարի՛ բնակիչներ, ողբացէ՛ք նրան մօտիկ գտնուող տան վրայ, նա կը վերացնի ձեզնից ցաւի հարուածները:
(Արարատ թարգ․)Ո՛վ Սափիրի բնակչուհի, մերկ ու ամոթով անցի՛ր, դուրս չի գալու Սաանանի բնակչուհին, Բեթսելում կոծ է. ձեզնից պիտի հեռացվի նրա օգնությունը։
(Գրաբար)Բնակեալն բարութեամբ ո՞չ ել ի քաղաքաց իւրոց. բնակիչք Սենարայ կո՛ծ առէք ի վերայ տանն որ մե՛րձ է առ նա. բարձցէ՛ ի ձէնջ զհարուածս ցաւոց։