Նավումի մարգարեության մեկնություն 2:12

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

(եբր․ 13)․ «Առյուծը հափշտակում էր իր ձագերին կերակրելու համար, և խեղդում էր իր մատակ առյուծների համար, և իր անձավերը լցնում էր որսով, իսկ իր որջերը՝ հափշտակածով»։(Սինոդական թարգ․)[12]
   
    Աստվածաշնչյան հեղինակներին բնորոշ հարցական ձևով, որը պատասխան չի պահանջում, այլ ուղղակի առարկայի իսպառ բացակայություն ենթադրող հարց է (հմմտ. Ես․ 19։12, 33։14, 18, 42։14, Ա Կորնթ․ 1։20, Երեմ․ 13։20, Մաղ․1։6, 2։17 և այլն), մարգարեն կատարում է հիանալի և խոր արտահայտչականությամբ համեմատություն․ դաժան Նինվեին և նրա բնակիչներին համեմատում է առյուծի որջի հետ։ Ընդհանրապես, բոլոր ժողովուրդների մոտ առյուծն իր գիշատիչ բնույթի և ուժի շնորհիվ ներկայացվում է որպես բոլոր գազանների թագավոր (Ես. 15։9, Երեմ․ 4։7, Ամոս. 3։8)։ «Մարգարեն Նինվեն կոչում է «առյուծների բնակավայր», թագավորներին՝ «առյուծներ», նրանց որդիներին՝ «կորյուններ», իսկ նրանց ենթակա քաղաքները՝ «արոտավայրեր»: Այս գազանները սովորություն ունեն իրենց բռնած կենդանիներին խեղդամահ անել և դրանք որպես սնունդ իրենց ձագերին տանել։ Այդպես էլ ասորեստանցիները, կործանելով այլ ազգերի ամբողջ թագավորություններ, նրանցից հարկեր էին հավաքում» (Երանելի Թեոդորիտ. «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 14, 15)։ Մարգարեի՝ ասորեստանցիներին առյուծների, իսկ Նինվեն դրանց որջերի հետ համեմատելու ճշմարտացիությունը լիովին հիմնավորվում է այդ ժողովրդի պատմականորեն հայտնի բնութագրիչ առանձնահատկություններով և ժամանակակից աշխարհի հետ նրա հարաբերություններով: Նույն լույսի ներքո դրանք ներկայացվում են թե՛ այլ սուրբ հեղինակների մոտ (Ես․ 5։29-30, Երեմ․ 50։17, Հովել. 1 և այլն), և թե՛ հենց Ասորեստանի հնագույն հուշարձանների վրա: Ասորեստանցիները սիրում էին առյուծների պատկերներով զարդարել մուտքերը և դռները, պատերը, անոթներն ու զենքերը: Իհարկե, դրանում նրանք տեսնում էին իրենց ուժի և հզորության խորհրդանիշը, այնպես որ առյուծի պատկերը նրանց պետական-ազգային զինանշանն էր դարձել։ Ասորեստանյան թագավորների սեփական վկայությունները իրենց ռազմական հերոսությունների մասին, որոնք պահպանվել են կոթողների և սեպագիր այլ հուշարձանների վրա, լիովին ներդաշնակ են հաղթողի դերում ներկայացվող ասորեստանցիների դաժան և գիշատիչ լինելու աստվածաշնչյան պատկերներին։

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Առիւծը բաւական որս արեց իր կորիւնների համար, որս խեղդեց իր կորիւնների համար, իր բոյնը լցրեց որսով եւ իր որջը՝ յափշտակուած բաներով:
(Արարատ թարգ․) Առյուծն իր կորյուններին բավարարելու չափ պատառոտում էր և խեղդում իր մատակ առյուծների համար. և որսով էր լցնում իր որջերը և իր ապաստարանները՝ բզկտված մսով։
(Գրաբար) Առիւծ որսացաւ բաւական կորեանց իւրոց, եւ հեղձոյց կորեանց իւրոց, եւ ելից զմայրիս իւր որսով, եւ զբնակութիւն իւր յափշտակութեամբ։