Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
(եբր 7)․ Գետի դարպասները բացվում են և դղյակը կործանվում է։ (Սինոդական թարգ․)[6]
6−րդ համարը (մասնավորապես դրա առաջին երկու՝ «գետերի դարպասներ» կամ «հեղեղների դարպասներ» բառերը (եբր.՝ «շաարե−հանեհարոթ)) մշտապես տարակուսանք է առաջացրել մեկնիչների շրջանում, որոնք այս համարի վերաբերյալ առաջարկել են մի քանի հակասական մեկնություններ։ Հաշվի առնելով այս արտահայտության բառացի ընկալման ակնհայտ դժվարությունը կամ նույնիսկ թվացյալ անհնարինությունը՝ շատ հին և նոր մեկնիչներ, տվել են դրա փոխաբերական բացատրությունը։ Այսպես, երանելի Հերոնիմոսն ամբողջ 6−րդ համարը վերաշարադրում է հետևյալ կերպ. «Բացվեցին Նինվեի դարպասները, որը գետերի նման բազմաթիվ քաղաքացիներ ուներ, և տաճարը, այսինքն՝ նրա թագավորությունը, կործանված է, և նրա զինվորը՝ գերեվարված, այսինքն՝ բոլորը քշվել են Բաբելոն» («Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության»։ Կիև, 1896, մաս 13, էջ 279, երանելի Հերոնիմոսը շեղատառով նշված բառերի միջոցով մեկնում է բնագրի «գետերի դարպասներ» արտահայտությունը)։ Դիտարկվող արտահայտության նմանատիպ փոխաբերական մեկնություն կարելի է տեսնել Յոթանասնիցում, որտեղ այն փոխանցված է «πυλαι τω ν πολεων 1» (սլավ.՝ «врата градная 2») բառերով։ Քննարկվող արտահայտությունը նման կերպ է ընկալվում նաև նոր ժամանակներում (Դե−Վետտե, Ռոզենմյուլլեր, Հիտցիգ, Ումբրեյթ և այլք)։ Այնուամենայնիվ, այստեղ ևս, ինչպես ցանկացած այլ աստվածաշնչյան հատվածի մեկնության դեպքում, անհրաժեշտ է հավատարիմ մնալ ընդհանուր հերմենևտիկական սկզբունքին՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության չշեղվել Սուրբ Գրքի բառացի իմաստից։ Ընդ որում՝ համարի երկրորդ հատվածը («պալատը կործանվում է»), անկասկած, պետք է հասկանալ բառացի իմաստով։ Ուստի բառացի մեկնությունը պետք է գերակա համարվի նաև համարի առաջին հատվածի համար։
Սակայն այստեղ հնարավոր են և գոյություն ունեն երկու գլխավոր տարբերություններ. այս մեկնություններից մեկն ավելի մասնավոր, իսկ մյուսն ավելի ընդհանուր բնույթ ունի։ Ըստ առաջին մեկնության (Քլայներթ, պրոֆ․ Գոլուբև և այլք)՝ «գետերի դարպասներ» արտահայտությունը նշանակում է այնպիսի դարպասներ, որոնց միջով հոսում, կամ էլ որոնցով արգելափակվում էին ջրանցքները։ Դրանք նախատեսված էին քաղաքից ավելորդ ջրերը հեռացնելու և ջրհեղեղները կանխելու համար։ Հիմնվելով Դիոդորոս Սիցիլիացու տեղեկության վրա առ այն (Դիոդորոս Սիցիլիացի, «Պատմական գրադարան», II, 25, 27, 28), որ բաբելոնացիների կողմից Նինվեի պաշարման 3−րդ տարում ափերից դուրս եկած Տիգրիսի ջրերը կործանել են քաղաքի պարիսպների զգալի մասը՝ դրանով իսկ հեշտացնելով քաղաքի գրավումը, դիտարկվող խոսքերը մեկնաբանվում են Նինվեի Տիգրիս և Կոսար (Khosar) գետերի մասին։ Միաժամանակ ենթադրվում է, որ թագավորական պալատը, որի կործանման մասին խոսվում է համարի երկրորդ հատվածում, գտնվում էր ջրհեղեղից կործանված պարսպի մոտ, թեև այս մեկնության ընդհանուր միտքը հաստատվում է ոչ միայն հիշատակված արտաքին պատմական վկայությամբ, այլև աստվածաշնչյան աշխարհայացքի հետ ընդհանուր համապատասխանությամբ: Այս աշխարհայացքը ենթադրում է Աստծու անուղղակի միջամտությունը բնության տարերքների ընթացքին և վերջիններիս ծառայեցումը Նրա դատաստանի պատժիչ գործին (հմմտ. Դատ. 5։20–21), ինչպես նաև հաստատվում է մարգարեի նկարագրած պատկերի առանձին գծերով (հմմտ. Նավ. 1։8, 10, եբր.՝ 2։8–9)։ Այնուամենայնիվ, այստեղ ընդունված ենթադրությունները, անկասկած, կազմում են այս մեկնության թույլ կողմը։ Այդ պատճառով նախապատվությունը պետք է տալ բառացի բնույթի ավելի ընդհանուր մեկնությանը, ըստ որի՝ «գետերի դարպասները» այն դարպասներն են, որոնք տեղակայված են ջրային հոսքերի մոտ կամ հենց դրանց վրա. դարպասներ, որոնք բավականաչափ ամրացված են ոչ միայն մարդկային արվեստով, այլև բնական պայմաններով: Այս դեպքում կործանման են ենթարկվում ոչ միայն քաղաքի գետերի մոտ գտնվող թույլ ամրացված հատվածները, այլ նույնիսկ ամենաամուր դարպասները և ամրոցները՝ ինչպիսիք էին թագավորական պալատը և տաճարը (եբր. «հեյխալ» բառն ունի այս երկակի նշանակությունը), որոնք կառուցված են արհեստական հարթակների վրա (Ֆիլիպսոն, Սիմաշկևիչ, Մարտին և այլք): Յոթանասնիցը, ի հակադրություն եբրայերեն տեքստի, 6−րդ համարում ունի հավելում՝ «χαι η οποστασις αποκαλυφθη» (սլավ.՝ «и имение открыся 3), որը, ըստ երանելի Թեոդորիտի, նշանակում է՝ «Այն, ինչ նախկինում գաղտնի էր պահվում և փակված էր բազմաթիվ արգելքներով, բոլորի համար հայտնի դարձավ» (Տասներկու մարգարեների մեկնությունը, Մ․, 1857, գիրք 3, էջ 13)։ Ընդունված հունարեն տեքստում այս բառերը առնչվում են հաջորդ՝ 7−րդ համարին (սլավոներեն տեքստում դրված են 6−րդ համարի վերջում)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Քաղաքների դռները բացուեցին, արքունիքները կործանուեցին, եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ:
(Արարատ թարգ․) Գետերի դարպասները բացվում են, և պալատը պիտի հալվի։
(Գրաբար) Դրունք քաղաքաց բացան. եւ կործանեցան արքունիք. եւ ստացուածք յայտնեցան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: