Ա. Լոպուխին
Քուշի որդիներն են Սաբան, Եվիլան, Սաբաթան, Ռեգման և Սաբակաթան: Ռեգմայի որդիներն են Սաբան և Յուդադանը: (Սինոդական թարգ․) [7]
Քուշի որդիներն են Սաբան ... Այս անունը, չնայած ուղղագրական ինչ-ինչ տարբերություններին (Սեբա, Շեբա), հանդիպում է սույն ծագումնաբանության մեջ և մեկ անգամ էլ Սեմի սերունդների թվարկման մեջ. հենց այստեղից էլ ծագում են խնդիրներ` այս կամ մյուս սաբաների տարածքը սահմանազատելու և տեղորոշելու գործում: Բոլորից առավել ճշմարտանմանը Հ. Փլաբիոսի վկայությունն է, այն մասին որ քուշերի Սաբան գտնվել է Նուբիի հյուսիսում` Մերոեի շրջանում («Հուդայական հնություններ», 2, 10, 2), թեպետ սա բնավ չի բացառում այն ենթադրությունը, որ այս սաբերը, նախքան Աֆրիկայում վերաբնակվելը, ապրելիս են եղել ինչ-որ տեղ Ասիայում, օրինակ` Եմենում կամ էլ Հարավային Արաբիայում, ինչպես մտածում է Սուրբ Հիերոնիմոսը: Այս երկու վարկածներին էլ նպաստում է Սուրբ Գիրքը, մի կողմից` Սաբան հարավային հեռավոր երկիր համարելով (Սաղ. 71:10, Ես. 43:3, 45:14), մյուս կողմից` այն միացնելով Քուշին կամ Եթովպիային (չշփոթել այս Քուշ երկիրը Միջին Ասիայի Քուշանաց երկրի հետ, - Թարգմանչի կողմից):
Եվիլա ... Դասականների (Պտղոմեոս, Պլինիուս, Մարցիլիուս և այլք) պարզ վկայությամբ եվիլներն զբաղեցնում էին աֆրիկյան այն ափը, որ սահմանակից էր Բաբ Էլ Մանդեբի նեղուցին: Հովսեփ Փլաբիոսը սրանց նույնացնում է Լիբիական անապատի օազիսներում բնակվող ղետուլների հետ («Հուդայական հնություններ», 1, 5, 2): Աստվածաշնչի նույնչափ վճռական վկայությունները (Ծննդ. 25:18), սակայն, մեզ հարկադրում են այս երկիրը որոնելու Ասիայում` Տիգրիս և Եփրատ գետերի ավազանում: Հիշյալ տվյալները փոխհաշտեցնելուն է ուղղված այն ենթադրությունը, թե եղել է երկու երկիր` ճիշտ նույն անվամբ և նույն բնակչությամբ. մեկը ասիականը` նրանց բնօրրանը, մյուսը` աֆրիկյանը, ասպարեզ եկած շատ ավելի ուշ` որպես տեղահանության հետևանք: Ահավասիկ, այստեղ ևս կրկնվում է այն պատմությունը, ինչ Քուշ և «Սաբա» երկրների հետ, երբ գաղութն ու մայրաքաղաքը կրում են միևնույն անվանումը և հաճախ մինչևիսկ փոխատեղվում դերերով:
Սաբաթա … Ըստ Հովսեփ Փլաբիոսի ենթադրության` այս անունով նշվում էր ասթաբարների ցեղախումբը, որ բնակվում էր Եթովպիայի այն վայրում, որն այսօր Աթբարա է կոչվում, իսկ հնում կոչվում էր Ասթաբար: Պտղոմեոսի և նորագույն մեկնիչների կարծիքով, սակայն, այստեղ նկատի է առնված Սաբա (կամ Սաբբաթա) քաղաքը` Արաբիայի գլխավոր քաղաքը:
Սաբակաթա(Սեբեթաքա) ... Կեղծ Հովնաթանյան թարգումի համաձայն սա սևամորթների գավառներից մեկն է` քաջ հայտնի հին եգիպտական արձանագրություններից, որոնցում այն հանդիպում է Սուբաթոք անունով: Սա տարածված էր Պարսից ծոցի արևելյան ափին` Կարամանիի շրջանում:
Ռեգմա(Ռիգմա): Ռեգմայի որդիներն են Սաբան և Յուդադանը(Դեդանը)…Ռեգմային և նրա որդիներին որոշելուն ամենից ավելի օգնում է Եզեկիել մարգարեն, ով հաղորդում է Սաբայի և Ռեգմայի վաճառականների ու Դեդանի առևտրի մասին (Եզեկ. 27:15, 22, 38:13), որոնք առևտրի մեջ էին Տյուրոսի` Փյունիկիայի մայրաքաղաքի հետ: Այս տեղեկություններից էլ գիտնականները եզրակացնում են, որ վերոնշյալ երեք ժողովուրդները բնակվում էին Արաբիայի ծովեզրյա տարածքներում, որ փառաբանված էին իրենց բնական պաշարներով և ունեին բոլոր հարմարություններն առևտուրը զարգացնեու համար: Սուրբ Գրքում կան նաև առավել մասնավոր նշումներ Սաբայի` որպես Արաբիայի գլխավոր քաղաքի վերաբերյալ (Գ Թագ. 10:1, 1:15, 6:19, Ps. 71:10, 15. Ես. 60:6, Եր. 6:20, Եզ. 27:22, Հովել, 3:8), և Դեդանի մասին, որ Պարսից ծոցի ափին էր գտնվում (Ես. 21:13, Եր. 49:8, Եզ. 25:13, 27:15): Հնարավոր է որ աստվածաշնջյան Դեդանը գտնվելիս է եղել հենց այն նույն տեղանքում, որտեղ այժմ ցտնվում է Դադենը: Այսպիսով, քուշերի ողջ ազգաբնակչությունն զբաղեցնում էր Արաբիայի հարավային, Աֆրիկայի արևելյան և Պարսից ծոցի հյուսիսային շրջանները, ընդ որում` քուշ շատ ցեղեր իրենց կազմից առանձնացումներ էին անում Աֆրիկայում վերաբնակեցնելու նպատակով, ինչի արդյունքում էլ առաջացել է համանուն երկու երկիր, մեկը` Ասիայում, մյուսը` Աֆրիկայում:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Քուշի որդիներն են Սաբան, Եւիլան, Սաբաթան, Ռեգման եւ Սաբակաթան: Ռեգմայի որդիներն են Սաբան եւ Յուդադանը:
(Արարատ թարգ․) Եվ Քուշի որդիներն էին Սաբան, Եվիլան, Ռիգման և Սեբեթաքան: Եվ Ռիգմայի որդիներն էին Սաբան և Պիթանը:
(Գրաբար) Եւ որդիք Քուշայ Սաբա, և Եւիլա, և Սաբաթա, և Ռեգմա, և Սաբակաթա։ Եւ որդիք Ռեգմայ, Սաբա և Յուդադան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: