Ծննդոց գրքի մեկնություն 10:6

Ա. Լոպուխին

Քամի որդիներն են Քուշն ու Մեստրեմը, Փուդն և Քանանը: (Սինոդական թարգ․) [6]

   

    Քամի որդիները …  Քամն այստեղ անվանվում է չորս հիմնական ցեղերի նախահայր, որ սերվել էին նրա որդիներից և բնակություն հաստատել Հարավային Ասիայում ու Նեղոսի վերին հոսանքներում:

   Քուշը ... Հին հրեական անվանումն է Քուշ կամ Հուշ երկրի, LXX թարգմանության մեջ այն սովորաբար շփոթվել է առավել ուշ կիրառված «Եթովպիա» անվան հետ, բայց ասորական սեպագիր արձանագրություններում, համաձայն հրեական Սուրբ Գրքի, այն կոչվում է «Քուս», ինչին և համահունչ է դրա եգիպտական անվանումը`«Քես»: Աստվածաշնչյան զուգահեռների համադրումից պարզվում է, որ տվյալ անվանումով գոյություն է ունեցել երկու երկիր, մեկը` Բաբելոնի և Արաբական թերակղզու միջև (Ա Մնաց.1:8-10, Սաղ. 86:4), մյուսը` Աֆրիկայի հյուսիսարևելյան ափերին, մոտավորապես` ժամանակակից Նուբիի տեղում, Աբիսիանի ուղղությամբ (Ես.18:1, 20:3-5, Եզ. 30:4, Նավում 3:9):

   Այս ամենի լավագույն բացատրությունը տալիս են ասորական և եգիպտական հին արձանագրությունները: Առաջինի վկայությամբ քուշերը կամ քասդիները եղել են այն հնադարյան նախախալդերը, ովքեր հիմնական կորիզը դարձան այսպես կոչված շումերա-աքքադական ազգաբնակչության, որն էլ սկզբնավորողը եղավ հինավուրց խալդա-բաբելոնյան քաղաքակրթության ու մշակույթի: Ժամանակի ընթացքում այս քուշերը, հարկադրված լինելով սեմերին զիջելու այստեղի իրենց տարածքը, քոչվորական կենցաղավարության են անցնում արաբական անապատներում, որտեղից էլ 12-րդ դինաստիայի փարավոն Ուզերպիզե Առաջինի օրոք գաղթեցվում են Եգիպտոս (մոտ. 2000 թ. մինչև Ք.Ծ.) և բնակեցվում Նուբիում:

   Մեստրեմ… Աստվածաշնչում այս անունն ունի շատ որոշակի իմաստ. մատնանշում է հենց Եգիպտոսը: Այն իրենից ներկայացնում է Մեստր եզակի թվի երկակի ձևը (արևելյան լեզուների մի մասում գոյականն ունի երեք թիվ` եզակի, երկակի և հոգնակի թիվ, -  Թարգմանչի կողմից), որի համար հիմք է ծառայում այն, որ վերջինս աստվածաշնչում կիրառված է նշելու համար միայն ստորին Եգիպտոսը (Դ Թագ. 19:24, Ես. 19:6, 37:25): Էբերսը և այլ գիտնականներ ենթադրում են, որ երկակի թիվը ընդամենը գաղափար է տալիս երկու` վերին ու ստորին Եգիպտոսների գոյության մասին, մյուս գիտնականներն, ի դեպ, դրա ծագումը պայմանավորում են սահմանային այն երկշարք պարիսպներով, որով Եգիպտոսն անջատված էր Արաբական թերակղզուց, և որի անունով էլ ասիացի սեմերը անվանել են պարսիպներից այն կողմ գտնվող ողջ երկիրը: Իրենք՝ եգիպտացիներն, իրենց երկիրը կոչել են Քեմի կամ Կեմի երկիր, որը շատ մոտ է աստվածաշնչյան Քամ անվանը:

   Ի դեպ, խեթական դարաշրջանի (հիքսոսների դար) գաղափարագրերից մեկում վերջերս հայտնաբերվել է Եգիպտոսի աստվածաշնչյան անվանը համարժեք «Մեստրեմա» ձևը:

   Փուդ... Մարգարեների մոտ այս ազգատոհմը նշվում է աֆրիկյան ժողովուրդների շարքում (Եր. 46:9, Եզ. 30:05, Նավում` 3:9): Հովսեփ Փլաբիոսի և հնագույն տեքստերի համաձայն կարելի է ենթադրել թե սա հենց հին եգիպտական Թետն է, այն է` Լիբիան` Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում` Նուբիի հարևանությամբ:

   Քանան... Քամի որդիներից կրտսերը, ում սերունդները մնացել են Ասիայի սահմաններում և բնակեցրել Պաղեստինը,  մինչև  որ Հեսու Նավեի օրոք, հրեաները նվաճեցին այդ տարածքը: Քանանի զբաղեցրած տարածքի մասին հանգամանալից տես` ստորև, 15-19 համարները:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Քամի որդիներն են Քուշն ու Մեստրեմը, Փուդն ու Քանանը:
(Արարատ թարգ․) Եվ Քամի որդիներն էին Քուշը, Մեստրեմը, Փուդը և Քանանը:
(Գրաբար) Եւ որդիք Քամայ՝ Քո՛ւշ, և Մեստրեմ, Փո՛ւդ, և Քանան։