Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
(եբր․ 9)․ «Նինվեն իր գոյության ժամանակներից ի վեր նման էր ջրով լի ավազանի, իսկ նրանք փախչում են. «Կանգնե՛ք, կանգնե՛ք», - բայց ոչ ոք հետ չի նայում»։ (Սինոդական թարգ․)[8]
Այժմ մարգարեն անցնում է այն աղետալի իրավիճակի պատկերմանը, որում կհայտնվի Նինվեն՝ պաշարող թշնամիների ներխուժումից հետո, մի վիճակ, որը կտրուկ հակադրվում է Ասորեստանի մայրաքաղաքի նախկին բարօրությանը, հզորությանն ու մեծությանը։ Նինվեի նախկին մեծությունն ու հզորությունը մարգարեն նախ և առաջ պատկերում է՝ այն համեմատելով «ջրով լի ավազան»−ի հետ (եբր.՝ «կիարեխաթ − մայմ), որով ցույց է տալիս Նինվեի լիակատար բարգավաճումը բոլոր առումներով՝ նրա բնակչության բազմությունը (ժողովուրդներն ու ցեղերը Աստվածաշնչում մեկ անգամ չէ, որ ջրերի հետ են համեմատվում, Հայտն, 17։15), ինչպես նաև երկրավոր բոլոր՝ նյութական և հոգևոր բարիքների առատությունը (Աստվածաշնչում այսպիսին է «կենդանի ջուր», «կյանքի ջուր» արտահայտության իմաստը (Երեմ․ 2։13 և հաջ. Հովհ․ 4։10−15)․ ընթերցի՛ր նաև երկրային բարօրության և ապագա երանության մասին աստվածաշնչյան խորհրդաբանական պատկերները (Սաղմ․ 1։3, Երեմ․ 17։7-8, Եզեկ. 47:1-13))։ Նինվեն այդպիսին էր «իր գոյության ժամանակներից» (եբր.՝ «միմեհի», Հովնաթանի Թարգումում «միյոմե-կեդամ» տարբերակն է, որը թարգմանվում է «հնագույն օրերից»)։ Վերջին արտահայտությունը տարբեր կերպ է ընթերցվել և փոխանցվել Յոթանասնիցում և Վուլգաթայում։ Վերջիններս, ակնհայտորեն, ընթերցել են ոչ թե «միմե−օրերից», այլ «մեյմեյա−նրա ջրերը» (Յոթանասնից՝ «υδατα αυτης», Վուլգաթա՝ «aquae ejus», սլավոներեն՝ «воды ее»)։ Սակայն հատվածի ընդհանուր իմաստը նույնն է․ Նինվեի բարօրությունը կատարյալ էր։ Սակայն այժմ դրա վերջը հասել է։ Կանխատեսելով քաղաքի կործանումը՝ բնակիչները բազմամարդ խմբերով լքում են այն․ Նինվեի ղեկավար−պաշտպանների ոչ մի քաջալերող կոչ չի ազդում նրանց վրա։ Խուճապային սարսափը տիրել է բնակիչներին. որևէ մեկը ոչ միայն չի մտածում կանգ առնելու և քաղաքը պաշտպանելու մասին, այլև չի համարձակվում պարզապես հետ նայել (Երեմ․ 46։5)։ «Այսքան բազմամարդ բնակչություն ունեցող քաղաքի բոլոր բնակիչները միայն մեկ բան էին ցանկանում՝ փախչել՝ նույնիսկ առանց կանգնելու և հետ նայելու։ Քաղաքը նմանվում էր ջրով լի մի ավազանի, որից թափվում էր ավելցուկը» (Երանելի Թեոդորոս. «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 13-14)
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Նինուէի ջրերը նման էին աւազանի ջրերի. նրանք փախան քեզնից եւ տեղ չբռնեցին:
(Արարատ թարգ․) Նինվեն ջրերի ավազանի պես էր իր վաղեմի օրերից ի վեր. նրանք փախչում են. «Կանգնեցե՛ք, կանգնեցե՛ք» են ասում, բայց նրանց ուշադրություն դարձնող չկա։
(Գրաբար) Եւ ջուրք Նինուէի իբրեւ զջուրս աւազանի. եւ նոքա փախեան ի քէն՝ եւ ոչ կալան զտեղի,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: