Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:5

Հովհաննես Ծործորեցի

կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է Աւետարանը:

 

    Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հառնում :

    Սրանով իրականացնում է Եսայու մարգարեությունը. «Կույրերի աչքերը կբացվեն, խուլերի ականջները կլսեն, կաղը կվազի եղջերվի պես» և այլն (Ես. 35։5-6), բայց դու այս խոսքը երկու իմաստո՛վ հասկացիր: Թեպետ փոքրից սկսելով մինչև բարձրագույն հրաշքներն է թվում և վերջում իբրև կնիք դնելով ասում՝ «մեռելները՝ հառնում», սակայն ոչ միայն մեղքից դեպի արդարություն, այլև մահվանից՝ անմահություն, քանի որ դա է Միածնի բոլոր բարիքների գագաթնակետը, որով Նա հայտնեց ոչ միայն Իր [Աստված] լինելը, այլև թե ինչի՛ համար էր եկել: Որովհետև Ադամից սերված մեղքը մարդկանց մեջ տարածվեց, և նրանով [սկիզբ առած] մահը, [ասում է Տերը], Ինձնով է խափանվում, որպեսզի Իմ մասնավոր հարության առհավատչյայով հավատաք նաև ամենքի հարությանը:

    Եվ աղքատները՝ ավետարանվում:

    Հրաշքներից մեկն էլ սա է, որ աղքատներն ու տգետները կարգվել են երկնքի բարիքների ավետարանիչ: [Տերը սա] նրանց մասին էր ասում, որոնց ուղարկել էր քարոզության, որովհետև այնպիսի ժամանակ տնօրինվեց [Հովհաննեսի աշակերտների] այցելությունը, որ Տիրոջ աշակերտները նույնպես չերկմտեին: Նաև Հին [ուխտում] հարստությունն ու նյութական երկրի ժառանգությունն էին ավետարանվում Մովսեսի և այլ մարգարեների կողմից, իսկ այժմ աղքատությունն է քարոզվում ու գովաբանվում՝ ըստ այսմ. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5։3): [Տերը] սրանով Իր զորությունն է հայտնում, քանի որ աղքատությամբ շնորհում է հարստություն: Այլև մեղքերից աղքատությունն է ավետարանվում, որովհետև եկել է մեղքերը Վերացնողը՝ ըստ ձեր ուսուցչի 600 քարոզության:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է Աւետարանը
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:2