Նավումի մարգարեության մեկնություն 3:2

Ա․ Լոպուխին

2-3. Լսվում են խարազանի շռինդը և պտտվող անիվների թակոցը, ձիերի վրնջոցը և սլացող մարտակառքերի աղմուկը։ [2] Սլանում է հեծելազորը, փայլում է սուրը, և շողշողում են աղեղները, բազմաթիվ սպանվածներ են և դիակների կույտեր․ դիակներին վերջ չկա, սայթաքում են իրենց դիակների վրա։ (Սինոդական թարգ․)
   
   Սակայն Նինվեի կործանման պատճառների վերաբերյալ մարգարեի մտորումները կարծես ընդհատվում են դրան թշնամու բանակի, ասես, արդեն լսելի ու տեսանելի մոտեցմամբ, և նա անօրեն Նինվեի վրա Աստծո դատաստանը իրականացնողների սրընթաց շարժման գեղեցիկ, կենդանի և արտահայտչականությամբ անկրկնելի պատկեր է ներկայացնում (եթե, իհարկե, մարգարեի խոսքը ընթերցվի եբրայերեն բնօրինակով)։ 2, 3−րդ համարների մասին երանելի Հերոնիմոսն ասում է․ «Եբրայերեն տեքստում պատերազմի պատրաստվող զորքի նկարագրությունն այնքան գեղեցիկ է և այնքան նման է պատկերի, որ իմ խոսքը շատ ավելի թույլ է» (Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության, Կիև, 1896, մաս 13, էջ 290)։ Լսվում են ձիերի մտրակների շառաչյունը, երկրաշարժի նմանվող մարտակառքերի անիվների աղմուկը, ձիերի դոփյունն ու վրնջյունը, մարտկառքերի արագ և սրընթաց շարժումը (տե՛ս համար 2), իսկ հետո հայտնվում է ինքը՝ թշնամին։ Բոցերի պես շողացող սրերով և կայծակի պես փայլփլող նիզակներով (տե՛ս համար 3։1) գեղաշար և անհաշվելի շարքեր կազմած սլանում են հեծյալները, իսկ այս ամենի վերջում, որպես նախորդի արդյունք, նոր, սարսափելի պատկերը է հանդես գալիս․ մարգարեն արյունահեղության մի սարսափելի վայր է տեսնում, իսկ դրա վրա՝ նախ բազմաթիվ ընկածներ, մահացու վիրավորվածներ և հոգեվարքի մեջ տառապողներ, իսկ հետո՝ դիակների ամբողջական կույտեր, մարմինների անթիվ բազմություն, որոնց վրա հնարավոր չէ չսայթաքել (տե՛ս համար 3։2)։ Այսպիսով՝ ցանկացած սպանության, (Ծննդ․ 9։6) առավել ևս թափված արյան ծովերի համար, «արյան քաղաքի» վրա կիրականանա Աստծո կողմից սահմանված փոխհատուցման օրենքը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Հարուածների ձայն, անուի շարժման ձայն, կառքերի շաչիւն, հեծեալների դոփիւն,
(Արարատ թարգ․) Ահա խարազանի շաչյունը և անիվի շռինդը, սրընթաց ձին և ցնցվող կառքը,
(Գրաբար) Ձայն հարուածոյ, ձայն շարժման անուոյ, շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց.