Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Իմ լուծը վերցրե՛ք ձեզ վրա ու սովորե՛ք Ինձանից, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և հանգստություն կգտնեք ձեր հոգիներին»։
«Մի՛ վախեցեք, - ասում է Հիսուս, - երբ լսեք «լուծ» բառը. այն քաղցր է։ Մի՛ սարսափեք՝ լսելով «բեռ» բառը. այն թեթև է»։
Իսկ ինչպե՞ս էր Հիսուս նախկինում ասել՝ «Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը» (Մատթ. 7:14)։ Դա ա՛յն դեպքում, երբ անփույթ լինես, երբ հուսահատվես։ Իսկ ահա եթե կատարես քեզ պատվիրվածը, այդժամ բեռը թեթև կլինի. ահա թե ինչու է Քրիստոս այստեղ բեռը «թեթև» անվանում։
Եվ արդյո՞ք մեզ համար էլ հնարավոր դա կատարելը։ Այո՛, եթե խոնարհ լինես, լինես հեզ և համեստ։ Խոնարհությունն ամեն տեսակ իմաստության մայրն է։ Դրա համար էլ, ինչպես որ Իր աստվածային օրենքների առաջին իսկ հրապարակման ժամանակ Հիսուս սկսեց խոնարհությունից (տե՛ս Մատթ. 5:3-5), այդպես էլ այստեղ Նա նույնն է անում, և դրա (խոնարհություն ցուցաբերելու) համար էլ մեծ վարձատրություն է խոստանում։
«Ոչ միայն ուրիշներին օգուտ կտաս, - ասում է Փրկիչը, - այլև, նախ և առաջ, ինքդ քե՛զ հանգստություն կբերես. «Հանգստություն կգտնեք ձեր հոգիներին» (Մատթ. 11:29)։
Գալիք վարձատրությունից առաջ Հիսուս քեզ վարձ է տալիս արդեն իսկ այստեղ և պարգև է առաջարկում քեզ համար, ու դրանով իսկ, ինչպես նաև՝ Իրեն որպես օրինակ ներկայացնելով, Քրիստոս Իր խոսքը դյուրապես ընդունելի է դարձնում։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք,
Իմ լուծը ձեզ վրա՛ առեք և սովորե՛ք Ինձնից, որ սրտով հեզ եմ ու խոնարհ:
Հանգստանալու կերպն է ցույց տալիս՝ «Իմ լուծը ձեզ վրա՛ առեք», և «լուծ» է կոչում հեզությունն ու խոնարհությունը, որոնք, ասում է, սովորեք Ինձնի՛ց: Որովհետև ինչպես եզն է հեզությամբ ու խոնարհությամբ լուծ կրելով ու չարչարվելով ամռանը՝ հանգստանում ձմռանը, այդպես էլ դուք, հեզ ու հանդարտ խոհեմությամբ և սրտի խոնարհությամբ կրելով Իմ օրենքի լուծը, կթեթևանաք մեղքերից, որով ձմեռային գալիք Օրը, որը ոչ թե գործի ժամանակ է, այլ հատուցման, կարժանանաք հանգստյան: Եվ իբրև սրա օրինակ ընդունեք Ինձ, որովհետև հենց դա է ուսուցչի գործը՝ իր անձով ցույց տալ ուսուցանածը, որպեսզի այն դյուրընկալ լինի: Նաև, որպեսզի չկարծես, թե կթուլանաս, երբ հեզ ու խոնարհ լինես՝ մեղքերին չհետևելով և չարչարողներից վրեժ չառնելով, Ի՛նձ նայիր և Իմ ուսմունքի՛ց սովորիր, թե որքան բարի են հեզությունն ու խոնարհությունը, որովհետև «ով խոնարհեցնում է իրեն, կբարձրանա» (Մատթ. 23։12), և՝ «Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթ. 5։5) վերին, որովհետև Դավիթը դրանով պանծաց (Սաղմ. 131։1), Աստծո ծառա Մովսեսը [հեզ] վկայվեց (Թվեր 12։3): Ինչպես ովքեր իջնում են երկրի հատակը, ոսկի են դուրս բերում, այդպես էլ ովքեր խոնարհությամբ են զգեստավորվում, ոսկեղենիկ առաքինությունն են իրենց վրա ցույց տալիս՝ Տիրոջ պատմուճանը:
Իսկ «սրտո՛վ» [խոնարհ] է ասում, որովհետև շատերն են արտաքուստ խոնարհ ձևանում և մտքով հպարտանում: Այսպիսիներին [Աստված] մերժում է, իսկ «հոգով խոնարհ ներին փրկում» (Սաղմ. 33։20), և «խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմ. 50։19):
Եվ հանգիստ կգտնեք ձեր անձերին:
Երկու շնորհ է խոստանում: Մեկը՝ որ ոչ թե մի ուրիշի, այլ ամենից առաջ քե՛զ համար ես հանգիստ գտնում, և երկրորդ՝ նախքան հանդերձյալ [կյանքն] արդեն իսկ այստեղ ես պարծանքի պսակ կազմում [քեզ համար]՝ ո՛չ ըստ քո վաստակի չափի, այլ բյուրապատիկ, անսպասելի փառքով, ինչպես գյուտի ժամանակ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:25
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: